Դեռ որքա՞ն է Բաքուն «մեկնաբանելու» գնդապետ Ռուզինսկու հայտարարությունը

Դեռ որքա՞ն է Բաքուն «մեկնաբանելու» գնդապետ Ռուզինսկու հայտարարությունը

PanARMENIAN.Net - Արդեն բավական ժամանակ է անցել ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկու «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցից, իսկ Ադրբեջանում ոչ մի կերպ չեն կարողանում հանդարտվել: Ամեն օր հայտնվում են ադրբեջանական քարոզչամեքենայի գործիչների նոր, հիստերիկ, այլ բառով չես անվանի, մեկնաբանություններ: Այդպես, ոչ անհայտ Էլնուր Ասլանովը հայտարարել է, թե «Ադրբեջանը կարող է տարբեր տարբերակների դիմել իր իրավասությունը գրավյալ տարածքներում վերականգնելու համար, եթե խաղաղ բանակցություններն արդյունք չտան»:

Բաքուն այնքան է նույն բանն ասել, որ արդեն դժվար է լուրջ ընկալել նման հայտարարությունները: Նախագահ Ալիևի գլխավոր գաղափարախոսը, արդեն ինքն էլ չհավատալով իր իսկ խոսքերին, նորից հնչեցրեց «տարածքների 20 տոկոսի ու մեկ միլիոն փախստականների մասին» մանտրան, չմոռանալով իհարկե «օկուպանտ երկիր» արտահայտությունը: Մենք արդեն բազմիցս ենք ասել, որ հենց Ադրբեջանն է օկուպացրել Շահումյանի շրջանն ու Արծվաշեն անկլավը: Սակայն Հայաստանն անբարոյական է համարում խաղարկել փախստականների խաղաթուղթը: 20 տարում կարելի է փախստականների համար տներ կառուցել, ապահովել աշխատանքով, առավել ևս, որ հարուստ ու «բարգավաճող Ադրբեջանում» դա անելը դժվար չէր լինի, միայն թե ցանկություն լիներ: Բայց այդ ցանկությունն է, որ չկա՝ նավթադոլաները նախատեսված են եվրոպաշտոնյաների, պատգամավորների կաշառման, Իլհամ Ալիևի ընտանիքի համար: Փախստակններին չի հերիքում:

Էլնուր Ասլանովն այդ ամենը «չի տեսնում» և շարունակում է նույն ոճով. «Ադրբեջանն այսօր ուժեղ է ինչպես երբեք, և անկախ է, ինչպես երբեք: Ադրբեջանը հզոր ռազմական ներուժ ու անկախ քաղաքականություն ունի, և ԱՀ-ն երբեք թույլ չի տա աշխարհի ոչ մի երկրի միջամտել իր տարածքների հանդեպ իրավասության վերականգնման հարցին»: Հենց այսպես: Հարց է առաջանում. ինչ՞ու այդ դեպքում համաձայնվել միջնորդների ջանքերին, խնդրել Թուրքիային մշտապես բարձրաձայնել Ղարաբաղի հարցում ադրբեջանական դիրքորոշումը, փորձել իր բանաձևերն անցկացնել ՄԱԿ-ում: Եվ ընդհանրապես, ինչո՞ւ համաձայնություն տալ Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը: Շատ ավելի դյուրին է ունենալով նման ռազմական ներուժ, ուղղակի «ազատագրել հողերը», իսկ ավելի ճիշտ օկուպացնել Արցախը: Բայց արի ու տես, որ հավանաբար Ադրբեջանի ռազմական հզորությունը բավական չէ նույնիսկ այդքան փոքր պատերազմի համար: Եվ հետո ո՞վ պիտի կռվի: Դատեք ինքներդ.:

Տարեսկզբից կորուստներն Ադրբեջանի անվտանգության ու պաշտապանության ոլորտում կազմել են 76 մարդ: «Դոկտրին» Ռազմական լրագրողական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերինլին հայտնել է, որ նոյեմբերի 1-ի տվյալներով ևս 86 մարդ վիրավորվել է կամ մարմնական վնասվածքներ ստացել: Մարտական պայմաններում զոհվել է նրանցից ընդամենը 10-ը, 66 ոչ մարտական կորուստներ են: Բացի այդ, անհայտ հանգամանքներում մահացել է Ջ. Նախիջևանսկու անվան ուսումնարանի ուսանողը: 9 մարդ զոհվել է դժբախտ պատահարների արդյունքում (ջրահեղձ են եղել, տանկի տակ են ընկել, հոսանքին են զոհ գնացել), 14-ը զոհվել են ավտովթարներից, 3-ը՝ ուղղաթիռի վթարից, 3-ը՝ անհայտ հանգամանքներում, 2-ը՝ անզգուշության պատճառով, 2-ը՝ քաղաքացիական անձանց կողմից, 6-ը՝ ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում, 11-ը՝ հիվանդություններից, 16-ը՝ ինքնասպան են եղել:

Այնպես որ, լրագրողների առջև հանդես գալուց առաջ Էլնուր Ասլանովը լավ կլինի թարմացնի գիտելիքները սեփական բանակի մասին, հետո սպառնա Հայաստանին ու Արցախի Հանրապետությանը: Պարզ է, որ Բաքուն երազում է ողջ Հայաստանը զավթել: Դե ինչ, երազել կարելի է, բայց մի ոչ այնքան գեղեցիկ օր կպարզվի, որ Ադրբեջանի հզոր բանակն ու անկախությունը նույնքան մոտ են սպառվելուն, որքան նավթն ու գազը, որոնց արդյունահանումը նվազում է ամեն տարի և գագաթնակետին կհասնի 2017 թվականին: Այդ մասին ասում են հենց ադրբեջանական փորձագետները:

Մեկ անգամ ևս հիշեցնենք Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարի խոսքերը: Իր հարցազորւյցում գնդապետ Անդրեյ Ռուզինսկին «Կրասնայա զվեզդա» թերթին հայտարարել էր, որ «եթե Ադրբեջանն որոշում կայացնի ուժային միջոցով վերականգնել Լեռնային Ղարաբաղի հանդեպ իրավասությունը, ապա Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը կարող է մասնակցել ռազմական հակամարտությանն ըստ ՌԴ պայմանագրային պարտավորությունների ՀԱՊԿ շրջանակներում»:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---