Մոնսերատ Կաբալյեին է՞լ է սպառնում Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակը»

Մոնսերատ Կաբալյեին է՞լ է սպառնում Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակը»

PanARMENIAN.Net - Վերջերս աճում է այն համոզմունքը, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն, ինչպես նաև Գիտությունների ակադեմիայի բազմաթիվ ինստիտուտները զբաղված են բացառապես նրանով, որ համացանցում որոնում են ցանկացած հիշատակում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին ու «հետաքննություն» սկսում: Վերջին «հետաքննությունը» վերաբերում է օպերային արվեստի համաշխարհային աստղ Մոնսերատ Կաբալյեին, որը հունիսի 9-ին համերգով հադես է գալու Երևանում, ինչպես նաև վարպետության դասեր է տալու: Որոշ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ հավանաբար Կաբալյեն համերգ կտա նաև Արցախում: Եվ սկսվեց: Ինչպես հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, «Ադրբեջանի ԱԳՆ-ն կուսումնասիրի հայկական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունն այն մասին, որ հայտնի իսպանական օպերային երգչուհի Մոնսերադ Կաբալյեն համերգ է տալու Ադրբեջանի «գրավյալ տարածքներում»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը:

Որքան էլ տարօրինակ է, այն հարցը` կերգի Կաբալյեն Ստեփանակերտում, թե՝ ոչ, երկրորդական է: Մեկ բան է հետաքրքիր՝ տեղյա՞կ է արդյոք մեծ երգչուհին, որ նրան սպառնում է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակը» և փնովումը Ալիևին ենթակա ԶԼՄ-ներում: Իսկ քանի որ այլ ԶԼՄ-ներ Ադրբեջանում ուղղակի չկան, ապա պարզ է, որ ողջ մամուլը մեղադրում է երգչուհուն բոլոր մահացու մեղքերի մեջ, որոնց թվում է նաև աջակցությունը «անջատողականներին»:

Հարց է առաջանում՝ ի՞նչ տեղի կունենա, եթե Ստեփանակերտ մեկնի ոչ թե համաշխարհային անունով աստղը, այլ ցանկացած երկրի ԱԳՆ ղեկավարի մակարդակի քաղաքական գործիչը: Մի՞թե կխզվեն դիվանագիտական հարաբերությունները և այդ քաղաքական գործիչը կհայտարարվի «անցանկալի անձ»: Նշենք, որ «Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակում» են ընդգրկված հարյուրավոր դիվանագետներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ Եվրոպայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից ու Կանադայից: Ամեն դեպքում Մոնսերադ Կաբալյեն կհայտնվի շատ պատշաճ շրջապատում տասնյակից ավելի ֆրանսիացի խորհրդարանականների, դիվանագետների ու ռուս պատգամավորների հետ միասին:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---