Ավարայրի ճակատամարտը․ Հայկական հոգու հաղթանակը

Ավարայրի ճակատամարտը․ Հայկական հոգու հաղթանակը

PanARMENIAN.Net - 451 թ․-ի մայիսի 26-ին Վասպուրականի Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայրի դաշտում՝ Ավարայր գյուղի մոտ տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը։

Պարսկական զորքը (80–90 հզ. զինվոր, 13 մարտական փիղ) Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ անցել էր Հեր և Զարևանդ գավառներն ու շարժվում էր դեպի երկրի խորքը: Նրանց գլխավոր խնդիրն էր ճնշելն հայերի ապստամբությունը, իրականացնել հայոց դավանափոխության ու ներքին ինքնավարության ոչնչացման ծրագիրը: Ապստամբության առաջնորդ Վարդան ՄամիկոնյանըԱրտազ գավառի հարավում կենտրոնացրել էր հայկական կանոնավոր զորքը և աշխարհազորը (մոտ 66 հզ. մարդ), իսկ պարսիկները բանակել էին Տղմուտ գետի աջ ափին: Մայիսի 25-ին հայկական բանակը դիրքավորվել էր հակառակորդի ճամբարի դիմաց:

Մայիսի 26-ին՝ վաղ առավոտյան, Ավարայրի դաշտում հակառակորդներն ընդունեցին մարտական դրություն. սպարապետ Վարդան Մամիկոնյանը բանակի աջ թևը հանձնեց Խորեն Խորխոռունուն, ձախը՝ Թաթուլ Վանանդեցուն, կենտրոնը՝ Ներշապուհ Արծրունուն, պահեստազորը՝ Արշավիր Կամսարականին ու Համազասպ Մամիկոնյանին: Ճակատամարտը սկսվեց նետաձգությամբ, նիզականետությամբ և փոխադարձ գրոհով: Հասնելով գետին` պարսիկները սպասում էին, իսկ հայերն անցնում գետն ու ամբողջ ճակատով մարտի բռնվում: Հայոց այրուձին թևերից մխրճվեց թշնամու մարտակարգի մեջ:

Պարսից բանակի ձախ թևն ու կենտրոնը նահանջցին՝ աջ թևն ընկճելով Թաթուլ Վանանդեցու զորամասին: Սպարապետը պահեստազորի մի մասը՝ Արշավիր Կամսարականի գլխավորությամբ, նետեց կենտրոն՝ այնտեղ ճնշումն ուժեղացնելու համար, մնացած մասով օգնության շտապեց ընկրկող ձախ թևին և հետ շպրտեց թշնամուն: Զարգացնելով գրոհը՝ Վարդան Մամիկոնյանը շրջանցեց պարսիկների կենտրոնական զորամասերը, կռվի բռնվեց նրանց պահեստազորի հետ և խուճապի մատնեց: Սակայն հակառակորդի պահեստազորը՝ «Մատյան գունդը», և նահանջող աջ թևը վերադասավորվեցին և շրջապատեցին իրենց թիկունք թափանցած հայկական հեծելագունդը: Անհավասար մարտում զոհվեց նաև Վարդան Մամիկոնյանը:

Հայկական զորքերը, կատարելով իրենց մարտական առաջադրանքը, երեկոյան քաշվեցին Տղմուտի ձախ ափը, ապա նահանջեցին երկրի խորքը: Ճակատամարտում զոհվեց 1036 հայ և 3544 պարսիկ: Պարսից արքունիքը, տեսնելով հայերի հերոսական կամքը, ստիպված էր Հայաստանից հետ կանչել իր զորքերը:

Ավարայրի ճակատամարտում զոհված մարտիկները դասվել են Հայաստանյայց առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքին և կոչվում են Սուրբ Վարդանանք: Նրանց հիշատակը նշվում է ամեն տարի փետրվար-մարտ ամիսներին՝ Բուն բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---