Ֆրենկ Փալոուն. Թուրքիայի կառավարությունը չի կարող թելադրել ԱՄՆ-ին

Ֆրենկ Փալոուն. Թուրքիայի կառավարությունը չի կարող թելադրել ԱՄՆ-ին

PanARMENIAN.Net - Դժվար է խոսքերով արտահայտել թե որքան տագնապալի է այն, որ պատմական ու մշակութային արժեքը, որը նվիրատվություն է նախագահ Քալվին Կուլիջին հայ որբերի անունից, փակ դռների ետևում են պահում, քանի որ Թուրքիան չի ցանկանում քննարկման հանել պատմական փաստերը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը, որը կոչ է արել նախագահ Օբամային հանել Սմիթսոնի ինստիտուտում «որբերի գորգի» ցուցադրության արգելքը: «Թուրքիայի կառավարութնը չէ, որ պետք է թելադրի ԱՄՆ-ին ինչպես վարվել նման հարցերում»,-ասել է կոնգրեսականը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Սպիտակ տանը հասցեագրված նամակում կոնգրեսականն ասել է, որ ԱՄՆ հայ համայնքը շարունակում է մեծ ավանդ ունենալ երկրի զարգացման գործում և Ամերիկան պետք է օգնի ուսումնասիրել ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ոչ թե ենթարկվի Թուրքիային»,-հայտարարել է նա:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսական Փալոունին Օբամային ուղղված նամակի համար: Այս իրապես ողբերգական փաստը վկայում է այն մասին, թե որքան խորը հարգանք է տածում ԱՄՆ վարչակազմը Անկարայի հանդեպ, որը փակում է ԱՄՆ-ի բերանը, երբ խոսքը գնում է Հայոց ցեղասպանության մասին: Թուրքիան չէ, որ պետք է թելադրի օտարերկրյա կառավարությանը, թե արվեստի ինչ գործեր նա կարող է ցուցադրել, առավել ևս «որբերի գորգը», որն ԱՄՆ սեփականությունն է ու պատմության մաս է կազմում»,-ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Թուրքիան ճնշում է գործադրում նախագահ Օբամայի վարչակազմի վրա, չեղյալ հայտարարելու համար Վաշինգտոնի Սմիթսոնի ինստիտուտում, հայ որբերի գործած գորգի ցուցադրությունը, որոնք վերապրելով Հայոց ցեղասպանությունը, նվիրել են այն որպես երախտագիտության նշան ամերիկացի բարերարներին ու ԱՄՆ նախագահ Քալվին Կուլիջին: Այժմ այն պահվում է Սպիտակ տանը ի թիվս ԱՄՆ նախագահների ստացած նվիրատվությունների:

Ցուցադրության արգելքը հանելու կոչով արդեն հանդես են եկել կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Դևիդ Վալդաոն, Բրեդ Շերմանն ու Ֆրենկ Փալոունը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---