ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարիներին ԱՄՆ օգնությանը նվիրված միջոցառում կանցնի

ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարիներին ԱՄՆ օգնությանը նվիրված միջոցառում կանցնի

PanARMENIAN.Net - Մարտի 3-ին ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, որը Հայոց ցեղասպանության վերաբերյալ H.Res.227 բանաձևի համահեղինակն է, միջոցառում կկազմակերպի Կապիտոլիումի բլին՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարիներին ԱՄՆ օգնությանը: Միջոցառումը կոչված է ծանոթացնելու օրենսդիրներին այդ արշավին, ինչպես նաև կոչ անել նրանց օգնել բոլոր նրանց, ով տառապում է աշխարհում:

Ամերիկյան օգնության ոգին ու կարեկցանքը Հայոց ցեղասպանության զոհերի հանդեպ խորհրդանշում է «Որբերի գորգը», որը գործել են Ցեղասպանությունից մազապուրծ որբ հայ աղջիկներն ամերիկյան որբանոցում և նվիրել են այն ի նշան երախտագիտության Սպիտակ տանը: Ցավոք, Ամերիկայի հանդեպ այդ երախտագիտության խորհրդանիշը մինչ օրս գտնվում է Սպիտակ տան պահոցում և չի ցուցադրվում: Այս դիրքորոշումը պատճառ հանդիսացավ, որ 2013 թվականի դեկտեմբերին նախատեսված ցուցադրությունը Սմիթսոնի ինստիտուտում չեղյալ համարվի, գրում է Asbarez-ը: «Ամերիկայի դերը հայերի ցեղասպանությունը վերապրածներին օգնելու հարցում դա պատմություն է, որի մասին արժե պատմել ու հիշել:

Կարևոր է նաև հիշեցնել քաղաքական գործիչներին այն զգալի դերակատարության մասին, որ ունեցել է ԱՄՆ-ն Առաջին համաշխարհայինի տարիներին, երբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը: Դա գրեթե 100 տարի առաջ էր և աղետալի մի իրադարձություն էր, ուստի բոլոր ժողովրդները պարտավոր են դաստիարակել իրենց քաղաքացիներին այդ փաստի իրողությունը հաշվի առնելով: Նման միջոցառումները, ընդգծելով Ամերիկայի կարևոր հումանիտար դերը, կարող են միայն նպաստել, որպեսզի գործընկերները կարևորեն Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչումը»,-ասել է Շիֆը:

Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանի, բոլոր ջանքերն ուղղված են Թուրքիայի մերժողական քաղաքականության կասեցմանը և Հայոց ցեղասպանության արդար կարգավորման համար ազնիվ պայքարում ԱՄՆ իրավացիությունը վերադարձնելուն: «Հենց այդ պատճառով է, ինչպես նաև բազում այլ պատճառներով, որ մենք երախտագիտություն ենք հայտնում կոնգրեսական Շիֆին այդ միջոցառման կազմակերպման համար: Մեր Կոնգրեսն ու մեր հանրությունն արժանի են տեսնելու ԱՄՆ օգնության ու Հայոց ցեղասպանության խորհրդանիշը»,-ասել է Համբարյանը:

Անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային «հայ որբերի գորգի» վերաբերյալ, որը պահվում է Սպիտակ տան պահոցում: Շիֆը բազմիցս է հորդորել հանձնել գորգը Սմիթսոնի ինստիտուտում ցուցադրության համար:

Նամակում Ադամ Շիֆը գրում է. «Ամերիկացիների մեծ մասը, այդ թվում նաև Կոնգրեսի իմ գործընկերները, չգիտեն ամերիկյան արձագանքների մասին Հայոց ցեղասպանությանը: Մեր երկիրն օգնել է փախստականներին ու վերապրածներին տարիներ շարունակ Ցեղասպանությունից հետո: 1925 թվականին հայ որբերի մի խումբ, որոնք ապրում էին Լիբանանի որբանոցում, գորգ է գործել՝ նվիրելով այն ԱՄՆ նախագահ Քալվին Կուլիջին: Մենք մտադիր ենք հրավիրել Ցեղասպանությունն վերապրած վկաներին, պատմաբաններին, հայ համայնքի ներկայացուցիչներին ու կոնգրեսականներին պատմելու համար Հայոց ցեղասպանության մասին և ցուցադրելով գորգը, որը խորհրդանշում է Ցեղասպանության ողբերգությունն ու հայ ժողովրդի վերածնունդը: Ես խնդրում եմ գորգը տրամադրել մեր միջոցառման համար»:

«Որբերի գորգը» հայ որբերի նվերն է որպես երախտագիտության նշան ԱՄՆ նախագահ Քալվին Կուլիջին Հայոց ցեղասպանությունից հետո: Երեխաներն այն գործել են 10 ամիս շարունակ, գորգն ունի 4,404,206 հանգույց: Թուրքիան ճնշում է գործադրում նախագահ Օբամայի վարչակազմի վրա, չեղյալ հայտարարելու համար Վաշինգտոնի Սմիթսոնի ինստիտուտում, հայ որբերի գործած գորգի ցուցադրությունը, որոնք վերապրելով Հայոց ցեղասպանությունը, նվիրել են այն որպես երախտագիտության նշան ամերիկացի բարերարներին ու ԱՄՆ նախագահ Քալվին Կուլիջին: Այժմ այն պահվում է Սպիտակ տանը ի թիվս ԱՄՆ նախագահների ստացած նվիրատվությունների:

Ամերիկյան օգնության կոմիտեն Մերձավոր Արևելքում (American Committee for Relief in the Near East, ACRNE) բարեգործական ընկերություն է, որը ստեղծվել է 1918 թվականին Մերձավոր Արևելքի երկրների պատերազմից տուժած ու կարիքավոր բնակչությանն օգնելու նպատակով: Հայաստանում գործել է 1919 թվականի մայիսից, երբ Հայաստանի կառավարության հետ պայմանավորվածությամբ ստանձնել է հայ որբերի հոգսերը հոգալու պարտավորությունը: Կազմակերպության գործունեությունը շարունակվեց նաև Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո: Որբերի ուսուցումն ու դաստիարակությունը իրականացվում էր ժողկրթության մարմինների հսկողությամբ: 1916-26 թթ. Հայաստանում ու Մերձավոր Արևելքի հայաշատ վայրերում որբանոցներ էր ֆինանսավորում և բարեգործական ծրագրեր էր իրականացնում նաև Անգլիական օգնության կոմիտեն:

Photo: Getty Images
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---