ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ափսոսում են, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ

ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ափսոսում են, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որոնք զբաղվում են ղարաբաղյան կարգավորման հարցով, խորապես ափսոսում են, որ հակամարտության կողմերը չկարողացան հասնել խնդրի լուծման:

«Մենք խորապես ափսոսում ենք, որ բանակցային գործընթացի ընթացքում կողմերի փոխշահավետ լուծում գտնելու փորձերի փոխարեն, շարունակել են ձգտել միակողմանի շահ ստանալ»,-ասվում է երեք նախագահներ Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի ու Ֆրանսուա Օլանդի համատեղ հայտարարության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Վստահ ենք, որ հավասարակշռված շրջանակային պայմանավորվածությունների ձեռք բերման հետաձգումն անընդունելի է ու կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին նոր էներգիայով կենտրոնանալ այն հարցերի լուծման վրա, որոնք դեռևս բաց են մնում»,-ասվում է փաստաթղթում:

Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան վստահություն են հայտնել, որ չորս տարի առաջ այդ առնչությամբ արված հայտարարությունները «պետք է հիմք ծառայեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար ու կայուն կարգավորման համար»: Ըստ երեք երկրների նախագահների, «այդ դրույթները անհրաժեշտ է դիտարկել որպես միասնական ամբողջություն, քանի որ դրանցից մեկին նախապատվություն տալու ցանկացած դեպք բացառում է հավասարակշռված որոշում կայացնելու հնարավորությունը»:

«Մենք վճռականորեն հորդորում ենք բոլոր կողմերի ղեկավարներին մեկ անգամ ևս հաստատել հավատարմությունը Հելսինկյան սկզբունքներին, մասնավորապես, ուժի չկիրառման կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի վրա»,-ասվում է նախագահների համատեղ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---