Շիմոն Պերեսը Շառլ Ազնավուրին ճաշի է հրավիրել

Շիմոն Պերեսը Շառլ Ազնավուրին ճաշի է հրավիրել

PanARMENIAN.Net - Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը կընդունի Շառլ Ազնավուրին նոյեմբերին Թել Ավիվ նրա կատարելիք այցի ժամանակ: Աշխարհահռչակ շանսոնիեին պաշտոնապես ճաշի են հրավիրել նախագահի նստավայր, նա ընդունել է հրավերը, գրում է ynetnews.com-ը:

Լեգենդար շանսոնիեն միակ համերգով հանդես կգա Թել Ավիվում նոյեմբերի 23-ին:

Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, 89-ամյա Շառլ Ազնավուրը, որը զբաղեցնում է նաև Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը, իր ուղևորությունը նվիրել է աջակցությանը խաղաղ գործընթացին և հանրային աջակցության իրազեկմանը: Ազնավուրի որոշ երգեր թարգմանվել են եբրայերեն, նա եբրայերեն է երգել Yiddishe mama երգը: 2011 թվականին եգիչն արժանացել է Երուսաղեմի Հրեական համալսարանի Scopus Award պարգևին:

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում,[2] արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը` Իզմիրից: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։ Շուրջ հազար երգի հեղինակ է: Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան» երգերը։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996 և 2006 թթ. համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը: 2009 թ. մայիսի 4-ից` Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, 2009թ. մայիսի 5-ից` Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---