Երևանի և Ստեփանակերտի շտապբուժօգնության ծառայությունները համագործակցում են

Երևանի և Ստեփանակերտի շտապբուժօգնության ծառայությունները համագործակցում են

PanARMENIAN.Net - Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև կնքված համագործակցության ծրագրի շրջանակում, ԼՀՂ մայրաքաղաքի շտապբուժօգնության ծառայությանը տեխնիկական և մեթոդական աջակցություն ցուցաբերելու նպատակով, «Երևանի Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի մասնագետները հունիսի 23-ից գտնվում են Ստեփանակերտում: ԼՂՀ մայրաքաղաքի «Շտապբուժօգնության» կայանի բժիշկների հետ համատեղ Երևանից ժամանած մասնագետները մասնակցում են կանչերին, ցուցաբերում բժշկական անհրաժեշտ օգնություն` տեղում իրականացնելով փորձի փոխանակում: Անցկացվում են նաև դասախոսություններ:

Հյուրընկալելով Երևանից ժամանած բժիշկներին՝ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել բժիշկներին պատրաստակամության և ցուցաբերվող աջակցության համար, ապա նաև կարևորելով համանուն առողջապահական կառույցների միջև սկիզբ առած փոխգործակցությունը՝ հույս է հայտնել, որ նման այցերը կլինեն շարունակական, և Ստեփանակերտի շտապօգնության կայանի գործունեությունն աստիճանաբար կհամապատասխանեցվի ժամանակակից պահանջներին:

«Երևանի Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել է այցի շրջանակում իրականացվող աշխատանքներն ու նշել, որ երկու մայրաքաղաքների համապատասխան ծառայությունների միջև համագործակցության բոլոր ծրագրերն ու դրանց շարունակականությունը գտնվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում: Հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂՀ առողջապահության փոխնախարար Արմեն Խաչատրյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հետագա ծրագրերի հետ կապված հարցեր: Ծրագրի հերթական փուլը շարունակվելու է մինչև հունիսի 26-ը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---