Ադրբեջանցի զինծառայողները շարունակում են զոհվել, վիրավորվել ու անգամ անհետանալ զորամասից

Ադրբեջանցի զինծառայողները շարունակում են զոհվել, վիրավորվել ու անգամ անհետանալ զորամասից

PanARMENIAN.Net - Ադրբեջանում օրըստօրե ավելանում է զոհված, վիրավոր, այժմ նաև անհետ կորած զինծառայողների թիվը, որոնք, ըստ երևույթի, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ուղղությամբ իրենց իսկ անհաջող դիվերսիայի փորձի զոհերն են:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հայկական կողմը հայտարարել էր դիվերսիայի արդյունքում նաև ադրբեջանական կողմից զոհվածների ու վիրավորների մասին: Բայց Ադրբեջանի ՊՆ-ն հերքել էր թե դիվերսիայի փորձի, թե վիրավոների ու զոհերի մասին փաստը: Բայց, ինչպես և սպասվում էր, ադրբեջանական մամուլում սկսվեցին հաղորդագրություններ հայտնվել «դժբախտ պատահարների» հետևանքով վիրավորված զինծառայողների մասին:

Օրինակ, այսօր՝ հունվարի 23-ին, ադրբեջանական մամուլում տեղեկություն տարածվեց, թե շփման գծում հրադադարի խախտման հետևանքով ղարաբաղյան կողմից արձակված կրակոցից զոհվել է ադրբեջանցի կապիտան Էլնուր Ջաֆարովը:

«Դեպքը շփման գծի Տերտերի հատվածում էր: Հայկական կողմի՝ հրադադարի խախտման արդյունքում զոհվել է ադրբեջանական ԶՈւ կապիտան: Ստանալով հրազենային վիրավորում, զինծառայողը շահիդ է դարձել»,- գրում է Salamnews-ը: Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով Ջաֆարովը հետմահու պարգևատրվել է «Ծառայությունում վաստակի համար» III աստիճանի մեդալով:

Իսկ մինչ այդ, ԼՂՀ ՊԲ-ն հերքել է այդ հաղորդագրությունը՝ հայտարարելով, որ թե իբր հունվարի 23-ին հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ արձանագրված հրադադարի խախտման արդյունքում հայկական կողմի կրակոցից զոհվել է ադրբեջանական բանակի կապիտան Էլնուր Ջաֆարովն իրականությանը չի համապատասխանում:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմը, և խիստ անհրաժեշտության դեպքում միայն պատասխան քայլերի են դիմում:

Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակում արձանագրված վերոնշյալ կորստին, ապա հարևան, բայց ոչ բարեկամ երկրում կատարվածը, ամենայն հավանականությամբ, պետք է դիտարկեն ոչ թե հրադադարի ռեժիմի խախտման, այլև հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ ադրբեջանական դիվերսանտների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության համատեքստում:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ միայն հունվարի 20-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Բաքվի լրատվամիջոցների հաղորդմամբ, ադրբեջանական բանակում (իբր տարբեր հանգամանքներում) արձանագրվել է մահվան 2 և վիրավորման 6 դեպք: Իսկ այս ամենից արվելիք հետևությունը, թերևս, մեկն է. Ադրբեջանի ռազմական «ագիտպրոպը» նրբանկատորեն փորձում է ներկայացնել այն, ինչի մասին պետք է խոստովաներ օրեր առաջ:

APA-ի փոխանցմամբ, ևս մեկ վիրավորել է ինքն իրեն՝ վնասելով ոտքը: Վիրավորը հոսպիտալացվել է: Եվս մեկ դեպքի մասին գրում է Haqqin.az-ը: Ըստ տեղեկատվույթան, Ղազախի շրջանի N զորամասում ծառայող Հուսեյն Մագոմեդովն անհետացել է, հանգամանքները դեռևս պարզված չեն: Կարծում են, որ նա դիմել է փախուստի, այժմ նրան որոնում են:

Հունվարի 21-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին շփման գծում Ադրբեջանի ՊՆ N զորամասի զինծառայող Ռոյալ Ռամիզ օղլու Հուսեյնովի մասին, որը, «խախտելով անվտանգության կանոնները», հրազենային վիրավորում էր ստացել իրեն իսկ ամրագրված զենքից: Ավելի ուշ հաղորդագրություն էր տարածվել, համաձայն որի մերձճակատային գծում, որոշ տվյալների համաձայն՝ Ղարաբաղի ԶՈւ հետ շփման գծի մերձակայքում, «վթարի է ենթարկվել զինվորական մեքենան»: «ՃՏՊ արդյունքում» տուժել է երեք ադրբեջանցի զինծառայող:

Հունվարի 22-ն ադրբեջանական բանակում ևս չանցավ առանց պատահարների՝ որոնցից մեկի դեպքում զինծառայողը զոհվել էր «սրտային անբավարարվածությունից»: Պատահմամբ ևս մեկ զինծառայող ինքն իրեն վիրավորել էր, այնուհետև տեղափոխվել հիվանդանոց:

Այսպիսով, վերջին երեք օրվա ընթացքում ադրբեջանական բանակում 6-ը վիրավորվել, երկուսը՝ զոհվել, մեկն էլ անհետացել է:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---