Նազարբաևը դեմ է Հայաստանի անդամակցությանը ՄՄ-ին Ղարաբաղի պատճառո՞վ

Նազարբաևը դեմ է Հայաստանի անդամակցությանը ՄՄ-ին Ղարաբաղի պատճառո՞վ

PanARMENIAN.Net - Ղազախստանը պատրաստ է ստորագրել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը», սակայն հատուկ կարծիքով, քանի որ պահանջում է բացատրել Մաքսային միության սահմանի հարցը Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված: Այս մասին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում: «Հայաստանի վերաբերյալ «ճանապարհային քարտեզը» հիմնականում համաձայնեցված է, կարծում եմ, այն կարելի է ընդունել: Միևնույն ժամանակ բաց է մնում այն հարցը, թե ղարաբաղյան հակամարտության հետ կապված որտեղ է լինելու Մաքսային միության սահմանը Հայաստանում: Ուստի մենք մեր պաշտոնակիցների հետ միասին կստորագրենք «ճանապարհային քարտեզը», սակայն հատուկ կարծիքով, որը կշարադրվի»,-ասել է Նազարբաևը: Նա հույս է հայտնել, որ փաստաթղթի համաձայնեցման ընթացքում փորձագետները կգտնեն այս հարցի լուծումը:

Հավանաբար, Ղազախստանի նախագահը, իսկ նրանից առաջ Բելառուսի նախագահը, Մաքսային միությունը շփոթում են ՆԱՏՕ-ի նման կառույցի հետ, որտեղ չեն ընդունվում չկարգավորված հակամարտություններ ունեցող երկրները: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի խնդիրը շատ հարմար լծակ է ինտեգրման գործընթացներին մասնակցելու հարցում Հայաստանին մերժելու համար ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ԱՊՀ տարածքում: Մի կողմից, Նազարբաևին ու Լուկաշենկոյին կարելի է հասկանալ: Ղազախստանը Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ է և անում է այն, ինչը ոչ հրապարակավ նախատեսում է ԻՀԿ կանոնադրությունը՝ ամենուր կասեցնել Հայաստանի անդամակցությունը: Լուկաշենկոն, ինչպես հայտնի է, չափից շատ է պարտական Իլհամ Ալիևին, սեփական կարծիք ունենալու համար:

Նուրսուլթան Նազարբաևը անկեղծ չէ սահմանի հարցում: Կա Հայաստանի Հանրապետության պաշտոնական սահման և համաձայնագիրը կնքվում է հենց նրա հետ: Ղարաբաղն այստեղ կապ չունի, ինչպես և Ղազախստանի նախագահը, որն իր ժողովրդին ամուր բռունցքի մեջ է պահում՝ կասեցնելով ցանկացած այլախոհություն: Ավելորդ չի լինի հիշեցնել, թե ինչպես Նազարբաևն իշխանության եկավ: 1986 թվականի դեկտեմբերին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում զանգվածային անկարգություններ սկսվեցին, քանի որ Ղազախստանի Կոմկուսի առաջին քարտուղարի պաշտոնում Դինմուհամեդ Կունաևի փոխարեն ընտրվեց Գենադի Կոլբինը: Կունաևն անձամբ դեմ էր Նազարբաևի նշանակմանը, որը սկզբում նույնպես ներկայացվել էր այդ պաշտոնի համար: Այնուամենայնիվ, 1989 թվականից մինչ օրս Նազարբաևն է Ղազախստանը ղեկավարում զերծ չմնալով բռնատիրական մեթոդներից: Եվ այս մարդը, որը ճնշում է ցանկացած ընդդիմադիր շարժում իր երկրում, մտադրվել է «սեփական կարծիքն ունենալ Ղարաբաղի հարցում»: Հավանաբար, Նազարբաևը նման յուրօրինակ կերպով շնորհավորեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ:

Ի դեպ, ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի, Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը կնպաստի ղարաբաղյան հարցի կարգավորմանը: «Ղարաբաղի հարցը հիմա չի առաջացել, և կապված չէ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության հետ: Դրա համար կան առանձին ձևաչափեր, կան մասնագետներ, որոնք զբաղվում են կարգավորման հարցով ու հանգուցալուծման ուղիներով»,-ասել է նա՝ նշելով, որ ինտեգրացիոն գործընթացները այստեղ պետք է դիտարկել զուտ տնտեսական հարթության վրա: Վիկտոր Խրիստենկոն նշել է, որ երբեք տնտեսական զարգացումը չի խորացրել չկարգավորված իրավիճակներն ու հակամարտությունները, այլ, որպես կանոն, նպաստել է դրանց կարգավորմանը: «Ըստ իս, այսօրվա իրավիճակը կապված Ղարաբաղի հարցի հետ, չի խոչընդոտում Հայաստանի պլաններին և չի բարդացնի, այլ, ավելի շուտ, կբարելավի իրավիճակը Ղարաբաղի շուրջ»,-ասել է նա Երևանում: Սակայն, մյուս կողմից, ՄՄ երկրները, այսինքն Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը լավ առիթ ունեն չստորագրելու «ճանապարհային քարտեզը» Հայաստանի հետ: Չլիներ Ղարաբաղի հարցը, մեկ այլ պատրվակ կգտնվեր: Բայց չգուշակենք՝ իրավիճակը պարզ կդառնա շատ շուտով: Ըստ Վլադիմիր Պուտինի, «ՄՄ-ին Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը» կարող է հաստատվել այսօր:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---