Ստեփանակերտ. Ղարաբաղի շուրջ բանակցություններն արդյունավետ կլինեն միայն Հայաստան-ԼՂՀ-Ադրբեջան ձևաչափով

Ստեփանակերտ. Ղարաբաղի շուրջ բանակցություններն արդյունավետ կլինեն միայն Հայաստան-ԼՂՀ-Ադրբեջան ձևաչափով

PanARMENIAN.Net - Առանց Արցախի` բանակցային գործընթացի բոլոր փուլերի մասնակցության, անհնար է խոսել դրա արդյունավետության մասին, ասել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ Twitter-ի գրառումը, գրում է Panorama.am-ը:

Նախօրեին՝ փետրվարի 13-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում՝ կողմ արտահայտվելով Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման շուրջ լիարժեք բանակցությունների օգտին, գրել էր. «Կիպրոսցի հույներն ու թուրքերը հայտարարել են, որ սկսում են կարգավորմանն ուղղված լիարժեք բանակցություններ: Իսկ ինչո՞ւ նույնը չի կարելի անել Լեռնային Ղարաբաղի դեպքում»: Ուորլիքի գրառմանն անմիջապես արձագանքել է ԼՂՀ ԱԳՆ-ն. «Համաձայն ենք, որ ժամանակն է վերականգնել բանակցություններին ԼՂՀ լիարժեք մասնակցության ձևաչափը»:

«Առանց Արցախի` բանակցային գործընթացի բոլոր փուլերի մասնակցության, անհնար է խոսել գործընթացի արդյունավետության մասին: Այնպես չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցություններն ավարտեն ու ղարաբաղյան կողմը միայն փաստաթուղթ ստորագրելու ֆունկցիա ունենա: Որքան շուտ Արցախը ներգրավվի բանակցություններում, այնքան լավ բոլոր կողմերի համար: Այս տեսանկյունից, ամերիկացի համանախագահի հայտարարությունը շատ կարևոր մեսիջ էր»,- նշել է Բաբայանը:

Դավիթ Բաբայանը նաև ասել է, որ բանակցությունները պետք է ընթանան Հայաստան-Արցախ-Ադրբեջան` Բուդապեշտի գագաթնաժողովում ընդունված ձևաչափով, հակառակ դեպքում պետք չէ գործընթացում լուրջ արդյունք ակնկալել:

Բնականաբար, Ուորլիքի գրառմանը չէին կարող չարձագանքել նաև Ադրբեջանում՝ մեկնաբանելով նրա խոսքերն իրենց համար շահավետ տեսակետից: Այդպես, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը նշել է. «Հենց այդ պատճառով էլ մենք բանակցում ենք Երևանի հետ ղարաբաղյան կարգավորման շուրջ՝ համապարփակ խաղաղ համաձայնություն կնքելու նպատակով»: Աբդուլլաևը նաև ասել է, որ «խոսքը պետք է գնա Հայաստանի ու Ադրբեջանի միջև լիարժեք բանակցությունների մասին՝ ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ»: Ըստ Աբդուլլաևի, «այդպիսի լիարժեք բանակցություններն արդյունքում պետք է հանգեցնեն համապարփակ համաձայնության, որի մասին խոսում է Ադրբեջանը»:

Իր հերթին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության ու տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը նույնպես Twitter-ում գրել է, որ անհրաժեշտ է, որպեսզի «համանախագահը լրացուցիչ պարզաբանի իր դիրքորոշումը»:

«Ցավոք, որոշ անավարտ արտահայտություններ, որոնք պարզաբանման կարիք ունեն, երբեմն օգտագործվում են հասարակական կարծիքը շեղելու համար»,- գրել է Ասլանովն իր միկրոբլոգում, հայտնում է 1news.az-ը:

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---