ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի պատվիրակ. Հակոբին նկարահանելն անթույլատրելի էր, կլինեն համապատասխան պատժամիջոցներ

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի պատվիրակ. Հակոբին նկարահանելն անթույլատրելի էր,  կլինեն համապատասխան պատժամիջոցներ

PanARMENIAN.Net - Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հայաստանյան գրասենյակի պատվիրակ Դրագանա Ռանկովիչը գրասենյակի դիմաց այսօր բողոքի ակցիա անցկացնող Ադրբեջանում գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին հորդորել է սպասել և տեղեկացրել է, որ ԿԽՄԿ-ն նամակով դիմել է Ադրբեջանի ղեկավարությանը՝ գերու հետ հանդիպման թույլտվություն ստանալու համար։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցյում ասաց Հակոբ Ինջիղուլյանի հորեղբոր որդի Արման Ինջիղուլյանը:

Նա ավելացրեց` պատվիրակն իրենց ասել է, որ Հակոբին նկարահանելն անթույլատրելի էր և այս առիթով կլինեն համապատասխան պատժամիջոցներ: Հարազատները պատրաստակամություն են հայտնել նամակով դիմել Ժնև՝ Կարմիր խաչի կենտրոնական գրասենյակ: Առաջարկն ընդունվել է: Հիմա նախապատրաստվում է նամակը:

Հակոբի ընտանիքի անդամները, հարազատներն արդեն տուն են գնում, բայց նրանց մի մասը վաղը կվերադառնա: «Վաղը մի քանի հոգով կգանք: Այսօր հասկացանք, որ այսպես իմաստ չունի: Միևնույն է ոչինչ չփոխվեց, իսկ մեր հարազատների առանց այն էլ վատ վիճակն ավելի էր ծանրանում», - ասաց Արման Ինջիղուլյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակում հրաժարվել էին ընդունել գերեվարված զինծառայողի հարազատներին` նշելով, որ գրասենյակի պատվիրակը գնում է նախարարություն: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիյանը հաստատել էր, որ ԿԽՄԿ պատվիրակ Դրագանա Ռանկովիչն այսօր այցելել է Պաշտպանության նախարարություն: «Քննարկվել է Ադրբեջանական կողմում հայտնված մեր զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցը: Աշխատանքներ են իրականացվում և հենց նորություն լինի, հայտարարություն կտարածվի», -PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել էր Արծրուն Հովհաննսյանը:

Զինծառայողի ծնողներն ու հարազատները հավաքվել էին Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հայաստանյան գրասենյակի դիմաց և պահանջում են քայլեր ձեռնարկել, որ Բաքվի գրասենյակի աշխատակիցները նրան այցելեն հնարավորինս շուտ և հետևողականորեն ամեն ինչ արվի, որ զինծառայողը վերադառնա հայրենիք:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-իլույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---