Շահան Գանտահարյան. Սև PR անմարդկայնորեն տեղահանվածների ժառանգորդների նկատմամբ

Շահան Գանտահարյան. Սև PR անմարդկայնորեն տեղահանվածների ժառանգորդների նկատմամբ

PanARMENIAN.Net - Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյակին նախապատրաստվելու պաշտոնական ազդանշանը տրվել է։ Դիվանագիտական ներկայացուցիչների ընդհանուր հավաքի առիթով թե՜ նախագահ Գյուլի և թէ՜ վարչապետ Էրդողանի ցուցմունք-ուղերձները շատ համահունչ են իրար և համարյ՜ա միևնույն բովանդակությունն ունեն: Այս մասին գրում է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Հոդվածում մասնավորապես ասվում է.

Այսպես. նշելով, որ շուտով լրանում է առաջին համաշխարհային պատերազմի 100 ամյակը, և հավանականություն կա, որ Թուրքիան միջազգային օրակարգ կգա բացասական լույսի ներքո, Գյուլը կարևորել է համապատասխան աշխատանքների կատարումը: Նա, մասնավորապես, հանձնարարել է անել ամեն հնարավորը, որպեսզի թուրքական պետությունը կրկին աշխարհի աչքին փայլի և երևա դրական լույսի ներքո:

Մինչ վարչապետը, իրեն հատուկ ոճով և տոնայնությամբ միևնույն ուղերձն է փոխանցել։ Նա խոսել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Հայկական սփյուռքի նախաձեռնությունների մասին: Թուրքական «Դունյա բուլթենի» լրատվականի կայքի փոխանցմամբ` էրդողանը նշել է, թե Հայկական սփյուռքը պատրաստվում է 1915 թվականը միակողմանի ներկայացնել և վերածել քաղաքական արշավի: «Այդ սև քարոզչության առաջ մենք ամուր կանգնելու ենք»,- ասել է Էրդողանը: Ըստ նրա` Թուրքիայում փորձեր եղել են սրբագրել պատմությունը, այլ կերպ ներկայացնել, սակայն թուրք ժողովուրդը սուտ պատմության մոլորության մեջ չի ընկել։

Եթե նախագահն ու վարչապետը ուղղակի հարյուրամյակն ակնարկելով հանձնարարություններ են փոխանցում Թուրքիայի արտաքին գերատեսչության պաշտոնյաներին, ապա այդ ոլորտը ղեկավարող արտգործնախարարը տարբեր ոճ և մարտավարություն է որդեգրել։ Երևանի Սևծովյան համաժողովից ի վեր նա շարունակում է կենտրոնանալ հայ-թուրքական հարաբերությունների վերաձեռնարկման հնարավոր ուղիների վրա, չմոռանալով իհարկե Բաքվի բաժինը։ Դավութօղլուն իր աճպարարական ասելաձևերում չի մոռանում նաև Սփյուռքը ` թուրքական Սփյուռքի նշանավոր տեսությունը տարբեր առիթներով կրկնելով։

Թուրքական ներիշխանական դերերի բաշխման պատկերը մոտավորապես հետևյալն է պարզում. մինչ Գյուլ-Էրդողանը Հայոց ցեղասպանության հարյուրամյակը վերածում են Թուրքիայի դիմագիծը միջազգային հարթության վրա պայծառացնելու առիթի, թուրք արտգործնախարարը «թուրքական Սփյուռքի» տեսության գործնականացման բեմագրություններ է սևագրում։ Պարզ է տրամաբանությունը։ Այսօրվա Հայկական սփյուռքը շառավիղն է Օսմանյան կայսրության նախկին քաղաքացի հայերի. ուրեմն նրանք «անմարդկայնորեն տեղահանվածներ» ժառանգորդներն են, որոնց իրավունք է տրվում վերդառանալու իրենց երկիրը։ Ավելին. ոչ միայն վերադառնալու, այլ վերատիրանալու իրենց ունեցվածքներին, կալվածքներին, կամ հատուցում ստանալու այդ բոլորի դիմաց։ Բնականաբար, անմարդկայնորեն տեղահանվածների ժառանգորդները առաջին հերթին պետք է վերականգնեն իրենց քաղաքացիությունը և վերջին հերթին իրավականորեն հաստատեն, թե իրենց իրավունքները լրիվ ստացել են, այս դեպքում իրենց անմարդկայնորեն տեղահանածների ժառանգորդներից։

Էրդողանի համոզմամբ Թուրքիայի դեմ սև PR իրականացնողները Դավութօղլուի բանաձևումով անմարդկայնորեն տեղահանվածների ժառանգորդներն են, որոնք հրավիրում է իր պաշտոնյան։

Երկու այս մոտեցումների արանքներում, թվում է թե Անկարան պիտի շարունակի իրականցնել սև PR անմարդկայնորեն տեղահանվածների ժառանգորդների նկատմամբ։ Իսկ սա Գյուլ-Էրդողան-Դավութօղլուի եռյակի համոզմամբ պիտի պայծառացնի Թուրքիայի դիմագիծը միջազգային հարթության վրա, ասվոմ է հոդվածում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---