Կաբալիեն ներկայացրել է նոր ալբոմը՝ «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակ»

Կաբալիեն ներկայացրել է նոր ալբոմը՝ «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակ»

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին Փարիզում Մոնսերատ Կաբալիեի նոր «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսն էր, որին ներկա է եղել Բակո Սահակյանի գլխավորած Արցախի պատվիրակությունը: Իր խոսքում նախագահ Սահակյանը նշել է, որ այդ իրադարձությունը պատմական է Արցախի համար՝ հավելելով, որ Մոնսերատ Կաբալիեն շարունակում է պատմական քրիստոնյա քարոզիչների առաքելությունը՝ բարձր արվեստի միջոցով ոչ միայն Արցախն աշխարհին ներկայացնելով, այլև յուրօրինակ կոչ հղելով մարդկությանը՝ պահպանելու քրիստոնեական արժեքները: ԼՂՀ նախագահը երախտագիտություն է հայտնել աշխարհահռչակ երգչուհուն և բոլոր նրանց, ովքեր մասնակցել են նախագծի իրականացմանը՝ ընդգծելով, որ դա անկեղծ բարեկամության լավագույն դրսևորումներից է:

2013-ի ամռանը Մոնսերատ Կաբալիեն այցելել է Հայաստան և Արցախ: «Սա ոչ միայն քրիստոնեության կղզի է, այլև քրիստոնեության պատմության արմատը։ Ես ոտքից գլուխ քրիստոնյա եմ»,- նշել է Մոնսերատ Կաբալիեն: «Ես այստեղ՝ Ստեփանակերտում եմ որպես երգչուհի։ Սակայն որպես մարդկային էակ՝ ես ներկայացնում եմ Միացյալ Ազգերի Կազմակերպությունը... Առաջարկում եմ իմ ձեռքն ու սիրտը»,- հավելել է երգչուհին: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն աշխարհահռչակ երգչուհուն ու նրա դստերն է նվիրել հայ վարպետների պատրաստած ոսկյա խաչերն՝ օծված Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանի կողմից Գանձասարում: Երգչուհին ու նրան ուղեկցող անձինք եղան Շուշիում, այցելեցին Նորավանք և վերադաձան Երևան:

Հունիսի 9-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխարհահռչակ սոպրանոյի համերգն էր: Նրա հետ հանդես էին եկել դուստրը՝ ճանաչված սոպրանո Մոնսերատ Մարտին, մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը: Աշխարհահռչակ երգչուհին ելույթ էր ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որի գեղարվեստական ղեկավարն և գլխավոր դիրիժորն Էդուարդ Թոփչյանն էր: Նվագախմբի ելույթը ղեկավարում էր Մոնսերատ Կաբալիեի և մյուս երգչուհիների հետ Հայաստան ժամանած հայտնի դիրիժոր Ռամոն Տեբարը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---