ՀՀ նախագահ. Չկա դատապարտում առանց կանխարգելման և չկա կանխարգելում առանց դատապարտման26 հունիսի 2013 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր այցելել է Լյուբելեցկի մարզ՝ Լյուբլին քաղաքի հարևանությամբ գտնվող Մայդանեկ նախկին համակենտրոնացման ճամբար, որն այժմ վերածվել է թանգարանային համալիրի: Պատվո պահակախմբի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը համալիրի դամբարանում ծաղկեպսակ է դրել հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել համակենտրոնացման ճամբարում նացիստների կողմից վայրագաբար ոչնչացված տասնյակ հազարավոր զոհերի հիշատակին և գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում: Համալիրի համաժողովների կենտրոնում Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Նախագահն այնուհետև մեկնել է Զամոսչ քաղաք, շրջայց կատարել քաղաքի կենտրոնում, այցելել քաղաքի թանգարան և Զամոսչի «Հայկական փողոցում» դիտել հայերի կողմից կառուցված շենքերը: Ավելի ուշ քաղաքապետարանի «Կոնսուլատ» դահլիճում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա լեհահայ համայնքի պատվիրակների հետ: Նախագահ Սերժ Սարգսյանն ելույթ է ունեցել Մայդանեկի նախկին համակենտրոնացման ճամբարի թանգարանային համալիրում: Նա մասնավորապես ասել է. «Մայդանեկի հուշահամալիրում այսօր մենք գլուխ ենք խոնարհում տասնյակ հազարավոր անմեղ նահատակների հիշատակի առջև: Նահատակներ, որոնց մեծամասնությունը նույնիսկ շիրիմ չունեցավ: Այցելելով Մայդանեկ, դժվար է անվրդով մնալ` խեղդելով փոթորկված զգացմունքներն ու հույզերը: Սակայն, Մայդանեկի և մարդկային տանջանք պարփակող նմանօրինակ վայրերի յուրահատկությունը, հավանաբար, հենց նրանում է, որ առաջին հայացքից համր ու անխոս այս կոթողները աշխարհասփյուռ ճիչ են` դժոխային անողոքություններ ծնած մարդկային խեղված բանականության մասին: Համոզված եմ, որ ինչպես ինձ, այնպես էլ յուրաքանչյուրի մոտ Մայդանեկ այցելելիս առաջանում է պարզագույն մի հարց. այն է` «ինչպե՞ս»: Ինչպե՞ս կարող է մարդ արարածն իր տեսակի նկատմամբ նման դաժանություն իրագործել` իրեն համարելով վերադաս դիմացինի և ամենակարող` մարդկության հանդեպ: Միգուցե սրանք պարզամիտ հարցեր են` իրենցից բխող պարզունակ պատասխաններով, թեև, հավատացած եմ՝ նման սոսկալի ոճիրի կանխարգելման լավագույն ձևերից մեկն էլ ժամանակ առ ժամանակ այդ հարցն ինքներս մեզ ուղղելն է: Սա կարևոր քայլ է ոչ միայն հետադարձ հայացք դարձնելու և պատմական փաստերին հերթական անգամ գնահատական տալու տեսանկյունից, այլև այս կերպ կարելի է գտնել նմանօրինակ ոճրագործության սանձազերծումը մեկընդմիշտ կանխող և դատապարտող համընդհանուր բանաձևը: Իրողության կոծկումից ու ժխտումից մինչև հանցավոր լռություն և անտարբեր հանդուրժողականություն` ահա այսպիսի պայմաններում են տեղի ունենում մարդկության պատմության ծանրագույն ոճիրները: Մայդանեկը կարող էր և գոյություն չունենալ, եթե ժամանակին հայերի դեմ իրականացված XX-րդ դարի առաջին ցեղասպանությունն արժանանար համընդհանուր դատապարտման, իսկ մեղավորները կրեին իրենց հասանելիք պատիժը: Ինչպես կարող եմ չհիշել համամարդկային արժեքների և ժողովուրդների միջև համերաշխության անմնացորդ նվիրյալ, լեհ ժողովրդի մեծագույն զավակներից Հովհաննես Պողոս II Պապի խոսքերը` «Հայոց ցեղասպանությունը հանդիսացավ այն սարսափի նախերգանքը, որ պիտի տեղի ունենար երկու աշխարհամարտերի, բնաջնջման կազմակերպված ճամբարներում և անհամար տարածաշրջանային հակամարտություններում` խլելով միլիոնավոր կյանքեր»: Չկա դատապարտում առանց կանխարգելման և չկա կանխարգելում առանց դատապարտման: Ես հավատում եմ, որ ճակատագիրը ցեղասպանության վերապրածներին և նրանց սերունդներին ստիպելով հանդերձ անցնել