«Լրագրողների պաշտպանության կոմիտեն» քննադատել է Բաքվին ԶԼՄ-ներին ճնշելու ու «սև ցուցակի» համար

«Լրագրողների պաշտպանության կոմիտեն» քննադատել է Բաքվին ԶԼՄ-ներին ճնշելու ու «սև ցուցակի» համար

PanARMENIAN.Net - Միջազգային իրավապաշտպան «Լրագրողների պաշտպանության կոմիտե» կազմակերպությունը քննադատել է Ադրբեջանին ԶԼՄ-ներին ճնշելու ու Լեռնային Ղարաբաղ այցելած անձանց չարաբաստիկ «սև ցուցակի» համար:

Ինչպես ասվում է զեկույցում, այն ժամանակ երբ Ադրբեջանը ստանձնում է նախագահությունը Եվրոպայի խորհրդում, Ալիևի ռեժիմն անամոթաբար ոտնահարում է մամուլի ազատությունը երկրի ներսում: Իշխանությունները շարունակում են խլացնել քննադատների ձայները, ոտնահարել մամուլի ազատությունը ինտերնետում, դատապարտել լրագրողներին ազատազրկման տևական ժամկետների: Միակ տեղացի լրագրողը զրկված է երկրից մեկնելու իրավունքից Նորվեգիայում լրագրողական մրցանակ ստանալու համար, այն դեպքում, երբ մամուլի տասնյակ օտարերկրացի աշխատակիցներ անցանկալի անձ են հայտարարվել Ադրբեջանում:

«Հետազոտող լրագրող Հադիջա Իսմաիլովայի հետապնդումները, այդ թվում նաև իշխանությունների հետ կապված ԶԼՄ-ների կողմից, անպատիժ մնացին: Չնայած բողոքներին երկրի ներսում ու արտերկրում, Ալիևը համացանցի վրա ևս տարածեծ զրպարտության համար քրեական պատասխանատվության մասին օրենքի գործողությունը և խստացրեց ֆինանսական սահմանափակումները ոչ կառավարական կազմակերպությունների համար, այդ թվում խոսքի ազատության պաշտպան կազմակերպությունների համար: Հունիսին, փոխանակ հրապարակավ Ադրբեջանի նախագահի վրա դնելու պատասխանատվությունը մարդու իրավունքների խախտման ու մամուլի ազատության ոտնահարման համար, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն աջակցություն հայտնեց Ալիևին: Հոկտեմբերին բռնատեր ղեկավարը վերընտրվեց նախագահ արդեն երրորդ անգամ, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվեց գրանցել ընդդիմադիր թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը»,-նշում է Կոմիտեն:

«Արգելելով ֆոտոլրագրող Մեհման Հուսեյնովին մեկնել երկրից, ինչը թույլ չտվեց նրան միջազգային մրցանակ ստանալ Նորվեգիայում, Ադրբեջանի ԱԳՆ-ն կազմեց օտարերկրացի քաղաքացիների ցուցակ, որտեղ նաև 67 լրագրող կա ու ԶԼՄ-ների ներկայացուցիչ, որոնց արգելվում է մուտքը երկիր»,- ասվում է զեկույցում:

2013 թվականի օգոստոսի 2-ին Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հրապարակեց Արցախ այցելած 335 անձանց հայտնի «սև ցուցակը»: Ավելի ուշ Բաքվում կարծիքներ հնչեցին, որ ՎՈւԱՄ անդամ երկրները՝ Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան, պետք է «այդ երկրների «սև ցուցակների» փոխադարձ ուժի մասին համաձայնություն կնքեն, կամ էլ պայմանագիր ընդհանուր «սև ցուցակ» ստեղծելու մասին: Առաջարկվեց նաև նմանատիպ համաձայնագիր կնքել նաև Թուրքիայի հետ: Նշենք, որ իրենց անուններն այդ ցուցակում գտած անձանցից ոչ մեկը ափսոսանք չէր հայտնել Ղարաբաղ այցելելու համար: Հակառակը՝ միայն մեկ անգամ Արցախ այցելողները որոշեցին կրկնել այցը: Մարդիկ, որոնք չէին գտել իրենց անունները «սև ցուցակում», թեև եղել էին Ղարաբաղում, կոչ արեցին ադրբեջանական ԱԳՆ-ին շտկել սխալն ու անպայման իրենց «անցանկալի անձ» հայտարարել: Ցուցակում հայտնվել էին նաև մարդիկ, որոնք երբեք չէին եղել Արցախում, բայց այս պարագայում որոշեցին անպայման այցելել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---