ՌԴ Պետդուման պատասխան է պատրաստում Եվրախորհրդարանի բանաձևին՝ ԵՄ և ՄՄ հետ ասոցացման մասին

ՌԴ Պետդուման պատասխան է պատրաստում Եվրախորհրդարանի բանաձևին՝ ԵՄ և ՄՄ հետ ասոցացման մասին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի Պետդուման մտադիր է պատասխան հայտարարություն ընդունել Եվրախորհրդարանի սեպտեմբերի 12-ի բանաձևի կապացությամբ, որտեղ անհմին մեղադրանքներ են պարունակվում Ուկրաինայի հանդեպ ճնշում գործադրելու վերաբերյալ, քանի որ վերջինս մտադիր է միանալ ազատ առևտրի եվրոպական գոտուն: Այդ մասին հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը:

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՌԴ Դումայի խորհրդից հետո խոսնակ Սերգեյ Նառիշկինը հաստատեց ԶԼՄ-ներին, որ փաստաթուղթը նախապատրաստվում է: «Այն վերաբերում է ոչ թե Ուկրաինային, այլ Եվրախորհրդարանի փաստաթղթին…Հավանաբար, մենք այն կքննարկենք վաղը»,-ասել է նա:

Եվրախորհրդարանին պատասխանի նախնական տարբերակում, մասնավորապես, ասվում է.

«Ռուսաստանում միանգամայն օրինաչափ տագնապ է հնչում Ուկրաինայի հետ մեր հարաբերություններում հնարավոր կորուստների վերաբերյալ, որոնք իր հետ բերում է այսպես կոչված ասոցիացիան ԵՄ հետ, իսկ ավելի հստակ՝ Ուկրաինայի տնտեսական քաղաքականության փաստացի ենթարկումը Եվրամիությանը…ԵՄ հետ «ասոցացման» դեպքում Ուկրաինայի համար, որն անխուսափելիորեն կկորցնի իր ինքնուրույնության մի մասը, շատ ավելի բարդ կլինի արդյունավետ տնտեսական գործընկերություն կառուցել Ռուսաստանի և Մաքսային միության անդամ այլ երկրների հետ, ինչպես նաև մասնակցել հետագայում եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին»:

Նախօրեին Ուկրաինայի կառավարությունը հաստատեց ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի նախագիծն ու ներկայացրեց նախագահ Յանուկովիչի ստորագրմանը: Ուկրաինայի նախագահն այն կարծիքի է, որ երկիրը շահագրգռված է համագործակցել մյուս երկրների ու միավորումների հետ՝ պաշտպանելով սեփական շահերը:

Սեպտեմբերի 11-ին ԵՄ ղեկավարները դատապարտեցին Մոսկվայի ճնշումը, որն ըստ նրանց, գործադրվում է Ուկրաինայի և հետխորհրդային մյուս երկրների վրա, որոնք փորձում են ընդլայնել իրենց առևտրային կապերը ԵՄ հետ: «Մենք չենք ընդունում այդ պետությունների ինքնիշխան ընտրությունը սահմանափակելու փորձերը: Մենք չենք կարող թիկունքով շրջվել նրանց»,-հայտարարել է մասնավորապես Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն՝ Ստրասբուրգում Եվրահանձնաժողովի առջև իր ամենամյա ելույթում:

Իր հերթին ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն գտնում է, որ «Ռուսաստանի ցանկացած սպառնալիք, կապված փաստաթղթերի հնարավոր ստորագրման հետ, անթույլատրելի է»:

Քննարկումը Եվրախորհրդարանում նախաձեռնել էր Եվրոպական ժողովրդական կուսակցությունը՝ հայտ ներկայացնելով «Ռուսաստանի ճնշումը Արևելյան գործընկերության երկրների վրա Վիլնյուսում առաջիկա գագաթաժողովին ընդառաջ» թեմայով: Ինչպես մինչ այդ հայտարարել էր Եվրանեսթի (ԵՄ-Արևելյան գործընկերության երկրներ) ԽՎ փոխնախագահ, ԵԺԿ փոխնախագահ Յացեկ Սարիուշ-Վոլսկին, «վերջին իրադարձությունները, ինչպես օրինակ Հայաստանի հայտարարությունը ՄՄ-ին միանալու վերաբերյալ, Վրաստանի վարչապետի հայտարարությունը, որ Վրաստանը կարող է քննարկել այդպիսի միավորման հնարավորությունը, ինչպես նաև առևտրային պատերազմն Ուկրաինայի հետ ու Մոլդովային ուղղված սպառնալինքերը, լկտի փորձ են հարցականի տակ դնելու Արևելյան գործընկերության նախագիծը»:

«Հայաստանի հանդեպ ճնշման մասին հայտնի էր, այդ իմաստով դա զարմանալի չէ: Բայց այն փաստը, որ ճնշումը հաջողությամբ պսակվեց և Հայաստանին պարտադրեցին փոխել որոշումը, զարմացնում է, և մենք խորապես ափսոսում ենք»,-ասել է Յացեկ Սարիուշ-Վոլսկին:

«Մտահոգիչ է ընդհանուր ենթատեքստը: Այդ ճնշումը վերաբերում է բոլոր 4 երկրներին (ներառյալ Հայաստանը), որոնք ձգտում են համագործակցության: Դա ավելի ծավալուն կտավի մի մասն է և վախը կարող է շղթայական ռեակցիա առաջացնել»,-գտնում է Յացեկ Սարիուշ-Վոլսկին:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ:

Օրերս Երևանում Եվրամիության ընդլայնման ու հարևանության հարցերի գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշեց, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովում Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է և հնարավոր չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Պատասխանելով նոր փաստաթղթի նախապատրաստման հնարավորության մասին հարցին՝ Ֆյուլեն ասաց, որ այդպիսի լուրջ փաստաթուղթ հնարավոր չէ նախապատրաստել մինչ Վիլնյուսի գագաթաժողովը, որը տեղի կունենա նոյեմբերին: Այնուամենայնիվ, նա հավելեց, որ ԵՄ-ն չի հրաժարվում է Հայաստանի հետ հետագա համագործակցությունից:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: Անցած շաբաթ Եվրամիության ղեկավարները նաև դատապարտեցին այն ճնշումը, որն, ըստ իրենց, Մոսկվան գործադրում է Ուկրաինայի և հետխորհրդային տարածքի մյուս երկրների վրա, որոնք փորձում են ընդլայնել կապերը ԵՄ հետ:

Հղումներ թեմայով.
Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---