Միխայիլ Ալեքսանդրով. Հանդիպումը Վիեննայում կարևոր նշանակություն ուներ

Միխայիլ Ալեքսանդրով. Հանդիպումը Վիեննայում կարևոր նշանակություն ուներ

PanARMENIAN.Net - Չնայած, որ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպմանը Վիեննայումզգալի արդյունքներ չարձանագրվեցին (լուրջ վերլուծաբանները նման արդյունքներ չէին էլ ակնկալում), այն կարևոր նշանակություն ուներ: Հանդիպումն անցնում էր զգալի ընդմիջումից հետո: Այդ մասին PanARMENIAN.Net ին ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Միխայիլ Ալեքսանդրովը: Նա հիշեցրել է, որ վերջին հանդիպումը Կազանում էր, որտեղ Ադրբեջանը հրաժարվեց ընդունել Մինսկի խմբի պայմանները:

«Դրան հաջորդեց լարվածության աճը ԼՂՀ և Հայաստանի հետ սահմանին: Լարվածությունը պահպանվում էր մինչև վերջին րոպեն: Ուստի հանդիպումը կարևոր է որպես նախագահների մակարդակով երկխոսության վերսկսման նշան: Իսկ այդպիսի վերսկսումը պետք է նպաստի լարվածության թուլացմանը սահմանին, քանի որ Ադրբեջանի նախագահը ստիպված կլինի հաշվի առնել, որ շուտով նման հանդիպում է լինելու, իսկ լարվածության աճը կդժվարացնի այդպիսի երկխոսությունը»,-ասել է նա:

Ռուս փորձագետը նշել է նաև, որ հանդիպումների վերսկսումը շատ կարևոր է, քանի որ երկու երկրների հասարակություններին ցույց է տալիս լարվածության աճի ու պատերազմի վերսկսման այլընտրանք: Դա հանդարտեցնող ազդեցություն է ունենում հայերի ու ադրբեջանցիների վրա: «Հատկապես դա կարևոր է Ադրբեջանի համար, որտեղ ռազմաշունչ հռետորաբանությունը առօրյա կյանքի մաս է դարձել: Նույնիսկ եթե այն պահպանվի, երկխոսության վերսկսման պարագայում չի ունենա նախկին ապակայունացնող արդյունքը:

Եվ երրորդը: Երկխոսության վերսկսումը հնարավորություն է բացում փոխզիջման համար: Անշուշտ, դա մոտ ապագայի գործ չէ, սակայն հեռանկարում նման տարբերակը չի բացառվում: Եվ կարևոր է, որ այն պահպանվի Ադրբեջանի ու Հայաստանի քաղաքական վերնախավի ուղեղներում», ասել է Ալեքսանդրովը:

Ինչ վերաբերում է Կիևում հնարավոր հանդիպմանն, ապա փորձագետը նշել է, որ հազիվ թե այնտեղ բեկում լինի: «Սակայն այժմ ամենակարևոր հարցը սահմանին լարվածության նվազեցումն է, հակամարտության լարվածության նվազեցումը: Խոսքը պետք է գնա գնդակոծությունների դադարեցման, վստահության միջոցների բարձրացման, դիտորդների ակտիվացման մասին: Ահա այս հարցերում պայմանավորվածությունները հնարավոր են»,-ասել է Միխայիլ Ալեքսանդրովը:

Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցավ վերջին երկու տարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը, առանձնազրույցը: Ավելի ուշ նախագահներին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիքը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:

Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ նշեցին, որ առանձնազրույցի և դրան հաջորդած համանախագահների ու նախարարների մասնակցությամբ աշխատանքային հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախագահները պայմանավորվել են հանդիպել առաջիկա ամիսներին: Որպես հաջորդ քայլ համանախագահները կազմակերպում են նախարարների աշխատանքային հանդիպումներ ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակում, որը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը Կիևում: Համանախագահները մտադիր են տարածաշրջան այցելել մինչև տարեվերջ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---