Պարարտանյութի բաշխման գործընթացն արդեն հիմնականում ավարտվել է

Պարարտանյութի բաշխման գործընթացն արդեն հիմնականում ավարտվել է

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը ներկայացվեց հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվեց, որ պարարտանյութի բաշխման գործընթացն արդեն հիմնականում ավարտվել է: Փոխվարչապետը մարզպետներին տեղեկացրեց, որ ՀՀ տարածքային կառավարման և ֆինանսների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումները համատեղ ուսումնասիրություն են իրականացնելու` ծրագրերի արդյունավետության, նպատակային իրականացման վերաբերյալ և հորդորեց մարզպետներին հետևել, որպեսզի ծրագրերը ծառայեն բացառապես կառավարության կողմից սահմանված նպատակին:

Խորհրդակցությանը զեկուցվեց նաև մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի ընթացքի մասին: Նշվեց, որ ներկայումս իրականացվել է ծրագրով նախատեսված աշխատանքների մոտ 60 տոկոսը: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց աշխատանքները պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում, հետևողական լինել որակի և ժամկետների հարցում:

Քննարկվեց նաև համայնքներում աշխատավարձերի գծով կուտակած պարտքերի խնդիրը: Ա. Գևորգյանը Գեղարքունիքի և Սյունիքի մարզպետների ուշադրությունը հրավիրեց Սևան և Մեղրի քաղաքներում աշխատավարձերի գծով կուտակած պարտքերի հարցին` առաջարկելով քայլեր ձեռնարկել սեղմ ժամկետներում խնդիրը կարգավորելու ուղղությամբ:

Մարզպետները նաև տեղեկություններ ներկայացրեցին վերջին օրերին եղանակային վատ պայմանների, մասնավորապես, կարկտահարության հետևանքով մարզերում առաջացած խնդիրների մասին: Արմավիրի մարզպետը զեկուցեց մայիսի 12-ին կարկուտից տուժած համայնքներին կառավարության կողմից ցուցաբերվող օժանդակության ծրագրի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին: Ա. Գևորգյանն առաջարկեց աշխատել ՀՀ տարածքային կառավարման, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչների հետ և սեղմ ժամկետներում ավարտել շահառուների ցուցակների կազմման աշխատանքները` ծրագրի իրականացումն սկսելու համար: Խորհրդակցությանը քննարկվեցին նաև ընթացիկ մի շարք այլ հարցեր, ասվում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---