Մատեուշ Պիսկորսկի. ԵԽ բանաձևը պատգամավորների հետ աշխատանքում Բաքվի «արդյունավետության ու շռայլության» արդյունք է

Մատեուշ Պիսկորսկի. ԵԽ բանաձևը պատգամավորների հետ աշխատանքում Բաքվի «արդյունավետության ու շռայլության» արդյունք է

PanARMENIAN.Net - «Առաջինը, ես չեմ կարծում, որ Եվրախորհրդարանի բանաձևը հակամարտությունների կարգավորման մասով վրեժ է Հայաստանից Մաքսային միությանն անդամակցելու համար: ԵՄ-ն մտադիր չէ խզել հարաբերությունները Հայաստանի հետ, նույնիսկ եթե նա աշխարհաքաղաքական ընտրություն է կատարել ՄՄ և եվրասիական ինտեգրման օգտին»,-ասել է PanARMENIAN.Net ին քաղաքական գիտությունների թեկնածու, Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի գլխավոր տնօրեն Մատեուշ Պիսկորսկին:

Ըստ նրա, չափազանց շատ բան է վկայում այն մասին, որ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի ու Վրաստանի, ամենականխատեսելի ու կայուն գործընկերն է Անդրկովկասում:

«Երկրորդը, ԵԽ բանաձևն ունի զուտ խորհրդանշական նշանակություն, քանի որ չի հանդիսանում Եվրահանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը: Երրորդը, պետք է մտածել, թե որտեղից են այդ հակահայկական ձևակերպումները տեքստում: Կարծում եմ, որ դա ընդամենը պատգամավորների հետ աշխատանքում Բաքվի արդյունավետության ու շռայլության արդյունք է: Վաղուց եմ ասում, Եվրախորհրդարանում հարկավոր է առավել ակտիվ միջոցառումներ կազմակերպել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ և պատգամավորներին ներկայացնել իրադարձությունների իրական պատկերը»,-ասել է նա:

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների ամրապնդման մասին, որտեղ տեղ է գտել նաև ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող դրույթ: Բանաձևի բնորոշումները կրում են միակողմանի, ադրբեջանամետ մոտեցում ղարաբաղյան խնդրի հարցում:

Այդպես, մասնավորապես, փաստաթղթում ասվում է, որ «Արևելյան գործընկերության մասնակից երկրի կողմից մեկ այլ մասնակից երկրի տարածքի օկուպացիան խախտում է Արևելյան գործընկերության հիմնարար սկզբունքներն ու նպատակները»: Բանաձևում ասվում է, որ ԱԳ երկրների տարածքներում հակամարտությունները պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա: ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ ներգրավվի հակամարտությունների կարգավորման գործընթացում: Եվրախորհրդարանը հիշեցնում է «մի պետության կողմից մեկ այլ պետության տարածքը օկուպացիայի ենթարկելու մասին» հարցում իր դիրքորոշումը: Մասնավորապես, բանաձևում ասվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է համապատասխանի ՄԱԿ ԱԽ 1993 թ. 4 բանաձևերին և այն սկզբունքներին, որոնք ամրագրված են ԵԱՀԿ ՄԽ 2009 թ. Աքվիլայի համատեղ հայտարարության մեջ:

ՄԱԿ 4 բանաձևերը կոչ են անում զորքերը դուրս բերել Քաշաթաղի, Աղդամի (Ակնա) և այլ «գրավյալ» տարածքներից: Աքվիլայի հայտարարությունը հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա և հորդորում է «վերադարձնել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղին մերձակա տարածքները, ԼՂՀ-ին տրամադրել միջանկյալ կարգավիճակ անվտանգության երաշխիքներով ու ինքնավարությամբ, բացել Հայաստանն ու ԼՂՀ-ն կապող միջանցք, ապագայում որոշել ԼՂ կարգավիճակը կամարտահայտման միջոցով, հաշվի առնել տեղահանված անձանց ու փախստականների վերադարձն ու անվտանգության երաշխիքներ տրամադրել նրանց խաղաղապահ ուժերի միջոցով»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---