Քաղաքապետարանը կարևորում է թափառող կենդանիների վնասազերծման համալիր ծրագրի իրականացումը

Քաղաքապետարանը կարևորում է  թափառող կենդանիների վնասազերծման համալիր ծրագրի իրականացումը

PanARMENIAN.Net - Թափառող կենդանիների ուղղությամբ իրականացվող ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Կենդանաբույժների համաշխարհային ծառայության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որոնք Երևանում են բրիտանական «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի, «Կենդանաբույժների համաշխարհային ծառայություն» միջազգային կազմակերպության ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ ընտանի կենդանիների ստերջացման թեմայով մայիսի 25-ից մինչև հունիսի 4–ը Երևանում անցկացվող 10-օրյա դասընթացների կազմակերպման նպատակով: Ողջունելով հյուրերին Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանը կարևորում է թափառող կենդանիների վնասազերծման համար համալիր ու ժամանակակից ծրագրերի իրականացումը մայրաքաղաքում. «Քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է լսելու ցանկացած առաջարկություն ու իր լիազորությունների շրջանակում գործուն աջակցություն ցուցաբերել այդ ծրագրերի իրականացման հարցում: Խնդիրն իսկապես արդիական է Երևանի համար և մենք կարևորում ենք այս հարցում միջազգային կառույցների հետ համագործակցությունը»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Կենդանաբույժ վիրաբույժների թագավորական դպրոցի անդամ Մել Կավանան առանձնակի կարևորել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությունը Երևանում ընթացող դասընթացների կազմակերպման հարցում և համագործակցության պատրաստակամություն է հայտնել ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ կոնկրետ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Բրիտանական «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը հյուրերի անունից շնորհակալություն հայտնելով քաղաքապետին՝ կենդանիների պաշտպանությանն ուղղված միջազգային ծրագրերին գործուն աջակցություն և պատշաճ ուշադրություն հատկացնելու համար, ընդգծել է, որ այս ծրագիրը հնարավորություն կընձեռի միջազգային խոշորագույն կենդանապաշտպան կազմակեպությունների փորձն ուսումնասիրելու և Երևանում այն կիրառելու հարցում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին կարևորելով թափառող կենդանիների խնդրի կարգավորումը, հույս է հայտնել, որ օտարերկրյա մասնագետների փորձը շատ օգտակար կլինի Երևանի համար և, որ այս հարցում միջազգային համագործակցությունը գործնական ընթացք կստանա, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---