Ադրբեջանում վիրավոր զինվորներ են «ի հայտ գալիս»

Ադրբեջանում վիրավոր զինվորներ են «ի հայտ գալիս»

PanARMENIAN.Net - Ադրբեջանում վիրավոր զինվորներ են «ի հայտ են գալիս», որոնք, հավանաբար, վիրավորվել են հունվարի լույս 20-ի գիշերն ադրբեջանական կողմի ձեռնարկած անհաջող դիվերսիայի արդյունքում:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել: ԼՂՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները՝ հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ կազմակերպված պաշտպանության էին անցել՝ հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ ու հետ շպրտել իր ելման դիրքեր: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հայկական կողմը հայտարարեց, որ անհաջող դիվերսիայի արդյունքում հակառակորդը սպանվածներ ու վիրավորներ ունի: Վարկածներից մեկի համաձայն, խոսքը 5 սպանված ադրբեջանցու և մոտ մեկ տասնյակ վիրավորների մասին է:

Սակայն ադրբեջանական կողմը չբավարարվեց դրանով և շարունակեց խախտել հրադադարը: Ըստ ԼՂՀ ՊԲ հաղորդագրության, հունվարի 20-ի՝ լույս 21-ի գիշերն էլ հայ-ադրբեջանական սահմանին լարված էր, հակառակորդն ինտենսիվ կրակել է:

Այդ գիշեր շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական զինուժը մոտ 240 անգամ խախտել է հրադադարը՝ մանր և խոշոր տրամաչափի տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների վրա արձակելով ավելի քան 2000 կրակոց:

Ինչպես և սպասելի էր, Ադրբեջանի ՊՆ-ն կտրականապես հերքեց ինչպես դիվերսիայի փաստը, այնպես էլ զոհերի ու վիրավորների մասին հաղորդագրությունները: Չնայած հերքմանը, Հայաստանում արդեն կանխատեսում էին, որ առաջիկա օրերին ադրբեջանական ԶԼՄ-ներում հաղորդագրություններ կհայտնվեն «դժբախտ պատահարների» հետևանքով վիրավորված զինծառայողների մասին: Երկար սպասել չպահանջվեց:

Այսօր՝ հունվարի 21-ին, ադրբեջանական APA գործակալությունը հայտնեց շփման գծում Ադրբեջանի ՊՆ N զորամասի զինծառայող Ռոյալ Ռամիզ օղլու Հուսեյնովի մասին, որը, «խախտելով անվտանգության կանոնները», հրազենային վիրավորում է ստացել իրեն իսկ ամրագրված զենքից: Ոտքի հրազենային վիրավորում ստացած զինվորը տեղափոխվել է հոսպիտալ:

Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց, համաձայն որիմերձճակատային գծում, որոշ տվյալների համաձայն՝ Ղարաբաղի ԶՈւ հետ շփման գծի մերձակայքում, «վթարի է ենթարկվել զինվորական մեքենան»: «ՃՏՊ արդյունքում» տուժել է երեք ադրբեջանցի զինծառայող:

Կարելի է ենթադրել, որ առաջիկա օրերին ադրբեջանական ԶԼՄ-ներում հաճախ կհայտնվեն հաղորդագրություններ «պատահաբար» վիրավորված զինվորների մասին, քիչ-քիչ «ջրի երես դուրս կգան» նաև ազերիների դիակները:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր անհանգստությունն էր հայտնել շփման գծում միջադեպերի վերաբերյալ: «Շփման գծում բռնությունն ու լարվածությունը խաթարում են բանակցային գործընթացը: Ափսոսում եմ այսօրվա մահվան համար»,- twitter-ի իր էջում գրել էր համանախագահը:

Հայաստանի հետ սամանին և Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերը միտված են այս շաբաթ ծրագրված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Փարիզում կայանալիք բանակցությունները խանգարելուն: Նման եզրակացության են եկել ՀՀ և ԼՂՀ ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը՝ անդրադառնալով այս գիշեր Ղարաբաղի հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան ուղղություններով ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերին: Նախարարներն ադրբեջանական կողմի այս հարձակումները գնահատել են որպես սադրիչ և անպատասխանատու քաղաքականության հերթական դրսևորում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ինչպես արդեն հայտնի է, Էդվարդ Նալբանդյանն իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ կհանդիպի այս շաբաթ Ֆրանսիայի մայրաքաղաքում: Հանդիպմանը նաև կմասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Սա առաջին ադրբեջանական դիվերսիան չէ նոր մեկնարկած տարում: Հունվարի 10-ին ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը` կրակելով հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ: Մասնավորապես, կրակ էր բացվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի ու սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր ու Այգեպար գյուղերի ուղղությամբ:

Հունվարի 9-ին կենտրոնական հավաքակայան այցին լրագրողների հետ զրույցում ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձել էր ադրբեջանցիների կողմից հրադադարի պարբերաբար խախտմանը. «Վերջին երկու ամիսներին գրեթե բացառեցինք մեր կողմից ցանկացած պատասխան, որպեսզի հակառակորդին էլ հանդարտության կոչ անենք, բայց փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում նրանք ավելի են լկտիանում, իսկ լկտիներին պետք է պատժել»,- նշել էր նախարարը:

Ի դեպ, դեկտեմբերի 15-19-ը տարածաշրջան կատարած այցի ավարտին, դեկտեմբերի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որտեղ կողմերին կոչ էին անում «ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունն ու աշխատել մթնոլորտի պահպանման վրա, որը նպաստում է բանակցությունների առաջընթացին»: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն ու համանախագահները հանդիպել են ՀՀ, ԼՂՀ և Ադրբեջանի նախագահների հետ:

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---