Խորհրդարանականներն ուղևորվել են Լաթաքիա․ ԼՂՀ ԱԺ պատգամավորն առաջարկում է զինված խմբեր ձևավորել (թարմացված)

Խորհրդարանականներն ուղևորվել են Լաթաքիա․ ԼՂՀ ԱԺ պատգամավորն առաջարկում է զինված խմբեր ձևավորել (թարմացված)

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ մարտի 25-ին, խորհրդարանում հաստատել է, որ Լաթաքիա ուղևորվելու նպատակով մի խումբ պատգամավորներ են մեկնել Սիրիա: ԱԺ նախագահը հստակեցրել է, որ պատվիրակության կազմում են ոչ միայն հանրապետականներ Սամվել ֆարմանյանը, Լևոն Մարտիրոսյանը, Արման Սահակյանն ու Նաիրա Կարապետյանը, այլև «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Խորհրդարանի խոսնակի խոսքով` պատգամավորները տեղում կծանոթանան իրավիճակին, իսկ վերադառնալուն պես այն կներկայացնեն Ազգային Ժողովին, գրում է Panorama.am-ը:

Արդեն մի քանի օր է Քեսաբում ողբերգական իրադարձություններ են ծավալվում: Թուրքական կողմը, խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծել է հայկական գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացել ապստամբների համար, որ նրանք գրավեն հայաբնակ շրջանը: Քեսաբը Սիրիայի ու Թուրքիայի սահմանին է, այնտեղ հազարավոր հայեր են ապրում, կան հայաբնակ բնակավայրեր, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ ու հիվանդանոցներ:

Այսօր նաև ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախյան պատերազմի ժամանակ Հադրութի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանն է հանդես եկել Քեսաբի հայերին պաշտպանելու նպատակով զինված խմբեր ձևավորելու առաջարկով: Ըստ նրա, Քեսապի հայերին օգնելը Հայաստանի և հայերի արժանապատվության հարցն է, գրում է «Սիվիլնեթ»-ը

«Դա պետք է կազմակերպվի այնպես, ինչպես 1990-1993 թթ. Արցախյան պատերազմի ժամանակ էր, ինչպես տարբեր պետություններում ապրող հայերը եկան և այստեղ պաշտպանեցին մեզ»,- ասել է Բադասյանը։ Նա անձամբ պատրաստ է գլխավորել Քեսաբի գյուղերի պաշտպանության համար ձևավորվելիք միավորումները և մեկնել գործողությունների վայր: Անդրադառնալով հարցին, թե որտեղից են պատրաստվում պաշտպանությունը կազմակերպելու համար ձեռք բերել զենք-զինամթերք, նշել է, թե զինամթերքի հարցը զուտ տեխնիկական խնդիր է և այն կարելի է գտնել հենց Սիրիայում: Նա ասել է, որ մարտի 26-ին պատրաստվում է դիմել Հայաստանում Սիրիայի դեսպանատուն` այդ երկիր մեկնելու թույլտվություն ստանալու համար:

Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթակիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: «Բազում հայ ընտանիքներ ապրում են Լաթակիայում հարազատների ու բարեկամների մոտ, ոմանք ապաստան են գտել հայկական եկեղեցում: Հալեպի թեմը և Սիրիայի Կարմիր Մահիկի կազմակերպությունն օգություն են ցուցաբերում փախստականներին»,- ասել է Լաթակիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ներսես Սարգսյանը:

Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Ըստ Սարգսյանի, ապստամբները Սիրիա են ներթափանցել Թուրքիայից և աջակցություն են ստանում թուրք զինվորականներից: Վիրավոր գրոհայինները տեղափոխվում են Թուրքիա բուժման նպատակով:

Քեսապը գրաված սիրիացի ապստամբները հայտարարություն են տարածել՝ վստահեցնելով, որ հարգելու են միջազգային մարդասիրական իրավունքը և հետապնդելու են միայն ռազմական թիրախներ:

Իրենց ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում նրանք Սիրիայի ծովափնյա շրջանների բնակչությանը կոչ են արել չանհանգստանալ:

