Ալեքսանդր Կռիլով. Կարելի է ասել, որ Եվրախորհրդարանն ինքն էլ չգիտի՝ ինչ է ուզում

Ալեքսանդր Կռիլով. Կարելի է ասել, որ Եվրախորհրդարանն ինքն էլ չգիտի՝ ինչ է ուզում

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի բանաձևը Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների ամրապնդման մասին ըստ էության հակասական է. մի կողմից այնտեղ խոսվում է սահմանների անխախտելիության ու տարածքային ամբողջականության մասին, սակայն հենց ինքնորոշման սկզբունքը պետք է գերակա լինի Եվրախորհրդարանի համար, քանի որ Եվրոպան հանդես է գալիս որպես մարդու իրավունքների պաշտպան: Այդ մասին PanARMENIAN.Net ին է ասել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությոների ինստիտուտի առաջատար մասնագետ Ալեքսանդր Կռիլովը: «Մյուս կողմից, նույն Եվրախորհրդարանը վերջերս քննադատեց Բաքվին անազնիվ ընտրությունների համար: Կարելի է ասել, որ Եվրախորհրդարանն ինքն էլ չգիտի, թե ինչ է ուզում, առավել ևս ճնշում գործադրելով Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով: Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցումը հազիվ թե կարելի է լուրջ առաջարկ համարել, իսկ Ադրբեջանին ընդհանրապես ոչինչ չի առաջարկվում: Հավանաբար, այս բանաձևի իմաստը Արևելյան գործընկերության բոլոր երկրների հանդեպ ճնշում գործադրելն է: Միանգամայն հնարավոր է, որ իր դերն այստեղ ունեցավ նաև Մաքսային միությանն անդամակցելու մասին Հայաստանի հայտարարությունը»,-ասել է ռուս փորձագետը:

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների ամրապնդման մասին, որտեղ տեղ է գտել նաև ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող դրույթ: Բանաձևի բնորոշումները կրում են միակողմանի, ադրբեջանամետ մոտեցում ղարաբաղյան խնդրի հարցում:

Այդպես, մասնավորապես, փաստաթղթում ասվում է, որ «Արևելյան գործընկերության մասնակից երկրի կողմից մեկ այլ մասնակից երկրի տարածքի օկուպացիան խախտում է Արևելյան գործընկերության հիմնարար սկզբունքներն ու նպատակները»: Բանաձևում ասվում է, որ ԱԳ երկրների տարածքներում հակամարտությունները պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա: ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ ներգրավվի հակամարտությունների կարգավորման գործընթացում: Եվրախորհրդարանը հիշեցնում է «մի պետության կողմից մեկ այլ պետության տարածքը օկուպացիայի ենթարկելու մասին» հարցում իր դիրքորոշումը: Մասնավորապես, բանաձևում ասվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է համապատասխանի ՄԱԿ ԱԽ 1993 թ. 4 բանաձևերին և այն սկզբունքներին, որոնք ամրագրված են ԵԱՀԿ ՄԽ 2009 թ. Աքվիլայի համատեղ հայտարարության մեջ:

ՄԱԿ 4 բանաձևերը կոչ են անում զորքերը դուրս բերել Քաշաթաղի, Աղդամի (Ակնա) և այլ «գրավյալ» տարածքներից: Աքվիլայի հայտարարությունը հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա և հորդորում է «վերադարձնել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղին մերձակա տարածքները, ԼՂՀ-ին տրամադրել միջանկյալ կարգավիճակ անվտանգության երաշխիքներով ու ինքնավարությամբ, բացել Հայաստանն ու ԼՂՀ-ն կապող միջանցք, ապագայում որոշել ԼՂ կարգավիճակը կամարտահայտման միջոցով, հաշվի առնել տեղահանված անձանց ու փախստականների վերադարձն ու անվտանգության երաշխիքներ տրամադրել նրանց խաղաղապահ ուժերի միջոցով»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---