Սպիտակ տունը Թուրքիայի ճնշման տակ թույլ չի տալիս «Հայ որբերի գործած գորգերը» ցուցահանդեսը

Սպիտակ տունը Թուրքիայի ճնշման տակ թույլ չի տալիս «Հայ որբերի գործած գորգերը» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Թուրքիան ճնշում է գործադրում ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմի վրա՝ նպատակ ունենալով չեղյալ հայտարարել Վաշինգտոնի Սմիթսոնի ինստիտուտի «Հայ որբերի գործած գորգերը» ցուցահանդեսը, նվիրված Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ որբերին: «Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) խորապես մտահոգված է այն հանգամանքով, որ օտարերկրյա պետությունը միջամտում է Սմիթսոնի ինստիտուտի գործունեությանը: Մենք հուսով ենք և ակնկալում ենք, որ մեր կառավարությունը կմերժի Անկարայի միջամտությունը և այլ պետությունում գրաքննություն սահմանելու նրա փորձերը: Ամերիկացիները պետք է իրազեկ լինեն պատմության առանցքային իրադարձություններին, մանասվորապես Հայոց ցեղասպանությանը: Ցուցահանդեսի բացման ցանկացած խոչընդոտ պետք է վերացվի և այդ կարևոր գեղարվեստական աշխատանքները պետք է հասանելի լինեն ԱՄՆ հանրությանը, ասվում է ANCA հաղորդագրության մեջ:

The Washington Post-ում հրապարակված հոդվածում Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր լրագրող Ֆիլիպ Քեննիքոթը գրում է. «Եթե դուք կարող եք կարդալ գորգի նախշերը, որոնք բույսեր ու կենդանիներ են պատկերում, ապա կարող եք պատկերացնել Էդեմի պարտեզները, սակայն այդ այգիները նույնքան հեռու են այդ ժամանակներից, քանի որ ստեղծվել են Հայոց ցեղասպանության տարիներին: 1-1,5 մլն մարդ է սպանվել ու սովամահ եղել, իսկ մյուսները ստիպված են եղել լքել իրենց տները: Դա արդի ժամանակների առաջին ցեղասպանությունն էր: Շատերը որբ մնացին, այդ թվում 100 հազար երեխաներ, որոնց օգնում էր Մերձավոր Արևելքում գործող կազմակերպություններից մեկը: Կազմակերպությունը օգնեց տեղափոխել ու պաշտպանել աղջիկներին, որոնք գործում էին «որբի գորգեր»: Դա եղել է Ղազիր քաղաքում, որն այժմ Լիբանանում է և արվել է դա որպես երախտագիտության նշան ԱՄՆ-ին Հայոց ցեղասպանության տարիներին օգնության համար»:

Նա նաև նշում է, որ հույս կար, որ գորգը, որը 20 տարի պահվել է ինստիտուտի պահեստում, կարող է ի ցույց դրվել դեկտեմբերի 16-ին և դառնալ Հակոբ Մարտին Դերանյանի գրքի շնորհանդեսի մի մասը: «Սակայն սեպտեմբերի 12-ին Սմիթսոնի թանգարանի գիտնականները, որոնք օգնել են կազմակերպել միջոցառումը, չեղյալ հայտարարեցին այն՝ հղում անելով Սպիտակ տան որոշման վրա և չեն տրամադրել գորգը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի ջանքերը ևս ապարդյուն եղան: «Որբի գորգը» գտնվում է Սպիտակ տանը և ոչ ոք չի կարող այն տեսնել»,-գրում է Քեննիքոթը:

ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, նախագահ Օբամայի որոշումը բացասական արձագանք ստացավ աշխարհի հայության շրջանում: «Լինելով սենատոր և նախագահի թեկնածու Օբաման ասում էր, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն նախագահ դառնալով, հրաժարվեց իր խոսքից: Օբաման խուսափում է «ցեղասպանություն» եզրույթից և լոկ ընդհանուր հայտարարություններ է անում հայերի տառապանքների մասին: Նրա լռությունն այդ հարցում մատնանշում է Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը տարածաշրջանում, որը միայն բարդացնում է Արաբական գարունն ու քաղաքացիական պատերազմը Սիրիայում»,-ասել է Համբարյանը:

Հղումներ թեմայով.
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---