եղեռնի բովով` մարդկությանը պատգամ է թողել դասեր քաղել անցյալից և հետևողականորեն պայքարել` Ցեղասպանության անթույլատրելիության մասին բացարձակ գիտակցություն արմատավորելու և հետագա սերունդներին նմանօրինակ խեղումներից պաշտպանելու համար: Այսօր ինձ հետ այստեղ է Մայդանեկի բազմաթիվ հայազգի գերիներից և զոհերից մեկի` Լևոն Մադոյանի որդին: Նա բնակվում է Հայաստանում, Վանաձորում: Մենք առաջարկեցինք նրան ընկերակցել մեր պատվիրակությանն այս այցելության ընթացքում, քանզի ամենակենդանի պատմությունը սերունդների մեջ ապրող պատմությունն է: Իրոք, հիշատակի վայրերի վերածված նախկին համակենտրոնացման ճամբարներ Մայդանեկը, Օսվենցիմը, Տրեբլինկան, ինչպես նաև Յադ Վաշեմը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ու թանգարանը լոկ պատմական փաստերը վավերագրող կոթողներ չեն, դրանք մարդկությանն ուղղված հզոր և ազդեցիկ ուղերձ են` ժողովուրդների միջև հանդուրժողականության խրախուսման, այլատյացության դատապարտման և կանխարգելման համար: Ազդեցիկ ուղերձ են հարյուր հազարավոր փշրված մանկությունների հուշարձան հանդիսացող հետպատերազմյան մանկատները, ինչպես Հայոց Ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ կառուցված հայկական որբանոցներն էին: Մենք, որպես այդ ամենը վերապրած ժողովուրդներ պարտավոր ենք անել նույնիսկ անհնարինը` այդ ողբերգությունների կրկնությունը բացառելու համար: Բարեկամնե՛ր, Անկախությունը վերստին նվաճած Հայաստանն այսօր հանձնառու է միջազգային հանրության մշտական ուշադրության կենտրոնում պահել ցեղասպանություն հանցագործությունները կանխարգելելու և պատժելու համար պետությունների համատեղ ջանքեր կիրառելու անհրաժեշտությունը: Այս տարվա մայիսից Հայաստանի կողմից առաջին անգամ ստանձնած Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության գերակայություններից է անհանդուրժողականության, խտրականության և ատելություն սերմանող քարոզչության դեմ պայքարը: Հենց դա է պատճառը, որ Լեհաստան իմ այցի շրջանակներում ցանկացա այցելել հրեշավոր հանցագործության այս լուռ և տխուր հուշարձանը: Նույն համատեքստում Երևանում պատրաստվում ենք անցկացնել անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին նվիրված միջազգային գիտաժողով: Հայաստանը հյուրընկալելու է Եվրոպայի խորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013 թվականի հանդիպումը, որը վերջին տարիներին մեծ հնչեղություն է ձեռք բերել` հաշվի առնելով այդ նախաձեռնության նպատակների կարևորությունը: Հայաստանը Եվրոպայի խորհրդում իր նախագահության շրջանակում աջակցելու է նաև «Ո՛չ ատելության խոսքին» շարժմանը` կարևորելով առցանց երիտասարդական արշավը` ուղղված ատելության հռետորաբանության դեմ պայքարին: Ավարտելով խոսքս` ցանկանում եմ ևս մեկ անգամ խոնարհվել անմեղ զոհերի հիշատակի առջև և վերահաստատել Հայաստանի Հանրապետության վճռական հանձնառությունը` պայքարելու, դատապարտելու և չհանդուրժելու այլատյացության, ռասիզմի և անհանդուրժողականության ցանկացած դրսևորում: Մենք պայքարել և պայքարելու ենք աշխարհի որևէ անկյունում մարդկության դեմ ուղղված ամենադաժան հանցագործության՝ ցեղասպանության բոլոր դրսևորումների դեմ: 2015թ. լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Ողջակիզման ավարտի 70-ամյակը: Համոզված եմ, որ այս կարևոր տարելիցները համամարդկային ջանքերը կրկնապատկելու պատգամ են հանդիսանում` ցեղասպանությունների կանխարգելմանն ի նպաստ հստակ դիրքորոշում արտահայտելու համար: Այլևս երբեք ցեղասպանության որևէ արարք կամ դրսևորում չպետք է դառնա սպառնալիք և կործանարար գործիք՝ ընդդեմ մարդու գոյության և արժանապատվության գերակայության»: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» |