Դավութօղլուն Ցեղասպանության մասին. Պարզվում է՝ «Թուրքիան չի աջակցել հայերի բռնագաղթի անմարդկային քաղաքականությանը»

Դավութօղլուն Ցեղասպանության մասին. Պարզվում է՝ «Թուրքիան չի աջակցել հայերի բռնագաղթի անմարդկային քաղաքականությանը»

PanARMENIAN.Net - «Հայերի բռնագաղթը 1915 թվականին անմարդկային քայլ էր և Թուրքիան երբեք չի սատարել այդ քաղաքականությանը»,-նախօրեին Երևանում թուրք լրագրողներին է հայտարարել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Թուրք նախարարը հույս է հայտնել, որ երկու երկրների հավաքական գիտակցությունը կարող է հիմնվել «ուղղակի հիշողության» վրա: «Ասելով «ուղղակի հիշողություն», ես նկատի ունեմ, որ մենք պետք է ուսումնասիրենք փաստերը և կհասկանանք, որ հայ-թուրքական հարաբերությունները ոչ մի ընդհանուր բան չունեն գերմանա-հրեական հարաբերությունների հետ: Երբ դուք կգիտակցեք դա, կհասկանաք, որ բռնագաղթը, ես վստահ եմ, բացարձակապես սխալ ու անմարդկային քայլ էր»,-ասել է Դավութօղլուն թուրք լրագրողներին, գրում է The Hürriyet Daily News-ը:

«Սակայն, երբ դուք գրում եք այդ բռնագաղթի պատմության մասին, պետք է նկատի ունենաք, որ թուրքական կողմի հավաքական գիտակցության մեջ արմատացել է այն ընկալումը, որ հայերը դավաճանել են իրենց ազգին և արժանի էին բռնագաղթի: Պատմական փաստերի ցանկացած սխալ ընկալում ինչպես հայկական, այնպես էլ թուրքական կողմից, պետք է ոչնչացվի: Մենք, ի տարբերություն հայերի, կարողացանք դա անել 2005 թվականին»,-ասել է թուրք նախարարը՝ հավելելով. «Մեր գլխավոր նպատակն է ոչ միայն բացել հայ-թուրքական սահմանը, այլ ձևավորել այն հիմքը, որ ճանապարհ կհարթի համապարփակ խաղաղության համար: Այն հիմնված է երեք սյուների վրա: Առաջրնը՝ հարաբերություններն են Թուրքիայի ու Հայաստանի միջև: Երկրորդը՝ հայ-ադրբեջանական ու վրաց-աբխազական հարաբերություններն են: Եվ երրորդը՝ հարաբերություններն անմիջապես թուրքերի ու հայերի միջև: Եթե սյուներից մեկը վնասված է, դա բերում է ողբերգության: Ենթադրենք, մենք բացեցինք սահմանը Հայաստանի հետ: Բայց եթե նորից պատերազմ սկսվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, մենք ստիպված կլինենք կրկին այն փակել: Բարդագույն բան կլինի ստատուս քվոյի այսբերգը հալեցնելը: Դուք կարող եք նույնիսկ պատերազմ հրահրել՝ փորձելով այն հալեցնել»,-հայտարարել է Դավութօղլուն:

Ըստ նրա, թուրքական կողմը բանակցել է հայկական սփյուռքի հետ, սակայն առանց հրապարակելու այդ փաստը: «Նախկինում հայկական Սփյուռքի հետ բանակցություններն ընկալվում էին որպես սպառնալիք կամ հետախուզության գործողություններ: Դիվանագետները մտածում էին, թե ինչ են անելու, եթե այդ բանակցությունները ձայնագրվել են: Սակայն այժմ դա դարձել է նրանց պարտականությունը: Արտերկիր իմ այցերի ժամանակ ես հանդիպում եմ հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Մենք չենք անում դա ցուցադրաբար, քանի որ ծայրահեղականորեն տրամադրված հայերը կարող են խնդիրներ առաջացնել: Մենք հասկանում ենք, որ առանց կապեր հաստատելու Սփյուռքի հետ, որը ճնշում է գործադրում Հայաստանի հանդեպ, հարցը դուրս չի գա փակուղուց»,-հայտարարել է Դավութօղլուն:

Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը՝ Ահմեդ Դավութօղլուն նշեց. «Մենք շատ գոհ ենք Նալբանդյանի հետ հանդիպումից: Այն անկեղծ էր: Հանդիպման հիմնական նպատակն էր երկխոսության մթնոլորտի ձևավորումը ամուր հիմքի վրա»:

