ՀՀ Սահմանադրության օրն է

ՀՀ Սահմանադրության օրն է

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է: 1991թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը: Նոր սահամանդրությունն ընդունվեց 1995թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով: Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր:

Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա: Սահմանադրությամբ ձևավորվեց կիսանախագահական կառավարման ձև՝ պետության գլխին՝ Հանրապետության Նախագահին վերապահված լայն լիազորություններով:

2001թ. Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում: Սակայն 2003թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց: Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի դրվեց 2005թ. նոյեմբերի 27-ին և ընդունվեց:

ՀՀ Սահմանադրությունը բաղկացած է պրեամբուլայից (նախաբան) և 9 գլուխներից: Պրեամբուլան սահմանում է սահմանադրության ընդունման ընդհանուր սկզբունքները և նպատակները (Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը): Պրեամբուլան իրավական տեսանկյունից կարևորվում է նաև այն առումով, որ հղում է կատարում 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի անկախության հռչակագրի վրա՝ այդպիսով հռչակագրում ամրագրված սկզբունքներն ու հայոց պետականության նպատակները բարձրացնելով սահմանադրաիրավական մակարդակի:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը: Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---