Լրագրող. Ցեղասպանությունից 100 տարի անց հայերին շարունակում են սպանել Սիրիայում

Լրագրող. Ցեղասպանությունից 100 տարի անց հայերին շարունակում են սպանել Սիրիայում

PanARMENIAN.Net - Independent-ի մերձավորարևելյան թղթակից Ռոբերտ Ֆիսկը մտահոգված է սիրիահայերի ճակատագրով՝ նրանք կրկին հալածանքների զոհ են, այս անգամ ապստամբ իսլամիստների կողմից: Լրագրողը հիշեցնում է, որ մոտ 30 տարի առաջ մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի արտաշիրիմմանը Սիրիայի Հաբուր գետի մոտ. «Գտնել այդ ոսկորները հեշտ չէր, քանի որ Հաբուր գետի (սիրիական Դեր էլ Զորից դեպի արևելք) հունը փոխվել է: Այնքան դիակ է նրա ջրերը նետվել, որը հունը շեղվել է դեպի արևելք: Մասունքները զետեղվեցին տեղի հայկական եկեղեցու տարածքում: Իսկ այժմ այն նույն եկեղեցին, որտեղ հավաքված են հայերի ոսկորները, և որտեղ, կարծես, վերջին հանգրվանն էին գտել, վնասվել է պատերազմի ժամանակ»: «Դեր էլ Զորի եկեղեցին դա հայերի Հոլոքոսթի զոհերին նվիրված հուշարձան է, ոչ պակաս սուրբ, քան Իսրայելի Յադ Վաշեմը հրեական Հոլոքոսթի զոհերի համար»,-գրում է Ֆիսկը:

Independent-ի թղթակիցը հայերի հալածանքների ևս մի քանի օրինակ է նշում. «Հայերն, ինչպես նաև Սիրիայում քրիստոնյա մյուս հավատավորները, Ասադի դեմ հեղափոխության կողմնակիցներ չեն, թեև հազիվ թե նրանց կարելի է նաև Ասադի կողմնակիցները համարել…Ցեղասպանությունը վերապրած հայ քրիստոնյաների ժառանգները, որոնք ապաստան գտան Սիրիայում, կրկին ստիպված են փախչել՝ Լիբանան, Եվրոպա, Ամերիկա»: Սիրիահայերի թվում զոհերի քանակն, ըստ հեղինակի, հասնում է 65, ևս 100 մարդ առևանգվել է»:

Երկու տարի անց հայեը նշելու են «իրենց Հոլոքոսթի 100-ամյակը», հիշեցնում է Ֆիսկը: Նույն տարում Թուրքիան, որը մինչ օրս ժխտում է Հայոց ցեղասպանությունն ու սատարում է սիրիացի ապստամբներին, նշելու է Գալիպոլիում տարած հաղթանակի հոբելյանը, որի շնորհիվ երկիրը 1915 թվականին խուսափեց օկուպացիայից: «Հայերը նույնպես մասնակցել են այդ ճակատամարտին, բնականաբար, թուրքական համազգեստով: Բայց պատրաստ եմ որքան կուզեք դոլարի գրազ գալ, որ թուրքական կառավարությունը, որը շուտով ոչնչացնելու էր այդ մարդկանց, 2015-ին չի էլ հիշի նրանց մասին»,-գրում է Ֆիսկը, հայտնում է InoPressa-ն:

Ռոբերտ Ֆիսկը բազմիցս է եղել Թուրքիայում ու Հայաստանում և իր հոդվածներում գրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին: Նրա «Առաջին Հոլոքոսթը» գիրքը Հայոց ցեղասպանության մասին թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 126 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում 65 հայ է զոհվել:

Հղումներ թեմայով.
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---