Ալեքսանդր Պերենջիև. Գնդապետ Ռուզինսկու հայտարարություններն արտահայտում են ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի դիրքորոշումը

Ալեքսանդր Պերենջիև. Գնդապետ Ռուզինսկու հայտարարություններն արտահայտում են ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի դիրքորոշումը

PanARMENIAN.Net - 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարը պաշտոնատար անձ է, որը որոշակի լիազորություններով է օժտված ՌԴ պետական իշխանության կողմից Հարավային Կովկասում նրա քաղաքականության իրացման գործում: Գնդապետ Ռուզինսկու հայտարարություններն արտահայտում են ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի նրա անմիջական պետերի դիրքորոշումն ու բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հրահանգներն ու ցուցումները: Ուստի, ձևականորեն 102-րդ ռազմակայանի հրամանատարն իր հարցազրույցում ղեկավարվել է ՌԴ Ռազմական դոկտրինի 21 կետի պահանջներով առ այն, որ «Ռուսաստանի Դաշնությունը դիտարկում է զինված հարձակումը ՀԱՊԿ անդամ երկրի դեմ որպես ագրեսիա ՀԱՊԿ անդամ երկրների դեմ և այդ դեպքում կդիմի այն միջոցներին, որոնք նախատեսված են Հավաքական անվտանգության մասին պայմանագրով»: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Ռազմական քաղաքագետների ասոցիացիայի փորձագետ Ալեքսանդր Պերենջիևը:

Ըստ նրա, ամեն դեպքում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարի հայտարարությունն այն մասին, որ «եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշում կայացնի Լեռնային Ղարաբաղի հանդեպ իր իրավասությունն ուժային միջոցով վերականգնելու մասին, ռազմական հակամարտությանը կարող է միջամտել ռազմակայանը», նշանակում է միայն մեկ բան՝ ՌԴ ղեկավարությունը, թեև անուղղակի կերպով, զգուշացնում է ադրբեջանական կողմին, որ հարկավոր է ձեռնպահ մնալ Հայաստանի հանդեպ ագրեսիվ մտադրություններից և շարունակել խաղաղ բանակցությունները, հայտնում է vesti.az-ը: «102-րդ ռազմակայանի հրամանատարի հայտարարության ետևում միայն մեկ լուրջ քաղաքական ուժ կարող է լինել՝ դա Ռուսաստանի պետական իշխանությունն է ի դեմս նրա պաշտոնական մարմնի՝ ՌԴ պաշտպանության նախարարության:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության բացահայտ հայտարարությունը առաջիկայում Լեռնային Ղարաբաղի համար պատերազմ սկսելու մտադրության մասին, ինչպես հասկանում եք, անձամբ ինձ համար նորություն չէ: Ես արդեն բազմիցս եմ իմ նախորդ հարցազրույցներում ԶԼՄ-ներին խոսել ադրբեջանական քաղաքական շրջանակներում և հասարակության մեջ համապատասխան տրամադրությունների մասին: Եթե կարճ ասելու լինենք, մարզական ձևով, ապա ադրբեջանական բանակը գերադասելի է նայվում: Նա որոշակի առավելություն ունի հայկական բանակի համեմատ տանկերի, զրահամեքենաների, գիշերային տեսանելիության սարքերի, կապի համակարգերի ու կառավարման առումով: Թուրք, և հատկապես իսրայելցի տեսուչները, նույնպես մեծ ավանդ ունեցան ադրբեջանական ռազմական կազմավորումների մարտունակության բարձրացման առումով: Սակայն ճնշող առավելության մասին խոսել չենք կարող: Առավել ևս, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ կարող է ակնկալել Ռուսաստանի և ՀԱՊԿ մյուս անդամների աջակցությունը»,-ասել է Պերենջիևը:

Իր հարցազրույցում Անդրեյ Ռուզինսկին մասնավորապես հայտարարել է, որ «եթե Ադրբեջանն որոշում կայացնի ուժային միջոցով վերականգնել Լեռնային Ղարաբաղի հանդեպ իրավասությունը, ապա Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը կարող է մասնակցել ռազմական հակամարտությանն ըստ ՌԴ պայմանագրային պարտավորությունների ՀԱՊԿ շրջանակներում»: Ըստ նրա, ռազմաքաղաքական իրավիճակը ռազմակայանի պատասխանատվության գոտում անհանգիստ է մնում և բնորոշվում է մի շարք ապակայունացնող գործոնների առկայությամբ, «կապված հակամարտության գոտում դիմակայության թեժացման հավանականության հետ»: «Ռազմակայանը անհապաղ գործարկման մշտապես պատրաստ միավորում է: Ուժերի առկա ծավալը թույլ է տալիս հաջողությամբ լուծել խնդիրները: «Հայատանում տեղակայված ռուսական ռազմակայանի մարտական կազմի առանձնահատկությունն է զենիթային հրթիռային դիվիզիոնի առկայությունը, որը հագեցած է С-300В ԶՀՀ-ով, զենիթահրթիռային դիվիզիոնը, որը զինված է ԲՈւԿ-Մ1-2 ԶՀՀ-ով, «Սմերչ» ռեակտիվ հրետանային համակարգն և ՄիԳ-29 մարտական ինքնաթիռներով հագեցած ավիաբազան»,- ասել է գնդապետը:

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---