Երևան-Սևան մայրուղում հանգստյան օրերին իրականացվում են շտապօգնության բրիգադների հերթապահություններ

Երևան-Սևան մայրուղում հանգստյան օրերին իրականացվում են շտապօգնության բրիգադների հերթապահություններ

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ այսօր կայացել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է նախարարության մամուլի ծառայությունից։

Անդրադառնալով հանձնարարականների կատարմանը, զեկուցվել է, որ հունիսի 22-ից Երևան-Սևան մայրուղում հանգստյան օրերին իրականացվում են շտապօգնության բրիգադների հերթապահությունները։ Նաև նշվել է, թե ինչ աշխատանքներ են տարվել ավտովթարներից տուժածներին և ծանր հիվանդներին անհարկի մայրաքաղաք տեղափոխելու դեպքերը նվազեցնելու ուղղությամբ։ Մասնավորապես, արդիականացված հիվանդանոցների ղեկավարներին հանձնարարվել է բժշկական օգնությունը տեղում կազմակերպելու նպատակով անհրաժեշտության դեպքում դիմել նախարարության գլխավոր մասնագետների օգնությանը, եթե չկա բարձր տեխնոլոգիաների անհրաժեշտություն, որը կարելի է միայն Երևանում ապահովել։

Ընթացիկ հարցերի քննարկումից հետո նախարարը մարզերի առողջապահության ոլորտի ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել է մի քանի կարևոր հարցերի վրա։ Նա տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի առողջապահության մասնագետների հետ քննարկել է մրցույթների անցկացման արդյունքում ունեցած ֆինանսական տնտեսումներն այդ նույն ծրագրերի շարունակականության ապահովմանն ուղղելու հարցը։ Մասնավորապես, շինարարական մրցույթներից առաջացած խնայողություններով առաջարկվել է վերանորոգել գյուղական ևս 6 ամբուլատորիա և Մեծամորի պոլիկլինիկայի տարածքը։

Նախարար Դումանյանը ՀԲ մասնագետներին նաև առաջարկել է մայրաքաղաքի շտապօգնության ծառայության արդականացման արդյունքում շահագործումից հանված մեքենաները, որոնք քաղաքապետարանը պատրաստ է անհատույց տրամադրել նախարարությանը, մրցույթներից տնտեսված միջոցներով նորոգել և հատկացնել հեռավոր գյուղերի ամբուլատորիաներին։ Քննարկվել են նաև առողջապահության համակարգի և առաջին հերթին մարզային կառույցների օպտիմալացման, քաղաքային բնակավայրերում ընտանեկան բժշկի համակարգի ընդլայնման և այլ հարցեր։

Նախարարը մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուներին հորդորեց առավել ակտիվորեն ընդգրկվել ոլորտում ընթացող բարեփոխումների ծրագրերում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---