Արցախի ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի ԱԳՆ-ին. Ողջունում և խրախուսում են օտարերկրյա քաղաքացիների այցերն Արցախ14 օգոստոսի 2013 - 20:02 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) իշխանությունները բազմիցս իրենց խորը անհանգստությունն են արտահայտել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության էությունը խեղաթյուրելու և միջազգային հանրությունն ապակողմնորոշելու Ադրբեջանի ստահոդ արշավի կապակցությամբ: Այս արշավը տարեցտարի ընդարձակվում է՝ ներկայացնելով կեղծիքների, սադրանքների և ռևանշիստական սպառնալիքների ավելի կատարելագործված մեթոդներ: Այս մասին նշված է Ադրբեջանի ԱԳՆ հրապարակած «սև ցուցակի» մասին ԼՂՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ, որը PanARMENIAN.Net ին է փոխանցում Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նման քարոզարշավի ամենավերջին օրինակներից են Միավորված ազգերի կազմակերպությունում 2013 թ. հուլիսի 26-ի A/67/943-S/2013/442 նամակի տարածումը, որով կոչ է արվում ՄԱԿ-ի անդամ պետություններին զերծ պահել իրենց քաղաքացիներին «առանց Ադրբեջանի կառավարության նախնական համաձայնության» ԼՂՀ այցելելուց, ինչպես նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից ԼՂՀ այցելելու համար անցանկալի անձ հռչակված մարդկանց ցուցակի հրապարակումը: 41 երկրից 335 հոգուց բաղկացած այս ցուցակն ընդգրկում է խորհրդարանների անդամների, հայտնի հասարակական գործիչների, մշակույթի և արվեստի ներկայացուցիչների, լրագրողների, ուսանողների և զբոսաշրջիկների: Այս կապակցությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն անհրաժեշտ է համարում հայտարարել հետևյալը. ԼՂՀ-ն անկախ պետություն է՝ իր բնակչությամբ, որը ոչ մի պարագայում չի կարող զրկվել մարդու հիմնարար իրավունքներն իրականացնելու հնարավորությունից, ինչպես դա ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի երկրորդ հոդվածում, որում նշված է, որ «որևէ տարբերակում չպետք է դրվի` ելնելով անհատի երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար կամ որևէ այլ սահմանափակումով պետական կազմավորում»: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստեղծել է իր պետությունն իրականացնելով իր ինքնորոշման անքաքտելի իրավունքը՝ համապատասխան միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և Խորհրդային Միության գործող Սահմանադրության և օրենսդրության շրջանակներում: Իր ստեղծման առաջին իսկ օրից, ի տարբերություն Ադրբեջանի, ԼՂՀ-ն բռնել է իր քաղաքացիների բոլոր իրավունքներն ու ազատություններն ապահովող ժողովրդավարական պետություն կառուցելու ուղին: ԼՂՀ ղեկավարությունը մտադիր է շարունակել հանրապետության և նրա ժողովրդավարական ինստիտուտների համապարփակ զարգացման քաղաքականությունը և բազմիցս պատրաստակամություն է հայտնել՝ հաստատել փոխշահավետ համագործակցություն բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Ի սկզբանե Ադրբեջանը մերժել է Լեռնային Ղարաբաղի հետ քաղաքակիրթ երկխոսության որևէ հնարավորություն և դիմել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության ուժային լուծման քաղաքականությանը՝ իրականացնելով էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի հայաբնակ տարածքներում և սանձազերծելով լայնածավալ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ: Չնայած ընթացող բանակցային գործընթացին և հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր ստանձնած պարտավորություններին, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ընտրովի մեկնաբանել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, դրանով իսկ սաստկացնելով լարվածությունն ու անվստահությունը, ինչպես նաև անտեսելով առկա իրողությունները: Տարված լինելով ատելության և թշնամանքի լեզվով՝ Ադրբեջանը ևս մեկ քայլ կատարեց սխալ ուղղությամբ և սպառնում է պատժամիջոցներ կիրառել ԼՂՀ այցելող երրորդ երկրների քաղաքացիների նկատմամբ: Ադրբեջանի նման քաղաքականությունն ամբողջությամբ տեղավորվում է մարդու իրավունքների իր ներքին չափանիշների տրամաբանության մեջ, որն այն ձգտում է պարտադրել օտարերկրյա քաղաքացիներին: Այդ չափազանց անպատասխանատու քայլերը խափանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հակամարտության խաղաղ կարգավորման համար կարևորություն ունեցող վստահության մթնոլորտ ստեղծելու ցանկացած փորձ: Այն նաև խոչընդոտում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության համապարփակ և տևական լուծում գտնելուն: Մինչդեռ հարկ է նշել, որ չնայած ադրբեջանական կողմի հարուցած արհեստական խոչընդոտների, ԼՂՀ այցելող զբոսաշրջիկների քանակը կայուն կերպով աճում է. նրա անկախ պատմության ողջ ընթացքում տասնյակ հազարավոր օտարերկրյա քաղաքացիներ արդեն այցելել են ԼՂՀ, ինչը վկայում է ԼՂՀ ազատատենչ ժողովրդի կողմից ձևավորված անվտանգ և ապահով մթնոլորտի և մեր հարազատ երկրի հարուստ մշակութային և պատմական ժառանգության նկատմամբ միջազգային հանրության աճող հետաքրքրության մասին: Կարևոր է նշել, որ հանցագործությունների մակարդակը ԼՂՀ-ում ամենացածրներից մեկն է Եվրոպայում և այստեղ օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ ոչ մի լուրջ պատահար երբևիցե չի գրանցվել: ԼՂՀ արտաքին գործերի նախարարարությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին հրաժարվել օտարերկրյա քաղաքացիների այցերը Լեռնային Ղարաբաղ խոչընդոտելու անարդյունավետ փորձերից և այդպիսի անհիմն և սադրիչ գործողությունների վրա ապարդյուն ծախսվող էներգիան և միջոցներն ուղղել հակամարտության կողմերի միջև առկա կարևոր խնդիրների կարգավորմանը, դրանով իսկ նպաստելով խաղաղության և կայունության հաստատմանը Հարավային Կովկասի անկայուն տարածաշրջանում: ԼՂՀ արտաքին գործերի նախարարարությունը ողջունում և խրախուսում է օտարերկրյա քաղաքացիների՝ թե՛ պաշտոնյաների, և թե՛ զբոսաշրջիկների այցերը ԼՂՀ: Նման այցելությունները և մարդկանց միջև շփումները ոչ միայն ընդհանուր առմամբ նպաստում են վստահության և համագործակցության մթնոլորտի ձևավորմանը տարածաշրջանում, բայց և անհրաժեշտ են, որպեսզի համաշխարհային հանրությունը կարողանա ստանալ ճշգրիտ և անաչառ տեղեկատվություն ԼՂՀ մասին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |