Արցախյան հարսանիքը բրիտանացի լուսանկարչի աչքերով

Արցախյան հարսանիքը բրիտանացի լուսանկարչի աչքերով

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղը, որը Ադրբեջանի մասն էր, անկախություն է հռչակել, սակայն ճանաչված չէ աշխարհի ոչ մի երկրի կողմից: Բայց մարդիկ այստեղ ապրում են, ամուսնանում, երեխաներ ունենում»,- գրում է ֆոտոլրագրող Անաստասիա Թեյլոր-Լինդը The Guardianպարբերականում: Նա Արցախում հարսանիքի է մասնակցել: «Արտակն ու Արմինեն պետությունից 470 ֆունտ են ստացել, առաջին երեխայի համար նրանք կստանան 150 ֆունտ, երկրորդի՝ 310, երրորդի՝ 780 և չորրորդի՝ 1, 110 անգլիական ֆունտ: Այն ընտանիքները, որոնք վեց անչափահաս երեխա ունեն, տուն են ստանում: Երեք տարում Ղարաբաղի բնակչությունն աճել է 25 տոկոսով»,- գրում է ֆոտոլրագրողը:

Թեյլոր-Լինդը արցախյան հարսանիքը որպես վառ ու հետաքրքիր իրադարձություն նկարագրում է բոլոր մանրամասներով. ինչպես են հարսնացուին հրաժեշտ տալիս տնեցիները, ուրախությունն Արտակի հայրենի գյուղում: «Բոլորը խմում էին, ուտում, պարում: Ինձ համար բավական դժվար էր այդքան օղի խմել ու տնական պանիր ու միս ուտել: Արտակի գյուղն Ադրբեջանի հետ սահմանից 50 կմ հեռավորությամբ է, ապառազմականացված գոտում: Երթևեկելը շատ դժվար է՝ ոչ ասֆալտ կա, ոչ խճաքար, երբեմն նույնիսկ արահետ չկա: Գոտին պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի բանակը, իսկ հակառակ կողմում Ադրբեջանի բանակն է կանգնած: Հաճախակի են նաև փոխհրաձգությունները, որոնց հետևանքով զինվորներ ու խաղաղ բնակիչներ են զոհվում»,- գրում է Թեյլոր-Լինդը:

Հրապարակմանն արձագանքել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Ֆահրադդին Ղուրբանովը, ով բողոքել է «բրիտանացի լրագրողի ապօրինի այցելության առթիվ ու արդյունքում The Guardian-ում հրապարակված հոդվածի վերաբերյալ»: Ինչպես հայտնում է ANS Press-ը, դեսպանը մտահոգություն է հայտնել այցի և Ղարաբաղում հարսանեկան հանդիսության մասին պատմող հոդվածի ու լուսանկարների շարքի առնչությամբ:

«Այցելությունը Լեռնային Ղարաբաղ առանց ադրբեջանական կողմի թույլտվության ապօրինի է: Ղարաբաղյան տարածաշրջան ապօրինի այցեր կատարած անձանց մուտքն Ադրբեջանի տարածք կարգելվի»,- ասել է ադրբեջանցի դեսպանը: Հավանաբար, Անաստասիա Թեյլոր-Լինդը կհամալրի Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակը»:

2013 թվականի օգոստոսի 2-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակեց իր հայտնի «սև ցուցակը», բաղկացած Արցախ այցելած 335 անձանց անուններից: Բաքվում կարծիքներ հնչեցին, որ ՎՈւԱՄ անդամ երկրները՝ Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան, պետք է համաձայնության գան «այդ երկրների «սև ցուցակների» իրենց տարածքներում գործելու մասին, կամ էլ պայմանագիր կնքեն ընդհանուր «սև ցուցակի» մասին: Առաջարկվեց նաև նմանատիպ համաձայնագիր ստորագրել Թուրքիայի հետ: Նշենք, որ Արցախ այցելած օտարերկրացիներինց ոչ մեկը ափսոսանք չի հայտնել Արցախ այցելելու համար: Հակառակը՝ ով եղել է մեկ անգամ, որոշել է անպայման նորից այցելել: Մարդիկ, որոնք չեն գտել իրենց անունները «սև ցուցակում» թեև եղել են Ղարաբաղում, կոչ արեցին Ադրբեջանի ԱԳՆ-ին ուղղել «սխալը»: Ցուցակում կան նաև մարդիկ, որոնք երբեք չեն եղել Արցախում, բայց հիմա որոշել են անպայման այցելել:

Նշենք, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին 1994-ից ի վեր, երբ կնքվեց հրադադարը, «օրինական անցակետ» չկա. Ադրբեջանի հարավում շփման գիծ այցելելու թույլտվություն ունեն միայն ԵԱՀԿ դիտորդները, բայց նրանք էլ չեն կարող մուտք գործել Ղարաբաղ: Իսկ լրագրողների ու բլոգերների բոլոր դիմումներին Ադրբեջանի ԱԳՆ-ն ուղղակի չի պատասխանում:

Photo: The Guardian
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---