ՀՀ ՄԻՊ-ը` ՌԴ իր գործընկերոջը. ՀՀ քաղաքացուն նվաստացրել են` դատարան բերելով կանացի խալաթով

ՀՀ ՄԻՊ-ը` ՌԴ իր գործընկերոջը. ՀՀ քաղաքացուն նվաստացրել են` դատարան բերելով կանացի խալաթով

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին՝ Հրաչյա Հարությունյանի արժանապատվության և այլ իրավունքների պաշտպանությանխնդրանքով: Պաշտոնական գրության տեքստում նշված է. «Ընդունեք իմ խորին ցավակցությունները հուլիսի 13-ի սարսափելի ճանապարհատրանսպորտային պատահարի և 18 անմեղ մարդկանց վախճանի կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, հուլիսի 15-ին նվաստացուցիչ տեսքով, մասնավորապես՝ կանացի խալաթով, բերման է ենթարկվել դատարան:

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը նախատեսում է, որ մարդու արժանապատվությունը հարգվում և պաշտպանվում է պետության կողմից և ոչինչ չի կարող այն նսեմացնելու հիմք հանդիսանալ: ՌԴ Սահմանադրության 21-րդ հոդվածը երաշխավորում է, որ արժանապատվության իրավունքը յուրաքանչյուրի իրավունքն է, որը ոչնչով սահմանափակված չէ:

Օրենսդիրը, սահմանելով «ոչնչով» եզրույթը, ենթադրում է անձի արժանապատվությունը նսեմացնող ցանկացած հանգամանքների բացառում: Անձի արժանապատվության պաշտպանությունը երաշխավորված է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածով: Պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից՝ անձի պատիվն ու արժանապատվությունը որևէ կերպ նվաստացնող գործողություններն անկախ ազգությունից, ռասայից, լեզվից, ծագումից, բնակության վայրից և այլ հանգամանքներից, անթույլատրելի են:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջադեպը տեղի է ունեցել Ձեր իրավասության ներքո գտնվող տարածքում, խնդրում եմ ուսումնասիրել Հ. Հարությունյանի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի ու վերջինիս` նման տեսքով դատարան բերման ենթարկելու պատճառները, ինչպես նաև, Ձեր լիազորությունների շրջանակներում նախաձեռնել գործողություններ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանին օգնություն տրամադրելուն և տեղեկացնել ինձ արդյունքների մասին:

Կարևորելով ՀՀ և ՌԴ Օմբուդսմենների միջև ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը՝ կանխավ շնորհակալություն եմ հայտնում ցուցաբերած օգնության համար»:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում 46-ամյա Հրաչյա Հարությունյանի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը մեծ արագությամբ բախվել էր ավտոբուսին։ Տեսագրության մեջ հստակ երևում է, որ բեռնատարի վարորդը ցանկացել է խուսափել բախումից և կտրուկ շրջադարձ է կատարել, սակայն բախվել է տրանսպորտային միջոցին և երկու մասի բաժանել այն։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ վարորդը ռուսական վարորդական իրավունք չի ունեցել, իսկ բեռնատարը դեռևս գարնանը հանված է եղել հաշվառումից։ Հրաչյա Հարությունյանը դատարանի դահլիճ է բերվել կանացի խալաթով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---