Օտարերկրյա բուհերում ուսանելու համար տարկետումը կհանվի՞. Կորոշի ԱԺ-ն

Օտարերկրյա բուհերում ուսանելու համար տարկետումը կհանվի՞. Կորոշի ԱԺ-ն

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հունվարի 23-ի նիստում հավանություն է տվել «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում կձևավորվեն օրենսդրական հիմքեր` օտարերկրյա բուհերում ուսում ստանալը պարտադիր զինծառայությունից խուսափելու միջոցի վերածելու դեպքերը բացառելու նպատակով, ակնկալելով, որ օտարերկրյա բուհում սովորելն ուղղված կլինի ուսանողի՝ միայն կրթական կարիքները բավարարելուն:

Օրենքի նախագիծն ու գործադիրի եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային Ժողով: Դրանով նախատեսվում է պարտադիր զինծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի շրջանակում տարկետում տալ օտարերկրյա պետություններում սովորող հայ ուսանողներին` ըստ բուհերի վարկանիշի ու ընտրված մասնագիտության պահանջարկի:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքով՝ ինչ վերաբերում է վարկանիշի ու պահանջարկի մասին տվյալներին, ապա դրանք կհրապարակվեն օրինագծի ընդունումից հետո: Նրա համոզմամբ, կարգի փոփոխությունը նաևանհրաժեշտ է, քանի որ, օրինակ, մի ուսանող սովորում է աշխարհի 11-րդ լավագույն բուհում ու չի տարկետվում, իսկ մյուսը միջպետական համաձայնագրով ընդունվում է մի երկրի մարզային նշանակության բուհ ու տարկետվում է:

Նախարարի համոզմամբ, ակնհայտ է, որ պետք է մտածել ընդհանրապես կրթական համակարգից զինվորական տարկետման իրավունքի վերացման մասին, ինչի շնորհիվ կտրուկ կնվազեցվեն բակալավրիատի մագիստարատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության քննությունների ժամանակ կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև կբարելավվի մագիստրանտների ու ասպիրնատների մասնագիտական որակը:

«Այսինքն` մարդիկ կկատարեն ավելի գիտակցված ընտրություն, որը թելադրված կլինի ոչ թե զինծառայությունից խուսափելու, այլ իրականում այս կամ այն կրթությունը ստանալու ցանկությամբ»,- գերատեսչության ղեկավարին մեջբերում է Panorama.am-ը:

Առայժմ միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով արտերկիր գործուղված ուսանողները ստանում են պարտադիր զինծառայությունից տարկետման իրավունք։ Եթե ԱԺ-ն ընդունի օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, տարկետման այդ պարտադիր իրավունքը կհանվի, բացառությամբ այն դեպքերի, որոնք կսահմանի կառավարությունը, ինչը, ի դեպ, կարվի որոշակի գրավի դիմաց։

«Դիմորդների տարկետման ընթացակարգը, որոնք կդիմեն ու կընդունվեն արտերկրում սովորելու, կլինի անհատական կարգով՝ կառավարության որոշմամբ։ Տարկետման համար արդեն կգործի գույքի գրավադրման կետը: Այսինքն՝ ամեն մեկի համար կկայացվի կառավարության անհատական որոշում՝ առնվազն 8,5 միլիոն դրամ արժողությամբ գույքի գրավադրման դիմաց»,- «Հայկական ժամանակ»-ին ասել է ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը։

Անդրադառնալով նույն թեմային, «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, թե կառավարությունը փոփոխությունն անում է արտագաղթի դեմ պայքարի շրջանակում։

«Վերջին ժամանակներում Հայաստանում միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի շրջանակում սովորելու ցանկություն հայտնողների գերակշիռ մասը արական սեռի քաղաքացիներ են։ Երևույթի շարժառիթը հիմնականում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորությունն է, որն էլ իր հերթին խթանում է բնակչության արտագաղթը, ինչպես նաև հայրենիք չվերադառնալու հիմքեր է առաջացնում»,- ասվում է որոշման նախագծի հիմնավորումում։

Փոփոխության շարժառիթներից է նաև ՀՀ զինված ուժերը համապատասխան թվով զինակոչիկներով համալրելու անհրաժեշտությունը, հավելում է թերթը, որն արտագաղթի աղետալի տեմպերի ու ծնելիության անկման պատճառով հատկապես սրվել է վերջին տարիներին։ Դրա մասին նշված է նաև նախագծում. «Զորակոչիկների սահմանափակ ռեսուրսների առկայության պայմաններում նախագծի ընդունումը որոշ չափով կնպաստի զորակոչի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---