ՍԴ-ն պարտադիր կուտակայինի վճարումներից չի ազատել, ասում է ԿԲ-ն

ՍԴ-ն պարտադիր կուտակայինի վճարումներից չի ազատել, ասում է ԿԲ-ն

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանն իր աշխատակարգային որոշմամբ կուտակային բաղադրիչի մասնակիցներին պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտականությունից չի ազատել, պարզաբանում են Հայաստանի կենտրոնական բանկից (ԿԲ):

Հայաստանի սահմանադրական դատարանի՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների կասեցման վերաբերյալ աշխատակարգային որոշման ընդունումից հետո ԿԲ են ներկայացվել դրա կատարումն ապահովելու և վիճարկվող դրույթների կասեցումից բխող գործողություններ ձեռնարկելու պահանջներով բազմաթիվ գրություններ, ինչն էլ բանկին ստիպել է անդրադառնալ խնդրին:

Հայաստանի սահմանադրական դատարանը հունվարի 24-ի նիստում որոշել էր կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի (այն է՝ պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացմամբ կատարելու համար) և 86-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ ֆոնդի և կառավարչի պարտադիր ընտրություն) գործողությունը մինչև օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը:

ԿԲ-ն փաստում է, որ օրենքի՝ կուտակային բաղադրիչի մասնակիցների՝ կուտակային վճարներ կատարելու պարտականությանը վերաբերող համապատասխան դրույթները կասեցված չեն և հիշեցնում, որ նշված դրույթների սահմանադրականությունը դեռևս վիճարկման փուլում է: Բանկը հորդորում է ձեռնպահ մնալ ՍԴ աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթների՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքները, թերևս, ավելի ծանր կլինեն և կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը:

Օրենքի կասեցված դրույթների կիրարկումն ապահովող ԿԲ ակտերը չեն խոչընդոտում դատարանի աշխատակարգային որոշման կատարմանը, այդ պատճառով էլ վիճարկվող դրույթների կասեցումից բխող միջոցառումներ ձեռնարկելու խնդիր ԼԲ-ն ներկա փուլում չունի:

Միևնույն ժամանակ, բանկը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցել կուտակային բաղադրիչի մասնակիցներին իրազեկելու և տեղեկատվության հասանելիությունն ապահովելու հարցում, ասվում է հաղորդագրությունում:

Այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում ճեպազրույցում անդրադառնալով ԿԲ այս հայտարարությանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշել է, որ բանկն իրավունք ունի հայտարարել ամեն ինչ` «անգամ ապօրինություն կամ հիմարություն: Այլ հարց է` դա պատիվ բերո՞ւմ է նրանց»,- նշել է պատգամավորը:

Պատգամավորի խոսքով, այդ հայտարարությունն ընդամենը արհամարհանք է ՍԴ որոշման նկատմամբ: Ըստ Զուրաբյանի, այնպես չէ, որ ՍԴ-ն տարիների ընթացքում չի հասել նրան, որ իր հանդեպ հարգանքը զրոյացնի, բայց այս որոշումը ցույց տվեց, որ ՍԴ-ն էլ է ունակ ճիշտ որոշումներ ընդունելու: «Եվ ահա` իշխանություններն ու գերատեսչությունները ցույց են տալիս, թե ՍԴ գոյություն չունի»,- նշել է Զուրաբյանը, գրում է Panorama.am-ը:

ՍԴ համապատասխան որոշումից հետո հասարակությունում բազմաթիվ հարցեր առաջացան պարտադիր պահումների վերաբերյալ: Օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարողները հայտարարում էին, որ գործատուն պահումներ անելու իրավունք չունի: Այնուհետև տեղեկություններ տարածվեցին, որ պետեկամուտների կոմիտեն կտուգանի պահումներ չանողներին, ինչը ՊԵԿ-ը պարզաբանեց.

«Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների հաշվարկներն ընդունելու և մշակելու, եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների պարտավորությունները հաշվառելու համար ՊԵԿ-ում օգտագործվող համակարգչային ծրագիրը նախագծվել (մշակվել) է վերը նշված օրենքներին, միջոցառումներին համապատասխան:

Հաշվի առնելով, որ պարտադիր կուտակային վճարները` որպես նշված համակարգի բաղադրիչ, հաշվարկվում են գործատուների կողմից եկամտային հարկի և պարտադիր կուտակայինի ամփոփ հաշվարկներում նշված աշխատավարձերից, դրանց հաշվարկման ծրագրային մոդուլը ևս ապահովում է պարտադիր կուտակայինի ավտոմատ հաշվարկումը, ինչպես դա իրականացվում է եկամտային հարկի և այլ հարկատեսակների համար:

Աշխատողի համար (անունից) պարտադիր կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականությունը կրում է գործատուն` որպես հարկային գործակալ: Պարտադիր կուտակային վճարների հաշվարկումը պայմանավորված չէ վարչարարության գործիքների կիրառմամբ: Բոլոր այն դեպքերում, երբ գործատուները (ֆիզիկական անձինք) չեն վճարի հաշվարկված պարտադիր կուտակային վճարները, ՍԴ որոշմամբ` նրանց նկատմամբ հարկային մարմինների կողմից մինչև մարտի 28-ը չեն հաշվարկվի տույժեր և չեն կիրառվի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցներ»,- ասված էր պարզաբանումում

2014-ի հունվարի 1-ից Հայաստանն անցավ պարտադիր կուտակային համակարգի, որը վերաբերում է 1973-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնվածներին, որոնք աշխատում են և գրանցված են աշխատավայրում: Մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարումներ կկատարեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, ևս 5% այդ աշխատողների անհատական հաշվին կփոխանցի պետությունը։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողի անհատական կուտակային ֆոնդին պետությունը 25 հազար դրամից ավելի չի վճարի։ Օրինակ, եթե աշխատավարձը կազմում է 100 հազար դրամ, ապա անհատն ամեն ամիս իր անձնական կուտակային հաշվեհամարին պետք է փոխանցի 5000 դրամ, նույնքան կփոխանցի պետությունը: Եթե ստանում եք 500 հազարից ավելի աշխատավարձ, օրինակ, 700 հազար, պետությունը կավելացնի միայն 25 հազար դրամ, իսկ քաղաքացին կփոխանցի 45 հազարը:

Համակարգին դեմ էին նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը, որոնք ԱԺ-ին առաջարկել էին մեկ տարով հետաձգել համակարգի ներդրումն ու շարունակել քննարկումները, քանի որ դա շատ լուրջ փոփոխություն է, իսկ«համակարգը թերի է»: 2013-ի դեկտեմբերի 4-ին հարցով հրավիրված արտահերթին խորհրդարանը դեմ էր քվեարկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը: Քաղաքացիներն այդ ընթացքում մի շարք բողոքի ակցիաներ անցկացրին, որոնց ընթացքում նամակ հանձնեցին Օմբուդսմենին, ինչպես նաև Կառավարությանը:

Դեկտեմբերի 13-ին էկոնոմիկայի նախարարությունում Հանրապետության նախագահը՝ պատասխանելով աշխատակիցների հարցերին, անդրադարձել էր նաև կենսաթոշակային բարեփոխումներին: Սերժ Սարգսյանը նշել էր, որ «շատ դրական» է գնահատում նոր համակարգը, և բոլոր նրանք, ովքեր համամիտ են, պիտի «ավելի ակտիվ լինեն»:

Ինչպես դեկտեմբերի 27-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն ասել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պարտադիր կուտակայինը Հայաստանի համար այլընտրանք չունի, քանի որ «սերունդների համերաշխության» սկզբունքն արդար չէ։

«Մոտեցումը հետևյալն է՝ ամեն մեկը պատասխանատու է իր ապահով ծերության համար։ Ռեֆորմը, որի վրա 10 տարի ենք ծախսել, որի վրա լավագույն միջազգային մասնագետներն են աշխատել, թույլ կտա այսօրվա երիտասարդներին 30-40 տարի առաջ նայել ու պլանավորել կյանքը»,- նշել էր կառավարության ղեկավարը։ Խոսելով դժգոհությունների մասին, որոնք առաջացել են համակարգի շուրջ, վարչապետն ասել էր, որ դրանք պոպուլիստական են ու հիշեցրել, որ նման բացասական վերաբերմունք կար նաև քաղծառայողների համար սոցփաթեթի համակարգի ներդրման հանդեպ, որով այժմ բոլորը շատ գոհ են։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---