Մասաչուսեթսում քննարկում են ցեղասպանության պարտադիր ուսուցման մասին օրինագիծը

Մասաչուսեթսում քննարկում են ցեղասպանության պարտադիր ուսուցման մասին օրինագիծը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերին վերջին ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի կրթության հանձնախումբը հանրային լսումներ է անցկացրել ցեղասպանությունների պարտադիր ուսուցման մասին օրինագծի վերաբերյալ, որը ստացել է նաև Մասաչուսեթսի Հայ Դատի հանձնախմբի (АNC -МА) աջակցությունը:

Օրինագիծը ներկայացրել է կոնգրեսական Ջոնաթան Գեղտը (D- Watertown ), որով պահանջվում է, որ ցեղասպանությունների ուսուցումը ներառվի պետական դպրոցների պատմության դասընթացներում:

АNC -МА նախագահ Տիգրան Կալիգյանը նշել է, որ դպրոցների շրջանավարտները բավարար գիտելիքներ չունեն ցեղասպանությունների մեծ մասի մասին: Նա կարևորել է օրինագծի ընդունումը Հայոց ցեղասպանության պարագայում: «Հայոց ցեղասպանության մերժողականության թուրքական կառավարության երկար ձեռքը հասել է Մասաչուսեթս»,-ասել է նա: Նոր Անգլիայի թուրքական մշակութային կենտրոնի ներկայացուցիչ Էրկուտ Գոմուղլուն սատարել է օրինագծին, սակայն դեմ էր Հայոց ցեղասպանության հիշատակմանը: Ըստ նրա, օրենսդիրները չեն կարող դատել պատմական իրադարձությունների մասին:

Իր հերթին Մասաչուսեթսի «Պահպանել Դարֆուրը» կոալիցիայի նախագահ Էրիկ Քոենը կարևորել է ցեղասպանությունների ուսումնասիրությունը դպրոցներում: Կոմիտեի անդամներ են նաև կոնգրեսականներ Ալիսա Հենլոն Փեյշն ու սենատոր Սոնյա Չանգ Դիասը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

Հոլոքոսթ

Հոլոքոսթը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական նացիստների կողմից միլիոնավոր մարդկանց համակարգված հետապնդումն ու գնդակահարումն էր, որի զոհը դարձան հրեական ժողովրդի գրեթե մեկ երրորդը եւ այլ փոքրամասնությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք խտրականության, վայրագությունների ու դաժան սպանությունների ենթարկվեցին: 1949թ. Համաշխարհային հրեական կոնգրեսի կողմից Եվրոպայի երկրներում պատերազմից առաջ եւ հետո հրեաների թվի կատարած համեմատությունը հանգեցրեց այն եզրակացության, որ Աղետի ժամանակ զոհվել է վեց միլիոն մարդ: Այդ թիվն ամրագրված է գլխավոր ռազմական հանցագործների Նյուրնբերգյան գործընթացի, Էյխմանի գործընթացի վճիռներում եւ ճանաչվել է Աղետի վիճակագրության հարցերով գիտնականների միջազգային խորհրդակցության (Փարիզ, 1987թ.) մասնակիցների մեծ մասի կողմից, երբ քննարկվում էին 4,2-6 միլիոն թվերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---