Ֆիննախարար. Հայաստանի համախառն ներքին արդյունքն աճել է մոտ 3,5 %-ով

Ֆիննախարար. Հայաստանի համախառն ներքին արդյունքն աճել է մոտ 3,5 %-ով

PanARMENIAN.Net - 2013-ին Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել է մոտ 3,5 տոկոսով, հայտարարեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: ՀՆԱ-ն, որ անցած տարվա համար կանխատեսված էր 6,2 տոկոս, ավելի մեծ կլիներ ու կաճեր 4,5-4,7 տոկոսով, եթե հուլիսին չբարձրանային էլեկտրաէներգիայի և գազի սակագները, ասաց նախարարը:

«Ամփոփելով 2013 թվականը շատ նախնական տվյալներով` ամենակարևոր արդյունքը, որ մենք ունեցանք 2013-ի ավարտին մենք ունեցանք բյուջեի ցածր դեֆիցիտ, ինչը ես համարում եմ, որպես ֆինանսների նախարար, դրական երևույթ, քանի որ դա մակրոտնտեսական կայունություն է նշանակում, և ռեզերվների կուտակում 2014 թվականի համար»,- նշեց նա:

Ներկայացնելով 2013-ին կատարված աշխատանքը` Սարգսյանը կարևորեց արժույթով պարտատոմսերի թողարկումն ու դրամով պարտատոմսերի տոկոսադրույքների նվազումը: 7 տարի ժամկետով տեղաբաշխված 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով ու 6,25 տոկոս եկամտաբերությամբ եվրապարտատոմսերի եկամտաբերության նվազումն, ըստ Սարգսյանի, վկայում է, որ միջազգային տնտեսական շուկաներում Հայաստանի Հանրապետությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, ինչպես նաև «չափազանց կարևոր գնահատականի» արժանանում:

Ֆինանսների նախարարի գնահատմամբ` եվրապարտատոմսերի եկամտաբերության սեպտեմբերի 6,25-ից մինչև 5,8 տոկոս նվազելը խոսում է այն մասին, որ «շարունակաբար ներդրողների մոտ վստահությունը չի պակասել, այլև` ավելացել է»:

Հաշվի առնելով, որ արտարժույթով և տեղական արժույթով պարտատոմսերի միջև եկամտաբերության տարբերությունը չպետք է լինի էական, նախարարությունը անցած տարվա աշնանից հետամուտ է եղել և հաջողել է 2013-ի վերջին նաև էականորեն նվազեցնել դրամով արտահայտված պետական պարտատոսմսերի տեղաբաշխման տոկոսադրույքները:

«Եվրապարտատոմսերի թողարկումից հետո, ձեռնարկած մի շարք միջոցառումների արդյունքում, արձանագրվել է պետական պարտատոմսերի եկամտաբերության նվազում՝ միջինում 4,5 տոկոսային կետով»,- հավաստիացրեց նախարարը` ընգծելով, որ շարունակելու են աշխատել եկամտաբերության նվազման ուղղությամբ:

2014-ին ֆիննախի համար գերակա մյուս ուղղությունը ՀՀ-ի մաքսային և հարկային օրենսդրության համապատասխանեցումն է Մաքսային միության մաքսային օրենսդրությանը՝ պայմանավորված միությանն անդամակցությամբ:

Անդրադառնալով ՄՄ-Ին անդամակցության պարագայում կիրառվելիք մաքսային դրույքներին նախարարն ասաց, որ դրանք Հայաստանի համար էլ պետք է նույնը լինեն, ինչպես և նույնն են բոլոր մյուս երեք անդամ երկրների` Ռուսաստանի, Բելոռուսի ու Ղազախստանի համար:

Այդունհանդերձ, Սարգսյանը պարզաբանեց, որ որոշ ապրանքատեսակների համար Հայաստանը որոշ ժամանակով դրույքաչափերը չբարձրացնի, իսկ մյուս անդմաները, քանի որ պարտավորություններ ունեն միջազգային տնտեսական կառույցների առաջ, իջեցնեն, ինչպես օրինակ, Ռուսաստանի ու Առևտրի համաշխարհային կազմակերպության պարագայում է:

Դավիթ Սարգսյանը նաև նշեց, որ «Ռուսաստանի տնտեսական իրադարձությունները կարևոր են Հայաստանի տնտեսության համար, քանի որ Ռուսաստանը մեր թիվ մեկ տնտեսական պարտնյորն է»:

«Հասկանալ այն գործընթացները, որ տեղի են ունենում Ռուսաստանի տնտեսությունում, Ֆինանսների նախարարության վերլուծաբանների համար չափազանց կարևոր է»,- հավելեց նախարարը` մատնանշելով, օրինակ, 2013-ին Ռուսաստանի տնտեսական աճի դանդաղումը:

Հատկանշական է, որ Համաշխարհային բանկի 2014-ի սկզբին հրապարակված կանխատեսումների համաձայն` Ռուսաստանում տնտեսական աճի նվազման կանխատեսվածից ավելի կտրուկ լինելը կարող է խաթարել ԱՊՀ մի շարք երկրների տնտեսական աճի հեռանկարները, այդ թվում և Հայաստանի:

Հայաստանն, ի մասնավորի այն երկրների շարքում է, որոնք մեծապես կախված են Ռուսաստանից ներմուծման պահանջարկի, տրանսֆերտների ու օտարերկրյա ուղղակի ներդրումների առումով: Այդ երկրներից են նաև, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:

5  29.01.14 - ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի մամուլի ասուլիսը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---