Լեոնիդ Ազգալդյանն Արցախի մասին. Սա Հայաստան է և վերջ

Լեոնիդ Ազգալդյանն Արցախի մասին. Սա Հայաստան է և վերջ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին ծնվել է Արցախի «Ազատագրական բանակ» ջոկատի հրամանատար, ՀՀ և ԼՂՀ Մարտական առաջին աստիճանի խաչի շքանշանակիր Լեոնիդ Ազգալդյանը, որին են պատկանում Արցախի մասին անմահ խոսքերը. «Սա Հայաստան է և վերջ»: Նա ծնվել է Թբիլիսիում, հետո ընտանիքը տեղափոխվել է Երևան: Ազգալդյանը սովորել է ՄՊՀ և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետներում, աշխատել է ավտոմատ համակարգերի կառավարման ոլորտում: Ազգալդյանը ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկն էր, 1990 թվականի փետրվարից սկսած պլանավորել և կազմակերպել է Հայաստանի և Ղարաբաղի մի քանի շրջանների ինքնապաշտպանությունը:

1991 թվականին Լեոնիդ Ազգալդյանը Հովսեփ Հովսեփյանի հետ հիմնեց «Ազատագրական բանակ» ջոկատը, որը կոչված էր պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը: Գիտակցելով երկրի համար ողջ վտանգը՝ նա ասում էր. «Ազգի գոյության հարցն է լուծվում: Ոչ մի գաղափարով չի կարելի արդարացնել Շահումյանի, Գետաշենի, Արցախի, ինչպես նաև մնացած հայոց հողերի հանձնումը»: Եվ թույլ չտալու համար այդ կորուստը, նա դարձավ Շարժման ամենաակտիվ մասնակիցներից մեկը, վստահ լինելով, որ միայն «իրական քայլեր են հարկավոր»: Այստեղ մերջբերում ենք անում Լեոնիդի վաղեմի նամակից, հասցեագրված մերձավոր մի մարդու, որը հայտնվել էր բարդ իրավիճակում. «Գլխավորն այսօրվա բուն էությունը հասկանալն է…Դուք կհաղթեք միայն ձեզ արժանի գործողությունների շնորհիվ…Ուրիշների խղճմտանքը հայցելն ու այլ հիմարություններն անօգուտ են…»:

Ղարաբաղյան շարժման առաջին օրվանից Լեոնիդ Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին: Մտավորականության ներկայացուցիչներից միայն մի քանիսն էին առաջնագծում: Նրանց թվում էր նաև Դևը՝ Ազգալդյանի ընկերն ու զինակիցը: Նրանք իսկական մտավորականներ էին, հավատարիմ սեփական գաղափարներին, հայրենասիրության տիպարներ:

Լեոնիդ Ազգալդյանի գերնպատակը պատերազմի դաշտում մարդկային անխուսափելի կորուստների թիվը նվազագույնի հասցնելն էր: «Շատ քրտինք` քիչ արյուն»,-ասում էր նա: Ազատագրելով Արցախը՝ Ազգալդյանը մտովի ազատագրում էր նաև Կարինն ու Վանը, Կարսն ու Անին: Նա սիրում էր կնկնել. «Մի հավատացեք, եթե ասեն, որ մահացել եմ: Ես Ստամբուլի պատերի տակ եմ ընկնելու»: Նրա մեծ երազանքն էր վերադարձնել «նախնիների կորսված հողերը, հզոր երկիր ստեղծել, որտեղ մեր ժողովուրդը նոր ոգի ու շունչ կառնի»: Լեոնիդ Ազգալդյանն իր զինակիցների հետ, առաջին հերթին «Արցախի ճակատ» ստորաբաժանման հրամանատար Վլադիմիր Բալայանի հետ միասին Արցախյան պատերազմում փայլուն հաղթանակներով ճանապարհ էր հարթում դեպի այդ նվիրական երազանքը: Երկու հրամանատարները, ոգեշնչելով մարտիկներին սեփական արիությամբ, տանում էին նրանց ի մարտ, ազատագրելով հայրենի հողը: 27 հաղթանակ և ոչ մի պարտություն՝ ահա այսպիսին է «Ազատագրական բանակ» ջոկատի փառավոր ուղին՝ Վարդենիսի ու Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերից մինչև Կոռնիձոր ու Շահումյան, մինչև Մարտակերտ: Քայլ առ քայլ ազատագրվում էին Բուզլուխ, Մանաշիդ, Տող, Էրքեջ, Վեինշեն, Քարաչինար, Գյուլիստան գյուղերը: Վնասազերծվեցին ու ազատագրվեցին ադրբեջանաբնակ Իմերեթ-Քերեվենդը, Մանիքենդը, Աղդաբանը, Չեկչուվաշանն ու մյուսները: Բայց, ըստ Ազգալդյանի, գլխավորը Շուշիի ազատագրումն էր: «Ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին…Հայաստանի նոր պատմությունը Շուշիից է սկսվում»,-ասել է Լեոնիդը: Նա զոհվեց 1992 թ. հունիսի 21-ին Մարտակերտի համար մարտում:

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---