Ադրբեջանը չի զլանում կրկնել սեփական սխալները

Ադրբեջանը չի զլանում կրկնել սեփական սխալները

PanARMENIAN.Net - ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 68-րդ նստաշրջանում Ադրբեջանը կրկին, արդեն որերորդ անգամ, քննարկման է ներկայացրել «Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում» և «ՎՈւԱՄ տարածքի հակամարտություններն ու դրանց ազդեցությունը միջազգային խաղաղության, անվտանգության ու զարգացման վրա» բանաձևերի նախագծերը: Առնվազն, այդպես է գրում Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Իրողությունն այլ է. ՄԱԿ-ում այն բանաձևերը, որոնք չեն ընդունվել նախորդ նստաշրջանում, ինքնաբերաբար տեղափոխվում են հաջորդ նստաշրջան, ու այդպես անվերջ: Առավել ևս այդ տիպի բանաձևերը, որոնք քվեարկության ժամանակ ստանում են միայն մահմեդական երկրների աջակցությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ է, թեև ոչ մի նշանակալի բան այդ պաշտոնում չի արել, գուցե միայն աչքի ընկնելով փուչ խոսակցություններով և իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների ու Սիրիայի հարցում հստակ քաղաքականության բացակայությամբ: Ուստի, երևի հենց այդ պատճառով էլ գտնում է, որ կարող է ԳՎ-ում ցանկացած բանաձև ներկայացնել, նույնիսկ ամենաանհեթեթը: Երբեմն թվում է, որ այդ երկրի ԱԳՆ-ին ղարաբաղյան հակամարտությունից բացիոչինչ չի հետաքրքրում: Այո, երբեմն ադրբեջանական պատվիրակությունը քվեարկում է այս կամ այն բանաձևի օգտին: Ընդ որում, քվեարկում է ոչ թե ելնելով իր իսկ հռչակած սկզբունքներից, այլ այնպես, ինչպես կասեն իսլամական աշխարհի ներկայացուցիչները: Պաղեստինին աջակցելու հետ կապված օրինակը միանգամայն խոսուն է: Իսրայելից զենք գնել կարելի է, բայց ՄԱԿ-ում աջակցել՝ ոչ մի դեպքում:

Վերադառնանք բանաձևերին: ՄԱԿ բանաձևերը ոչինչ չեն լուծում և նույնիսկ հագուրդ չեն տալիս ադրբեջանական ԱԳՆ հիվանդագին ինքնասիրությանը: Այդ գերատեսչությունն ավելի շատ զբաղված է ինչ-որ «սև ցուցակներ» կազմելով և Ադրբեջանը հաղթանակած ժողովրդավարության երկիր հռչակելով: Ինչպես ԽՍՀՄ-ն էր հաղթանակած սոցիալիզմի երկիր: Իսկ ՄԱԿ-ը գնալով այնքան ամորֆ ու ոչ կառուցողական կազմակերպություն է դառնում, որ այն ամենը, ինչ դուրս է գալիս Իսթ-ռիվեր փողոցից, ոչ ոքի հարկավոր չէ:

Բանաձևերի ճակատագիրը, որոնց մասին այդքան հպարտ խոսում են Բաքվում, նախանձելի չէ՝ դրանք մինչև հաջորդ տարի կրկին սեղանին կմնան: Բայց, հավանաբար, նույնիսկ եթե քվեարկություն լինի, համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ռուսաստանը դեմ կքվեարկեն, ինչպես դա արդեն եղել է 2008-ին: Այն ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ադրբեջանի ներկայացրած բանաձևը միակողմանի համարեցին:

«Ադրբեջանն անուշադրության մատնեց հավասարակշռված բանաձև կազմելու վերաբերյալ համանախագահների առաջարակը: Նման ընտրովի մոտեցման պատճառով ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ երկրները պետք է դեմ հանդես գան բանաձևի այս միակողմանի նախագծին, որը սպառնում է խաթարել ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացը»,- ասվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունում:

Ավելորդ չէր լինի, որ պաշտոնական Բաքուն հիշեր 5-ամյա վաղեմության իրադարձություններն ու քվեարկության չդներ արդեն տապալված բանաձևը, բայց, ցավոք, վերջերս սթափ մտածողությունն Ադրբեջանի ԱԳՆ համար անթույլատրելի պերճանք է դարձել:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---