«Վստահեցնում ենք, որ մենք պահպանելու, հարգելու և օգնելու ենք բոլոր այն քաղաքացիներին, որոնց ձեռքերն անմեղների արյունով չեն կեղտոտվել»,- ասված է հայտարարությունում:

«Սիրիայի ժողովրդի շահերն ու նրանց բարեկեցությունը մեր ծայրահեղ առաջնահերթությունն է։ Այդ պատճառով պարտավոր ենք հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և հետապնդում ենք միայն ռազմական թիրախներ, խուսափում թիրախավորել քաղաքացիական օբյեկտները, ինչպիսիք են դպրոցները, հիվանդանոցները, պաշտամունքի վայրերը և բնակելի տները: Հանձնառու ենք հեշտացնելու մարդասիրական օգնության տեղափոխումը և բնակելի տարածքներում միջազգայնորեն արգելված զենքեր չօգտագործել: Վստահեցնում ենք, որ ազնիվ այս սկզբունքները բխում են իսլամական շարիաթից, և մեր դռները բաց են նրանց համար, ովքեր ուզում են մեզ հետ կապվել վերը նշված կամ որևէ այլ հարցում գործակցելու համար, որը կծառայի մեր սիրելի երկրի՝ Սիրիայի շահերին»:

Հայտարարության տակ ստորագրել են ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառված «Ալ Նուսրա» ջոկատը, որը հովանավորվում է Կատարի կողմից, ինչպես նաև «Շամ ալ Իսլամ» և «Անսար աշ Շամ» զինյալ ընդդիմադիր խմբավորումները:

Քեսաբում ծայրահեղականների իրականացրած ահաբեկչական գործողությունները դատապարտել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Երեկ Գարեգին Բ-ն հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա-ի հետ: Կաթողիկոսն իր խորը մտահոգությունն է արտահայտել կատարվածի առնչությամբ և դատապարտել Քեսաբի խաղաղ բնակչության նկատմամբ ծայրահեղականների իրականացրած ահաբեկչական գործողությունները, որոնց աջակցում է Թուրքիան:

Քեսաբում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Վեհափառ Հայրապետը հեռախոսազրույց է ունեցել նաև Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ:

Գարեգին Բ-ն Մայր Աթոռում հրավիրված խորհրդակցության ընթացքում հաստատել է, որ Էջմիածինը աշխարհասփյուռ իր թեմական կառույցներով շարունակելու է իր աջակցությունը սիրիահայությանը:

Ավելի վաղ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին՝ կոչ անելով պարտադրել Թուրքիային դադարեցնել աջակցությունը գրոհայիններին, որոնք հարձակվել են սիրիական հայաբնակ Քեսաբի վրա:

ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին հասցեագրված նամակում ANCA նախագահ Քեն Խաչիկյանը կոչ է արել Օբամային հանձնարարել ԱՄՆ պետքարտուղարին, Թուրքիայում ԱՄՆ դեսպանին և ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչին կասեցնել Քեսաբի վրա հարձակումները, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության բռնագաղթի, թալանի ու եկեղեցիների պղծման:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները դիմել են նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության և արտաքին գործերի հանձնախմբի անդամներին, որպեսզի նրանք, օգտագործելով Կոնգրեսի ազդեցությունը, վերջ տան Թուրքիայի մասնակցությանը Քեսաբի ոչնչացմանը: «Հարձակումները Քեսաբի հայության դեմ փաստացի հարձակումներ են բոլոր հայերի վրա»,- նշել է Խաչիկյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում մամուլի համար հայտարարություն էր արել։ Նախագահն իր մտահոգությունն էր հայտնել վերջին իրադարձությունների կապակցությամբ` հիշelwv Քեսաբի պատմությունը, «որը վերջին հարյուրամյակի ընթացքում հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով»:

«Քեսաբի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունն ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է: Կարծում եմ՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնըստինքյան առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն բոլոր կողմերի համար»,- ընդգծել էր նախագահ Սարգսյանը:

Երկրի ղեկավարը հանձնարարել է ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---