Իսրայելյան Պետախ Տիկվայում մտադիր են Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան տեղադրել

Իսրայելյան Պետախ Տիկվայում մտադիր են Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան տեղադրել

PanARMENIAN.Net - Իսրայելի ամենաբազմամարդ հայ համայնքը բնակվում է Պետախ Տիկվայում: Հիմնականում այստեղ ապրում են այն հայերը, որոնք Իսրայելում են հաստատվել վերադարձի մասին օրենքով, ի տարբերություն Երուսաղեմի, որտեղ հայերը բնակվում են դարեր շարունակ: Ընդհանուր առմամբ Պետախ Տիկվայում հայերի քանակը հասնում է 2000-ի, ինչը բավականին մեծ թիվ է: Փետրվարի 11-ին հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են քաղաքապետ Իցհակ Բրավերմանի հետ:

Հանդիպմանը ներկա էին երեք հայկական՝ «Նաիրի», «Նոյան տապան» և «Արարատ» կազմակերպությունների ներկայացուցիչները: Նրանց ներկայացրել են քաղաքապետին, պայմանավորվել գործակցության մասին, ներկայացրել իրենց նախագծերը: «Նաիրիի» հիմնադիր Արտեմ Չերնոմորյանը, մասնավորապես, պատմել է այն Բարեպաշտ հայերի մասին, որոնք փրկել են հրեաներին նացիստներից Երկրորդ համաշխարհայինի տարիներին: «Նոյան տապանի» ներկայացուցիչներ Դավիթ Գալֆայանն ու Ռոբերտ Օհանյանը ներկայացրել են երեկոյան հայկական դպրոցի և հայկական պարերի ուսուցման խմբակի իրենց նախագծերը: «Արարատի» ներկայացուցիչ Սմբատ Մխիթարյանը և «Նոյան տապանի» ներկայացուցիչ Ռոբերտ Օհանյանը Իցհակ Բրավերմանի հետ քննարկել են քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի կանգնեցման հարցը:

Յադ Վաշեմի հուշահամալիրի «Խաղաղության բարեպաշտների» ցուցակում 10 հայ կա՝ Արա Ջերեձյան (1981), Երվանդ և Էլբիս Բերեքչյաններ (1982), Արամ և Ֆելիցիա Թաշչյաններ (1992), Ալբերտ և Մաքրուհի Ղուկասյաններ և նրանց դուստր Բերտան (1993), Քնարիկ Շահբազյան, Վարդան Մկրտչյան (1999), Գրիգոր Թաշչյանի ընտանիք (2002), Հարութ Քեշիշյան և Նատալիա Զագորույկո (2003), Աշխեն Հակոբյան (2010), Ջորջ Դիլսիզյան որդու՝ Անդրե-Գյուստավի հետ (2011):

1963-ի «Աշխարհի բարեպաշտների» հանձնաժողովի ստեղծումից հետո Երկրորդ համաշխարհայինի տարիներին հրեաների փրկության համար մեդալների է արժանացել 23 հազար մարդ աշխարհի 44 երկրից:

15 տարի շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցները՝ Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական խմբի անդամները, տարբեր խմբակցությունների պատգամավորները, փորձել են խորհրդարանի օրակարգում ընդգրկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: 2012-ին Քնեսեթում առաջին անգամ քննարկվել էր Ցեղասպանության ճանաչման հարցը: Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Քնեսեթում ներկայացրել էր Մերեց կուսակցությունը, այն հանձնվել էր կրթության, մշակույթի ու սպորտի հանձնաժողովի քննարկման:

Photo: commons.wikimedia.org
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---