ԱՄՆ Կոնգրեսի անդամները դատապարտել են Սումգայիթում հայկական ջարդերը

ԱՄՆ Կոնգրեսի անդամները դատապարտել են Սումգայիթում հայկական ջարդերը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էդ Ռոյսն իր գործընկերներ Բրեդ Շերմանի, Թոնի Քարդենասի, Աննա Էշուի և Քեթրին Քլարքի հետ միասին հանդես է եկել հայտարարությամբ ադրբեջանական Սումգայիթում 26 տարի առաջ հայկական ջարդերի կապակցությամբ: Նրանք դատապարտել են հայերի հանդեպ բռնությունն ու ահաբեկումը, որը շարունակում է Իլհամ Ալիևի կառավարությունը, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

«26 տարի առաջ հրեշները Սումգայիթում հայ բնակչության դաժան ջարդ կազմակերպեցին: Ավազակները սպանում էին հայերին փողոցներում և նրանց տներում: Զոհերի թիվը հարյուրների էր հասնում»,- հայտարարել է Ռոյսը: Նա նշել է, որ այս ողբերգական տարելիցի օրը, երբ մարդիկ սգում են անմեղ զոհերի հիշատակը, ԱՄՆ կոնգրեսականները հիշում են Ղարաբաղում շարունակվող հակամարտության մասին:

«Ադրբեջանի քաղաքական ղեկավարները մշտապես պատերազմ սանձազերծելու կոչեր են անում, սահմանագծին բախումներ հրահրում: Շատ կարևոր է, որպեսզի Ադրբեջանի առաջնորդները ձեռնպահ մնան սադրիչ հայտարարություններից: Պարտավորվում ենք նպաստել Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղության հաստատման գործում արդյունավետ բանակցություններին»,- ասել է նա:

Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը, հիշելով Սումգայիթում, Կիրովաբադում ու Բաքվում արյունալի ջարդերը, ասել է. «Եթե մտադիր ենք կասեցնել ապագայում զանգվածային սպանությունները, պետք է ճանաչենք այդ սարսափելի իրադարձություններն ու համոզվենք, որ դրանք չեն կրկնվի: Ադրբեջանում ազգային զտումների ճանաչումը կարևոր քայլ է: Սակայն պետք է ավելին անենք՝ ցույց տանք Ադրբեջանին, որ ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանն ու Արցախի պաշտպանությանը պարտադրանքից»:

Իր հերթին կոնգրեսական Թոնի Քարդենասը հիշեցրել է, որ ազերիների վայրագությունները Սումգայիթում փաստագրված են: «The New York Times-ը 1988-ի մայիսի 22-ին գրել էր հղի հայ կնոջ մասին, որի փորը ճղել են ու հանել երեխային: Երկու ամիս դրանից առաջ The Washington Post-ը գրել էև, որ հայերին մաշկահան էին անում, կանանց բռնաբարում ու այրում: Այդ վայրագությունները ներկայացվել են կոնգրեսականներին, որոնք դատապարտել են ոճրագործությունները:

Ադրբեջանի իշխանությունների անգործությունն ու ջարդերը կասեցնելու մեր անկարողությունը հանգեցրին նրան, որ հայերի դեմ թշնամանքի մեծ ալիք բարձրացավ: Ղարաբաղից դեպի արևելք ադրբեջանական ուժերը շարունակում են անտեսել հրադադարի ռեժիմը, որը հաստատվել էր 1994-ին: Ռամիլ Սաֆարովը, ով 2004-ին Բուդապեշտում կացնովգլխատել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, տուն դարձավ որպես հերոս ու հայրենասիրության «օրինակ» ադրբեջանցի երիտասարդների համար, ասել էր Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան: Այդ ընթացքում Ալիևը շարունակում է իր լկտի հայտարարությունները, հայերին մշտապես ազերիների թշնամիներ հռչակելով՝ միտում ունենալով միավորել Ադրբեջանի հասարակությանը»,- ասել է Քարդենասը:

Նա հիշեցրել է գրող Աքրամ Այլիսլիի հալածանքների մասին, որը կարողացել է անաչառ կերպով ներկայացնել հակամարտությունը: «Գրողը հետապնդումների զոհ դարձավ, որոնք կարող էին տեղինլինել միջնադարյան Եվրոպայում: Նրա գրքերն այրվեցին, զրկվեց ազգային գրական պարգևներից, իսկ բարձրաստիճան քաղաքական գործիչը 13 000 դոլար խոստացավ նրան, ով կկտրի գրողի ականջը:

Գործընկերներիս ու ամերիկացիներին հորդորում եմմիանալ ինձ՝ դատապրտելով շարունակվող բռնություններն ու անարդարությունը և շարունակել ջանքերը, որպեսզի նման բան այլևս չկրկնվի»,- ասել է Քարդենասը:

Այլիսլիի «Քարե երազանքներ» գիրքը հրապարակվել է 2012-ին ռուսերեն լեզվով, ադրբեջաներեն այն լույս չի տեսել: Գործողությունը կատարվում է Բաքվում ԽՍՀՄ վերջին տարիներին, հերոսները հիշում են Այլիս գյուղումնախկին կյանքը, որտեղ հայեր ու ազերիներ են ապրել:

Հեղինակին քննադատել էին Բաքվում հայերի սպանություններին անդրադառնալու համար: Շուտով սկսվել էր նրա հալածանքն Ադրբեջանում՝ մեղադրել էին սեփական ժողովրդի դավաճանության մեջ: Նրա դեմ հանրահավաքներ էին կազմակերպվել, հրկիզել նրա գրքերը: Նախագահ Ալիևը գրողին զրկել էր ժողովրդական գրողի կոչումից ու նախագահական թոշակից: Իսկ Ժամանակակից մուսավաթ կուսակցությունը նույնիսկ պարգև խոստացել նրան, ով կկտրի գրողի ականջը:

Սումգայիթի ջարդերի 26-րդ տարելիցի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգևարքեպիսկոպոս Մարտիրոսյանի ու հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը ոգեկոչվել է Հայաստանի դեսպանություններում ու Սփյուռքի տարբեր գաղթօջախներում:

Photo: Asbarez
Հղումներ թեմայով.
Հայերի ջարդերը Սումգայիթում

1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---