ՀՀ և ՌԴ նախագահները մտադիր են էլ ավելի բարձրացնել երկկողմ գործակցության մակարդակը

ՀՀ և ՌԴ նախագահները մտադիր են էլ ավելի բարձրացնել երկկողմ գործակցության մակարդակը

PanARMENIAN.Net - Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ինչպես հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը նշել է, որ շատ ուրախ է, որ երկու երկրների հարաբերությունները այսքան ինտենսիվ են զարգանում, իսկ շփումները բոլոր ուղղություններով հաճախակի են: «Խորհրդարանի գծով, կառավարության, գործարար կառույցների: Այս ամենի արդյունքը տնտեսության մեջ մենք ունենք»,-ասել է Վ.Պուտինը:

Ըստ նրա, ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև գերազանցում է 23 տոկոսը: «Ռուսաստանը Հայաստանի առաջին առևտրատնտեսական գործընկերն է: Այդ միտումները պահպանվում են»,-հավելել է ՌԴ նախագահը:

Իր հերթին Սերժ Սարգսյանն ասել է, որ «կուտակվել են բազմաթիվ հարցեր, որոնք հարկավոր է քննարկել ու որոշումներ կայացնել ամրապնդելու համար մեր հարաբերությունները և, անշուշտ, դրական գործընթացները»:

«Մեր հարաբերությունները, Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները, կառուցված են մեր երկրների ժողովրդների բարեկամության ու եղբայրության դարավոր ավանդույթների վրա: Ես վստահ եմ, որ առաջիկայում ևս այդ հարաբերությունները կզարգանան փոխըմբռնման հունով, Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության պայմանագրի համաձայն»,-ասել է Հայաստանի նախագահը՝ վստահություն հայտնելով, որ հայերի ու ռուսների յուրաքանչյուր սերունդ պետք է իր լուման ներդնի այդ հարաբերությունների պատմության մեջ:

«Մենք բարձր ենք գնահատում այդ հարաբերություններն ու ամեն ինչ անելու ենք դրանց զարգացման համար: Դա մեզ համար բացարձակ գերակայություն է: Միևնույն ժամանակ, անշուշտ, կան հարցեր, որոնք հարկավոր է լուծել, որպեսզի մեր հարաբերությունները բարձրանան նոր, էլ ավելի բարձր մակարդակի: Այդ կապակցությամբ էլ ես ժամանել եմ Մոսկվա, շնորհակալություն հրավերի համար»,-հավելել է նա:

Նախօրեին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարեց, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպմանը կքննարկվեն, մասնավորապես, Հայաստանի գործակցության հեռանկարները Մաքսային միության և Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Միասնական տնտեսական տարածքի հետ, երկուշաբթի հայտարարել է

«Նախանշված է նաև քննարկել ինտեգրացիոն գործընթացների զարգացումը ԱՊՀ տարածքում: Մասնավորապես, Մաքսային միության և Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի Միասնական տնտեսական տարածքի հետ Հայաստանի փոխգործակցության հեռանկարները, ՀԱՊԿ շրջանակներում բազմակող գործակցության ակտուալ հարցեր»,- ասել է Ուշակովը: Նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար գործընկերն է արտաքին առևտրի ոլորտում, որի բաժինը հասնում է 23,5 տոկոսի: Դրական դինամիկա է նկատվում նաև ներդրումային ոլորտում:

«Ենթադրվում է, որ բանակցությունների կարևոր թեմա կհանդիսանան Անդրկովկասում անվտանգության ու կայունության հարցերը՝ ներառյալ ղարաբաղյան կարգավորմանն ուղղված հետագա քայլերը»,- հավելել է Ուշակովը:

Ավելի վաղ փորձագետներն ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս, փորձում էին կանխատեսել, թե հատկապես որ հարցերը կլինեն գլխավոր երկու նախագահների հանդիպմանը: Որոշ փորձագետներ ենթադրում էին, որ Մոսկվա այցելության ընթացքում Հայաստանի նախագահը պետք է հստակ պատասխանի այն հարցին, թե ում հետ է Հայաստանը՝ Ռուսաստանի թե Եվրոպայի, այսինքն Մաքսային միության թե ԵՄ-ին ասոցիատիվ անդամակցության: Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու համոզել Պուտինին, թե Ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական բաղադրիչը փոփոխությունների չի հանգեցնի ռազմաքաղաքական ոլորտում համագործակցության հարցում:

ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի և «Խորը ու համապարփակ առևտրի ազատ գոտու մասին» համաձայնագրի նախաստորագրումը Հայաստանի հետ նախատեսված է նոյեմբերին՝ Վիլնյուսում կայանալիք Եվրամիության ղեկավարության ու Արևելյան գործընկերության երկրների առաջնորդների գագաթաժողովի շրջանակներում:

Մյուս փորձագետներն այն կարծիքի էին, որ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի հարցը գլխավորը չի լինելու մոսկովյան հանդիպման ժամանակ: Առավել ևս, որ երկու Միությունների մասին ընտրության հարց չկա, քանի որ Հայաստանի կողմից այդ համագործակցության տեսլականը ներառում է եվրոպական քաղաքականության տարրեր, սակայն ամենևին կասկածի տակ չի դնում Ռուսաստանի հետ փոխհամագործակցությունը:

Կարծիք է հայտնվել նաև, որ Սարգսյան-Պուտին հանդիպման հիմնական հարցը կլինի ղարաբաղյան կարգավորումը աշնանը Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների լույսի ներքո:

Նախագահական ընտրություններն Ադրբեջանում կանցնեն 2013թ. հոկտեմբերի 9-ին: Ներկայումս պաշտոնապես գրանցված է 12 թեկնածու, այդ թվում նաև գործող նախագահ Իլհամ Ալիևը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---