ԵՄ-ն նահանջո՞ւմ է. Ասոցացման համաձայնագիրը համատեղելի է ԱՊՀ անդամների հետ գործակցության հետ, հայտարարել են Բրյուսելում

ԵՄ-ն նահանջո՞ւմ է. Ասոցացման համաձայնագիրը համատեղելի է ԱՊՀ անդամների հետ գործակցության հետ, հայտարարել են Բրյուսելում

PanARMENIAN.Net - Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ, ասվում է ԵՄ պաշտոնական կայքում զետեղված Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, որը վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին: «Մենք ի գիտություն ենք ընդունում Հայաստանի ակնհայտ ցանկությունը միանալ Մաքսային միությանը: Մենք շտապում ենք խորամուխ լինել Հայաստանի մտադրությունների մեջ, ապահովելու համար այդ որոշման համատեղելիությունը Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերով ստանձնվող պարտավորությունների հետ: Այդ խորհրդակցություններից հետո մենք եզրակացություններ կանենք մեր հետագա գործողությունների համար: Մենք ցանկանում ենք մեկ անգամ ևս նշել, որ Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) հիմք են հանդիսանում բոլորի համար շահավետ բարեփոխումների համար, ոչ թե զրոյական արդյունքով խաղ են, և կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամների հետ տնտեսական համագործակցության հետ»,-մեջբերում է հայտարարությունը «ՌԻԱ Նովոստին»:

Փաստաթղթում նշվում է, որ հուլիսին 3,5 տարվա աշխատանքից հետո ավարտվեցին բանակցությունները Հայաստանի հետ Ասոցացման մասին համաձայնագրի, այդ թվում նաև Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (DCFTA) վերաբերյալ: «Այդ համաձայնագրերը թույլ կտան Հայաստանին ԵՄ աջակցությամբ առաջ մղել բարեփոխումների ու համալիր արդիականացման ծրագիրը, հիմնված ընդհանուր արժեքների, քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրման վրա»,-ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Ավելին, ԵՄ դիվանագիտության գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարեց, որ «Եվրամիությունը պարզաբանումներ է ակնկալում պաշտոնական Երևանից Ռուսաստանի նախաձեռնած ՄՄ Հայաստանի անդամակցելու որոշման մասին»: «Մենք ակնկալում ենք հայկական կողմի բացատրությունները, և հետո կկարողանանք գնահատել, թե ինչ հետևանքներ դա կունենա»,-ասել է Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---