Մեկ տարում կաթնամթերքի գները Հայաստանում աճել են 12,2 տոկոսով

Մեկ տարում կաթնամթերքի գները Հայաստանում աճել են 12,2 տոկոսով

PanARMENIAN.Net - 2013թ. սեպտեմբերին 2012թ. սեպտեմբերի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 12.2%, իսկ 2013թ. օգոստոսի համեմատ`0.3% գնաճ: Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, 2013թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ յոգուրտի գինն աճել է 0.4%-ով, թարմ կաթինը` 0.6%-ով, «Լոռի», «Չանախ» և «Չեդեր» պանրատեսակներինը` համապատասխանաբար 0.4%, 1.2% և 6.0%-ով:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 2013թ. հունվար-օգոստոսին պանրի արտադրությունը Հայաստանում կրճատվել է 2,4 տոկոսով՝ 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել է 11 957 տոննա: Միայն օգոստոսին երկրում արտադրվել է 1 849 տոննա պանիր:

Կաթի արտադրությունն երկրում հաշվետու շրջանում կազմել է 265,1 մլն լիտր 2012 թվականի հունվար-օգոստոսին 253,5 մլն լիտրի դիմաց, աճը կազմել է 4,6 տոկոս: Կաթնաշոռի արտադրությունը հաշվետու շրջանում ավելացել է 23,1 տոկոսով՝ մինչև 649,9 տոննա: Միաժամանակ, 2013 թվականի հունվար-օգոստոսին յոգուրտի արտադրությունն աճել է 10,5 տոկոսով (276,5 տոննա), կեֆիրի արտադրությունը նվազել է 0,9 տոկոսով (164,2 տոննա), մածունի արտադրությունն աճել է 14,8 տոկոսով (2 444,4 տոննա), իսկ թթվասերի արտադրությունն աճել է 17,9 տոկոսով (2 499 տոննա):

Հայաստանում արտադրվում է պանրի մոտ 25 տեսակ: Ամեն տարի հանրապետությունում արտադրվում է մոտ 17 հազար տոննա պանիր: Որոշ տեսակները, այդ թվում՝ «Լոռի»-ն, «Չանախ»-ը, «Մոթալ»-ը, «Չեչիլ»-ը, «Եղեգնաձոր»-ը, զուտ հայկական են: Ըստ Պանրագործների միության տվյալների, այժմ Հայաստանում գործում է պանրի արտադրությամբ զբաղվող մոտ 70 ձեռնարկություն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---