Հայոց բանակը 22 տարեկան է

Հայոց բանակը 22 տարեկան է

PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին 22 տարի առաջ ստեղծվեց Հայկական բանակը: 1991 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Մինիստրների խորհրդին կից ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, իսկ դեկտեմբերի 5ին ՀՀ նախագահի հրամանով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992 թվականի հունվարի 28-ին պատմական որոշում կայացվեց «ՀՀ պաշտպանության մասին», այդպիսով իսկ ազդարարելով Հայ Ազգային բանակի ստեղծումը: Խոսելով բանակաշինության մասին՝ պետք է առանձնացնել երեք հիմնական փուլ: Առաջինը՝ ազգային ազատագրական շարժման մեկնարկը Լեռնային Ղարաբաղում: Այն ժամանակ երկրի անվտանգությունն ապահովում էին կամավորները, որոնք միավորվեցին և կազմեցին կամավորական ջոկատներ: Ջոկատները չունեին կենտրոնական հրամանատարություն, ամեն մեկը մարտնչում էր այնպես, ինչպես հարկ էր համարում, բայց բոլորը պատրաստ էին մեռնել հանուն Ղարաբաղի ազատագրման ադրբեջանական օկուպացիայից: Այդ ջոկատներն էլ կազմեցին կանոնավոր բանակի հենքը: Երկրոդը փուլն ազգային բանակի ստեղծումն էր պատերազմական պայմաններում: Հետո եկավ երրորդ փուլը, ի դեպ, այն դեռ ավարտված չէ: Այս փուլը կարելի է անվանել բանակաշինության փուլ: Արդեն մոտ 20 տարի տևող հրադադարի ռեժիմը թույլ է տալիս կենտրոնանալ զորքերի տարբեր ճյուղերի զարգացման վրա ու ապահովել կապերի ամրապնդումը Հայաստանի ԶՈւ և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի միջև:

Ըստ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, այսօր մեր բանակն արժանացել է հարգանքի ու բարձր գնահատականի աշխարհի այլ բանակների կողմից: Ելույթ ունենալով հունվարի 27-ին ՊՆ շենքում տեղի ունեցած հանդիսավոր նիստի ժամանակ Սեյրան Օհանյանն, որը նույնպես անցել է ղարաբաղյան պատերազմի բովով, նշեց, որ 20 տարի առաջ կնքված հաղթական հրադադարը ձեռք բերվեց հայ ժողովրդի միասնության, արիության ու բազմաթիվ բարդություններին դիմակայելու շնորհիվ: «Փառք ու պատիվ բոլոր նրանց, ով ընկավ մարտի դաշտում, նրանց, ով անտրտունջ պայքարեց մինչև վերջ՝ կյանքը զոհելով կամ անհետ կորչելով: Եվ թեև մենք տեղեկություններ չունենք նրանց մասին, մենք սերունդներին կփոխանցենք նրանց լուսավոր հիշատակը: Այդպես մենք հաղթեցինք, ու պայքարին զուգահեռ բանակ ստեղծեցինք»,ասաց նախարարը:

Հայոց բանակի հզորությունը ոչ միայն կայունության ու խաղաղության պահպանման երաշխիքներից մեկն է Հարավային Կովկասում, հայ զինծառայողներին վստահված է նաև խաղաղապահ առաքելություն իրականացնել թեժ կետերում: Միայն անցյալ տարվա ընթացքում հայկական բանակի ստորաբաժանումները մասնակցել են ավելի քան 10 բազմազգ ռազմական զորավարժությունների ՀԱՊԿ, Հյուսիսատլանտյան դաշինքի ու հայ-ամերիկյան ռազմական համագործակցության շրջանակում: Հայ խաղաղապահները ծառայում են Կոսովոյում, Աֆղանստանում, Իրաքում:

Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի 2013 թվականի զեկույցում ասվում է. «Հայկական բանակը բավականին գրագետ է ու գիտակցում է այն խնդիրները, որ դրված են իր առջև: Հայաստանի Զինված ուժերի շարքերը շարունակում են համալրվել առավելապես ժամկետային զինակոչի միջոցով, սակայն աճում է պրոֆեսիոնալ սպայակազմը»: Ինչ վերաբերում է թերություններին, ապա Հայաստանի զինված ուժերի հիմնական խնդիրն, ըստ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի վերլուծաբանների, ավիացիոն ստորաբաժանումների թուլությունն է:

«Հայաստանի ռազմա-օդային ուժերի գլխավոր խնդիրը կապված է սպասարկման ու ընդհանուր արդյունավետության հետ: Դա է պատճառը, որ Հայաստանի օդային տարածքի պաշտպանությունն իրականացնում է Ռուսաստանը Հայաստանից վարձակալած ավիաբազայի միջոցով»,-ասվում է զեկույցում:

Այսօր տոն է և տոն է առաջին հերթին նրանց համար, ով պաշտպանում է հայրենի հողը, իր հարազատներին ու մերձավորներին: Հայաստանում գիտակցել են, որ «նա, ով չի կերակրում իր բանակը, կերակրում է ուրիշի բանակը»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---