Կարեն Նազարյան. Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև ընդլայնվող երկխոսությունը

Կարեն Նազարյան. Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև ընդլայնվող երկխոսությունը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ «ՄԱԿ-ի և տարածաշրջանային/ենթատարածաշրջանային կազմակերպությունների միջև համագործակցությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում» խորագրով քննարկում:

Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշների նախագահությամբ տեղի ունեցած քննարկմանը ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, մի շարք անդամ պետությունների արտգործնախարարներ ու դեսպաններ, ինչպես նաև տարածաշրջանային կազմակերպությունների (Աֆրիկյան Միություն, ԵՄ, Արաբական պետությունների լիգա, Հարավամերիկյան պետությունների միություն, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի պետությունների ընկերակցություն) ներկայացուցիչներ:

Իր ելույթում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը նշեց, որ Հայաստանը, որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ, ողջունում է ՄԱԿ-ի և ՀԱՊԿ միջև ընդլայնվող երկխոսությունն ու սերտ գործընկերությունը՝ ուղղված տարածաշրջանային մարտահրավերների դիմակայման նպատակով փոխադարձ կապերի ամրապնդմանը, մասնավորապես՝ անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարում:

Դեսպան Նազարյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն՝ ուղղված ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը՝ նշելով, որ միջազգայնորեն համաձայնեցված այս ձևաչափով շարունակվող բանակցությունները հակամարտության կողմերի միջև 1994թ. ստորագրված հրադադարի պահպանման գլխավոր նախադրյալներից են:

Տեղեկացնելով, որ Հայաստանն ընթացիկ տարվա մայիս ամսից ստանձնել է ՄԱԿ-ի առանցքային գործընկեր հանդիսացող Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի նախագահությունը, Կարեն Նազարյանը նշեց, որ Հայաստանը տարածաշրջանային միջկառավարական այս կազմակերպությունում իր նախագահության առաջնահերթություններ է սահմանել ռասիզմի, խտրականության, քսենոֆոբիայի, անհանդուրժողականության, ահաբեկչության և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը, միջմշակութային երկխոսության խթանումը, օրենքի գերակայության ու ժողովրդավարության ամրապնդումը` հարցեր որոնք առաջնային են համարվում նաև ՄԱԿ-ի ու ԵԽ-ի անդամ պետությունների համար:

ՄԱԿ-ոմ ՀՀ մշտական ներկայացուցիչը կոչ արեց խրախուսել և սատարել այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են գործընկերների միջև կապերի ընդլայնմանը, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության նոր եզրեր գտնելուն` հանուն միջազգային խաղաղության և անվտանգության:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---