Թուրքիան Հայաստանին պահանջներ չի ներկայացրել Ադրբեջանին երկու շրջան վերադարձնելու վերաբերյալ։ Ինչպես գրում է 1news.az-ը՝ թուրքական ԶԼՄ-ներին հղումով, այդ մասին թուրք լրագրողներին Երևանում մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն։ «Վերոնշյալ հարցի հետ կապված բոլոր լուրերը լրագրողների ձեռքի գործն են։ Ամբողջ այդ տեղեկությունը հիմնված է այդ ուղղությամբ նախկին պլանների վրա»,- նշել է Դավութօղլուն։ Նա նաև ասել է, որ նման տեղեկությունները հաճախ սպեկուլյատիվ բնույթի են։ Թուրքիայի ԱԳ նախարարն Երևանում մասնակցում էր ՍԾՏՀ նիստին:

Ավելի վաղ թուրքական Sabah թերթը, հայտնելով Երևանի հետ հարաբերություններ հաստատելու Անկարայի որոշ «սենսացիոն» պլանների մասին, գրել էր, որ «Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի խոսքերն որոշ կրեատիվ մտքերի ու գաղափարների մասին, որոնք Թուրքիան կցանկանար իրագործել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, նոր իմաստ են ստանում:

Դավութօղլուի ԱՄՆ այցի ավարտին, ինչպես նաև Պուտինի ու Օբամայի հետ Էրդողանի քննարկումներից հետո, պաշտոնական Անկարան պատրաստել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզը:

Մասնավորապես, թերթը գրում էր, որ պաշտոնական Երևանն արդեն բառացի խոստացել է Ադրբեջանին հանձնել երկու ազատագրված շրջան, սակայն Անկարան պահանջել է Երևանից պաշտոնապես հայտարարել այդ մասին: «Եթե Հայաստանի ղեկավարությունը նման հայտարարություն հնչեցնի, Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին կայցելի Երևան՝ ՍԾՏՀ միջոցառմանը»,-գրել էր թերթը: Բայց սա դեռ բավական չէ: Պարզվում է, «եթե հայկական զորքերն առաջին փուլում ազատեն ԼՂՀ մերձակա 7 շրջաններից 2-ը, փոխարենը կկարգավորվեն Հայաստանի հարաբերություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ»: Թուրքական պարբերականը չի նշում, թե ինչ նկատի ունի «կարգավորում» ասելով:

Ավելի վաղ Today’s Zaman-ն իր դիվանագիտական աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ Թուրքիան դիմել է աջակցության համար Շվեյցարիային, որն, ըստ Անկարայի, պետք է օգնի հանգուցալուծել ղարաբաղյան հակամարտությունը, դրանով իսկ ճանապարհ հարթելով Անկարայի ու Երևանի հարաբերությունների վերականգնման համար: Շվեյցարիա այցելության ժամանակ հոկտեմբերի կեսին Դավութօղլուն հայտարարեց Շվեյցարիայի պաշտոնյաներին, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:

Թուրք նախարարը հասկացրել էր, որ Երևանը «պետք է սկզբից ազատի գրավյալ տարածքները», այսինքն իրականում մեր ազատագրված տարածքները: Ըստ Դավութօղլուի, եթե Շվեյցարիային հաջողվի համոզել Երևանին տարածքները փոխանցել Ադրբեջանին, Անկարան կբացի Հայաստանի հետ սահմանը: Ըստ պարբերականի, շվեյցարացի պաշտոնյաները դրական են արձագանքել Դավութօղլուի առաջարկին: Ըստ աղբյուրների թուրքական ԱԳՆ-ում, Թուրքիան մասնավորապես, մտադիր է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ մինչև 2015 թվականը, այսինքն մինչ Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Թերթը մեջբերում է նաև ոմն «բարձրաստիճան թուրք պաշտոնյայի» մեկնաբանությունը, ըստ որի «Թուրքիան փակել է սահմանը Հայաստանի հետ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ հարևան շրջանների պատճառով»: Ըստ աղբյուրի, Ադրբեջանը հայտարարել է, թե չի առարկի Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի բացման դեմ, եթե Երևանն «ազատի» 7 մերձակա շրջաններից առնվազն 5-ը: «Երևանը նույնպես հայտարարել է, թե պատրաստ է հեռանալ հինգ շրջաններից»,- ամփոփել էր թերթը:

Ի պատասխան այս ամենի Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել էր. «Շինծու աղբյուրների հիմար տեղեկությունները մեկնաբանությունների կարիք չունեն»:

Հղումներ թեմայով.
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---