Վաշինգտոնը, Լոնդոնն ու անգամ Դելին մտահոգված են ադրբեջանցիների սադրանքներով

Վաշինգտոնը, Լոնդոնն ու անգամ Դելին մտահոգված են ադրբեջանցիների սադրանքներով

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվել՝ ուժի կիրառումը ղարաբաղյան հակամարտության հարցը չի լուծի, հունվարի 25-ին Վաշինգտոնում ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարի Հարֆը։ «Տեսել ենք հաղորդագրություններն ու ցավում ենք կորուստների համար, անկախ նրանից՝ որտեղ են դրանք եղել: Մեր դիրքորոշումը չի փոխվել՝ ուժի կիրառումը հակամարտության հարցը չի լուծի։ Բոլոր կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից ու սպառնալիքներից»,- նշել է Հարֆը։

Նրա խոսքով, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ խնդրի խաղաղ հանգուցալուծմանը: «Գիտենք, որ դժվար է, բայց շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է Հարֆը:

Իր հերթին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ևս մտահոգություն է հայտնել առաջնագծում լարվածության, ինչպես նաև ցավով նշել զոհերի մասին: Այդ մասին երեկ՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, գրում է ArmeniaToday-ը:

Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցին իր մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն՝ նշելով, որ Հայաստանին հստակ հայտնի է այս հարցում Հնդկաստանի դիրքորոշումը.

«Կարծում ենք, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը պիտի կարգավորվի երկկողմ խաղաղ բանակցությունների արդյունքում: Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը»,– նշել է նա՝ հավելելով, որ մամուլից տեղեկացել է վերջին օրերին Ադրբեջանի հետ սահմանին լարվածության մասին, գրում է Panorama.am-ը:

Վերջին օրերին թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով: Ըստ ԼՂՀ ՊԲ տվյալների, հունվարի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարը խախտվել է մոտ 1500 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվելով ավելի քան 14 000 կրակոց:

Հունվարի 23-ից լույս 24-ի գիշերն ինտենսիվ կրակել են նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի ու Չինարիի ուղղությամբ: Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի 16-ամյա դուստրը` Լիանան, վիրավորվել է Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից, աղջկան տեղափոխել են Բերդի հոսպիտալ, որտեղ վիրահատել են, վիճակը կայուն է:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 24-ին մամուլի ասուլիսում ասել էր, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանի հետ պատերազմի հավանականությունը խիստ ցածր է գնահատում, չնայած, ինչպես «վտանգ միշտ էլ կա»: Ապա հավելել, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը պայմանավորված է սահամաններում ու շփման գծում որոշակի իրադարձություններով, ինչպես նաև քաղաքական բանակացային հանդիպումներով, սակայն իրադրությունը վերահսկելի է: Նախարարը նշել էր նաև, որ քանի դեռ խաղաղության պայմանագիրը կնքված չէ` կրակոցներ լինելու են, պետք է պատրաստ լինենք, դրանց համարժեք պատասխան է տրվելու:

Հունվարի 24-ին Հայաստանի սոցապ նախարարություն այցելությանը նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել էր վերջին օրերին հակառակորդի կողմից հրադադարի խախտումներին: Նա նշել էր, որ չի կարող բացառել, որ ռազմական գործողություններ չեն լինի, «որովհետև մեր երկրում առնվազն երկու մարդ՝ նախագահն ու պաշտպանության նախարարը երևի պետք է համարեն, որ հենց վաղը կարող են ռազմական գործողություններ սկսվել, չնայած տեսանելի ապագայում նման բան չի տեսնում: Նա նշել էր նաև, որ եթե պարտադրեն, ստիպված ենք լինելու կռվել:

Հունվարի 24-ին Փարիզում հանդիպել էին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Էլմար Մամեդյարովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը, Ջեյմս Ուորլիքն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախ առանձնազրույց էին ունեցել ԵԱՀԿ ՄԽ համախագահների հետ, ապա բանակցությունները շարունակել ընդլայնված ձևաչափով` արտգործնախարարների, համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ։

Հիմնվելով 2013-ի նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, որոնց շարունակությունը դեկտեմբերի 5-ին Կիևում ԱԳ նախարարների հանդիպումն էր` քննարկվել էին խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Պայմանավորվածություն էր ձեռք բերվել հաջորդ ամսվա առաջին կեսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` տարածաշրջան այցելելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---