Վիլնյուսի գագաթնաժողովի հռչակագրի նախագծում Հայաստանը չի հիշատակվում

Վիլնյուսի գագաթնաժողովի հռչակագրի նախագծում Հայաստանը չի հիշատակվում

PanARMENIAN.Net - Մի քանի ժամ առաջ հրապարակված Արևելյան գործընկերության Վիլնյուսի հռչակագրում Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող բաժինը դատարակ է, պնդում է «Ազատություն» ռադիոկայանի բրյուսելցի թղթակից Ռիկարդ Յոզվյակը: Նա հայտնել է, որ փաստաթղթի նախնական տարբերակը ԵՄ պաշտոնյաները տրամադրել են լրագրողներին տառացիորեն ժամեր առաջ: «Այն բանից հետո, երբ Երևանը հայտարարեց ՄՄ-ին միանալու մտադրության մասին, Հայաստանի մասին ոչ մի ձևակերպում չընդգրկվեց հռչակագրում»,-ասել է թղթակիցը:

Եվրոպացի դիվանագետները, սակայն, չեն բացառում, որ հռչակագրում Հայաստանի հիշատակման փոխարեն Եվրամիությունը կարող է փոխըմբռնման հուշագիր կնքել Հայաստանի հետ հետագա համագործակցության վերաբերյալ: Փոխարենը, հռչակագրում ողջունելի են համարվում Ադրբեջանի եվրաինտեգրացիոն ձգտումները: Ավելին, Եվրամիությունը նշում է, որ պատրաստ է բանակցություններ սկսել Բաքվի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին:

ԵՄ հռչակագիրը ողջունում է նաև Ասոցացման համաձայնագրի ստորագրումն Ուկրաինայի հետ, ինչպես նաև Ասոցացման մասին համաձայնագրերի նախաստորագրումը Վրաստանի ու Մոլդովայի հետ: Բելառուսի վերաբերյալ ԵՄ-ն նշում է, որ հատկապես ակտիվ է աշխատում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հռչակագրի նախագծում նաև ասվում է. «Եվրամիությունը ճանաչում է ԵՄ հետ հարաբերություններում անդամ յուրաքանչյուր պետության հավակնությունների չափը և նրա ինքնիշխան իրավունքն է ընտրել վերջնական նպատակը»: Ինչ վերաբերում է սառեցված հակամարտություններին Արևելյան գործընկերության անդամների տարածքում, ապա այդ հարցին հռչակագրում մեծ տեղ չի հատկացված: «Միայն Վրաստանի դեպքում նշվում է, որ անդամ պետությունները միակարծիք են այն հարցում, որ ԵՄ դիտորդական առաքելությունը պետք է աշխատի Վրաստանի ողջ տարածքում: Չի բացառվում, որ Մոլդովան մինչև նոյեմբերի ավարտը ցանկանա ինչ-որ ձևակերպում ընդգրկել հռչակագրի տեքստում Մերձդնեստրի հակամարտության վերաբերյալ: Մինչ օրս հայտնի չէ, թե ցանկանում են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը, որ ղարաբաղյան հակամարտությունը հիշատակվի հռչակագրում»,-ասել է Յոզվյակը:

Նա նշել է նաև, որ եզրափակիչ հռչակագրում Արևելյան գործընկերության անդամ պետությունների վերաբերյալ օգտագործվել է «եվրոպական ձգտումներ» ձևակերպումը: Այդ նույն ձևակերպումը օգտագործվել է նաև Արևելյան գործընկերության Վարշավայի հռչակագրում, որն ընդունվել է 2011 թվականին: «Մի շարք պետություններ, որոնք հանդես են գալիս ԵՄ ընդլայնման օգտին, ցանկանում են տեքստում ավելի կոնկրետ ձևակերպումներ օգտագործել Արևելյան գործընկերության դեպքում և նշանակում է, որ այդ հեռանկարներն ունեցող պետությունները մի հիանալի օր կարող են անդամակցել Եվրամիությանը: Բրյուսելի աղբյուրները, սակայն, չեն բացառում, որ ԵՄ մի շարք անդամներ, առաջին հերթին Ֆրանսիան, դիամդրել են նման ձևակերպմանը»,-ասել է Յոզվյակը, հայտնում է «Ազատության» ռադիոկայանի հայկական ծառայությունը:

ԵՄ ղեկավարության և Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում նախատեսվում էր Ասոցացման համաձայնագիր կնքել Հայաստանի ու Եվրամիության միջև, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթնաժողովում:

Ելույթ ունենալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, հոկտեմբերի 2-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը կմասնակցի Վիլնյուսի գագաթնաժողովին և պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը ԵՄ հետ: Իր հերթին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Ստանոն հայտարարեց, որ ՀՀ և ԵՄ միջև ստորագրման համար ոչ մի փաստաթուղթ չի պատրաստվում: «Մենք փորձում ենք Հայաստանի հետ հետագա համագործակցության ուղիներ գտնել` հիմնվելով առկա նվաճումների վրա»,-ասել է Ստանոն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---