Մայքլ Քամբեք. Եվրախորհրդարանը մերժել է ադրբեջանամետ ձևակերպումները ղարաբաղյան հակամարտության մասին

Մայքլ Քամբեք. Եվրախորհրդարանը մերժել է ադրբեջանամետ ձևակերպումները ղարաբաղյան հակամարտության մասին

PanARMENIAN.Net - Երեկ և այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստն ընդունեց երկու զեկույց՝ այլ հարցերի շարքում առաջին անգամ ուրվագծելով Հայաստանի նկատմամբ իր դիրքորոշումը այն բանից հետո, ինչ նախագահ Սարգսյանը հայտարարեց Ռուսաստանի գերիշխանությամբ Մաքսային Միությանը միանալու մասին, PanARMENIAN.Net ին է հայտարարել «Հայաստանի եվրոպացի բարեկամները» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը: «Տարօրինակ տրամադրություն կար Եվրախորհրդարանում վերջին շաբաթների ընթացքում, որպիսին ես նախկինում չէի հանդիպել: Եվրախորհրդարանի անդամները կիսում էին Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ իրենց մտահոգությունները, ինչպես նաև հիասթափությունը Ասոցացման ու ԽՀԱԱԳ մասին համաձայնագրերի շուրջ գրեթե չորս տարվա հաջող բանակցությունների, բարեփոխումների և դրանց վերջնականացման առնչությամբ», - մեկնաբանում է ՀԵԲ-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը: - «Ավելին, խավիարային դիվանագիտությամբ կաշառված Եվրախորհրդարանի անդամների մի փոքր խումբ փորձեց Հայաստանին պատժելու համար օգտվել իրավիճակից՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ադրբեջանամետ ձևակերպումների հանկարծակի ներառմամբ:

Ի վերջո դա բացահայտվեց, և Պինո Արլաքին՝ այս ամենի հետևում կանգնած ակնհայտ սադրիչ պատգամավորը, անգամ կարգապահական գործողությունների ենթարկվեց՝ Ադրբեջանի նախագահական ընտրությունների դիտորդական իր զեկույցում բացահայտ իշխանամետ դիրքորոշման համար: Եվրախորհրդարանը սատարեց Հայաստանին և ընդգծեց, որ Եվրամիությունը դեռ պատրաստ է օգնել ամենաբարդ «տնային աշխատանքի» հարցում, այն է՝ ամրապնդել տնտեսությունը, կառավարումը և ժողովրդավարացման գործընթացը»:

Եվրոպական Հարևանության քաղաքականության մասին զեկույցը, որի Արևելյան մասը մշակվել էր Յացեկ Սարյուզ Վոլսկիի կողմից, հույս է հայտնում, որ «Հայաստանը կշարունակի ԵՄ-ին վերաբերող բարեփոխումները, որոնց իրականացումը կարող է օգնել տնտեսական բարգավաճման և երկրում դեռ գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական ու քաղաքական խնդիրների լուծման հարցում»: Ավելին, զեկույցը «կոչ է անում հետամուտ լինել Եվրամիության հետ համագործակցության հարցում, ինչում ԵՄ-ն պատրաստակամ է. զեկույցը ողջունում է մակրոտնտեսական հիմնավոր քաղաքականության և կառուցվածքային բարեփոխումների իրականացումը Հայաստանում և (ԵՀՔ) Գործողությունների ծրագրի նպատակների իրականացմանն ուղղված հետագա առաջընթացը»:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող պարբերությունը, որն ի սկզբանե մշակվել էր Պինո Արլաքիի և Իվո Վայգլի կողմից՝ Ադրբեջանի նախընտրած տարրերի կիրառությամբ, մերժվեց լիագումար նիստի ժամանակ՝ կենտրոնանալով Մինսկի Խմբի առաջ քաշած Հիմնարար սկզբունքների վրա, որոնք կարևոր կետեր են պարունակում հակամարտության երկու կողմերի համար՝ ներառելով ոչ միայն զորքերի դուրս բերումը, այլև անվտանգության անհրաժեշտ երաշխիքները, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և այլն»,-նշել է Քամբեքը:

Ինչպես արդեն ասվել է, փաստաթղթում, մասնավորապես, նշվում էր որ «Արևելյան գործընկերության անդամ մի երկրի կողմից մեկ այլ անդամի տարածքի օկուպացիան խախտում է Արևելյան գործընկերության հիմնարար սկզբունքներն ու նպատակները»: Տեքստում նաև ասվում էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է համապատասխանի ՄԱԿ ԱԽ 1993 թ. 4 բանաձևերին և այն սկզբունքներին, որոնք ամրագրված են ԵԱՀԿ ՄԽ 2009 թ. Աքվիլայի համատեղ հայտարարության մեջ:

ՄԱԿ 4 բանաձևերը կոչ են անում զորքերը դուրս բերել Քաշաթաղի, Աղդամի (Ակնա) և այլ «գրավյալ» տարածքներից: Աքվիլայի հայտարարությունը հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա և հորդորում է «վերադարձնել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղին մերձակա տարածքները, ԼՂՀ-ին տրամադրել միջանկյալ կարգավիճակ անվտանգության երաշխիքներով ու ինքնավարությամբ, բացել Հայաստանն ու ԼՂՀ-ն կապող միջանցք, ապագայում որոշել ԼՂ կարգավիճակը կամարտահայտման միջոցով, հաշվի առնել տեղահանված անձանց ու փախստականների վերադարձն ու անվտանգության երաշխիքներ տրամադրել նրանց խաղաղապահ ուժերի միջոցով»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---