25 հունվարի 2006 - 14:07 AMT
Ա.Ղուկասյանը չի կարծում, որ Քոչարյան-Ալիեւ հանդիպումը կարող է ճակատագրական լինել
Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը չի բացառում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպումը Փարիզում կարող է որոշակի արդյուքներ գրանցել մի շարք հարցերի առումով: ԵԱՀԿ Գործող նախագահ Կարել դե Գուխտի հետ հանդիպումից հետո, որը Երեւանում է գտնվում պաշտոնական այցով, Լեռնային Ղարաբաղի ղեկավարը հայտարարել է լրագրողներին, որ բանակցությունների շարունակումը շատ կարեւոր է, քանի որ բանակցողը միշտ իրավացի է: «Այդ տեսակետից ես ողջունում եմ ցանկացած հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ: Սակայն, ես չեմ կարծում, որ հանդիպումը ճակատագրական կլինի, սակայն չեմ էլ բացառում, որ որոշ հարցերի շուրջ կարող է համաձայնություն ձեռք բերվել»,-ընդգծել է Արկադի Ղուկասյանը:

Նրա խոսքերով, «մենք բոլորս ցանկանում ենք, որ հակամարտությունը խաղաղ լուծում ստանա, քանի որ դրա այլընտրանքը պատերազմն է, իսկ պատերազմը ամենաահավոր բանն է, որից պետք է խուսափել»: Ընդ որում Լեռնային Ղարաբաղի նախագահը մատնանշեց, որ անհրաժեշտ է ԼՂՀ շուտափույթ ներգրավումը բանակցային գործընթացին: «Ես բանաձեւ ունեմ, որը մինչ այժմ արդարացրել է իրեն: Երբ Ադրբեջանը բանակցություններ է վարում Հայաստանի հետ եւ հրաժարվում է ԼՂՀ հետ երկխոսությունից, պարզ է, որ նպատակը մեկն է` Հայաստանին ագրեսոր ներկայացնել: Ես դա քարոզչություն եմ համարում: Հենց որ Ադրբեջանը բանակցություններ սկսի ԼՂՀ հետ, ակնհայտ կդառնա, որ Բաքուն փորձում է հեռանալ քարոզչությունից եւ ավելի շատ խոսել հակամարտության կարգավորման մասին: Եթե ադրբեջանական կողմը իրոք ցանկանա կարգավորել հարցը, ապա նա կարագացնի երկխոսության հաստատումը ԼՂՀ հետ»,-հայտարարել է Արկադի Ղուկասյանը: «Առանց ԼՂՀ մասնակցության անհնար է գտնել անմիջապես Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերի լուծումները: Իհարկե, հանդիպումները ԵԱՀԿ նախագահի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ շատ կարեւոր են, սակայն դրանք չեն կարող փոխարինել կողմերի անմիջական բանակցությունները»,-նշել է Ա.Ղուկասյանը: Նրա խոսքերով, նման դիրքորոշումը ստացել է ԵԱՀԿ Գործող նախագահի հավանությունը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: